Saturday, April 20, 2024
ՆորություններԺամանց

10 ֆիլմ, որ թելադրեցին նորաձևություն

Բարև Տիտանիկը, Մեծն Գեթսբին, Կնքահայրն ու այլ հայտնի ֆիլմերը դիտած, նույնիսկ երկխոսությունները անգիր հիշող ընթերցող:

Մեզ մեկ-մեկ գուցե թվա` դիզայներներն ու մոդելավորողները մեզ «հասած» հագուստը ստեղծում են իրենց երևակայության մեջ, մտքերում կամ գոնե ինչ-որ դետալ նկատելով: Արի ու տես, որ մեր հագուստների թրենդերն ու մոդայիկ լուքերը ձևավորվում են ոչ միայն այս ճանապարհով, այլ անմիջականորեն կապ ունեն ֆիլմերի, սերիալների, տեսահոլովակների թելադրած թրենդերի հետ, իսկ հաճախ էլ` հենց այդտեղից էլ վերցվում են ու դառնում թրենդ:

Այսօր պատմելու ենք նորաձևությունը «հեղափոխած» 10 ֆիլմի մասին, որտեղ հաստատ կգտնես քո սիրելի դերասանին, քո սիրելի հագուստը, սանրվածքն ու էլի շատ դետալներ:

1․ Great Gatsby (Մեծն Գեթսբին)

2013 թվականին թողարկված Great Gatsby ֆիլմի ադապտացիան Լեոնարդո Դիկապրիոյի մասնակցությամբ, անշուշտ, նորաձևության շոուի պես մի բան էր: Ֆիլմի արձագանքներից անմիջապես հետո մենք տեսանք կանանց մե՜ծ խմբեր` ծոպավոր, փայլուն հագուստներով, կզակին հասնող, կարճ սանրվածքներով:

2․ Goldfinger (Գոլդֆինգեր կամ «Ոսկե մատ»)

Ինչպես Բոնդի բոլոր ֆիլմերում, այստեղ ևս կոստյումները «գլխավոր դերում են» և հաճախ են հանդիպում նորաձևության մեջ: «Goldfinger»-ը, այնուամենայնիվ, ոճով աչքի ընկնող ֆիլմ է, որտեղ Ջեյմս Բոնդն ինքը փորձում է կրկնօրինակել իր` “Casino Royale” ֆիլմում կրած խորհրդանշական մոխրագույն կոստյումը:

 

3․ The Godfather (Կնքահայրը)

Դե, այս ֆիլմի` հագուստի նորաձևության մեջ թողած անջնջելի հետքից բացի արժե խոսել մեկ այլ կարևոր երևույթի` «մոդայիկացման» մասին: 70-ականների և 80-ականների շատ ֆիլմերում գանգստերները, հանցավոր աշխարհի ներկայացուցիչները, կազմակերպությունները ներկայացված էին որպես ոճ թելադրող, էլեգանտ և հարգանքի, ակնածանքի արժանի մարդիկ կամ կառույցներ: Սրանով պայմանավորվեցին նաև կոստյումների այնպիսի լայնամասշտաբ կիրառումը, որը թույլ կտար կրողին մի քիչ նմանվել Պաչինոյին:

4. Breakfast At Tiffany’s (Նախաճաշ Թիֆանիի մոտ)

Օդրի Հեփբերնի կերտած կերպարի` Հոլլիի  հանդերձանքի գեղագիտական գրեթե բոլոր տարրերը դարձան թրենդային:

Շեկ գծավոր մազերը, կապույտ ջինսեր և մոխրագույն սվիտեր, ակնոցներ, սև զգեստներ, հավաքած սանրվածք:

10 ֆիլմ, որ թելադրեցին նորաձևություն

5․ The devil wears Prada (Սատանան կրում է Prada)

Սա պարզապես նորաձևության մասին պատմող ֆիլմ չէ, սա ֆիլմ-նորաձևություն է:

Chanel ու լիքը Chanel, էլեգանտ կոստյումներ, բարձրակրունկներ, շապիկներ, պայուսակներ ու պարզունակ, բայց շքեղ լուքեր. ահա ֆիլմի` նորաձևության մեջ մտցրած թրենդերը:

6. The Seven-Year Itch (Յոթերորդ տարվա քոր)

Հոլիվուդյան ամենահայտնի ու ցանկալի շիկահեր Մերլին Մոնրոն՝  կատվանման սևաներկով ուրվագծված աչքերով, կարմրավուն շրթունքներով և շեկ մազերով, գեղեցկության նոր չափանիշ սահմանեց: Դերասանուհու սպիտակ զգեստով լուսանկարը հազարավոր վայրերում արդեն գտել է իր ուրույն տեղը` որպես թանգարանային նմուշ և հազարավոր հայացքներ է իր վրա սևեռում:

7. Annie Hall (Էննի Հոլլ)

Ֆիլմի թելադրած նորաձևությունը կոտրեց տղամարդկանց և կանանց հագուստների միջև եղած արգելքներն ու տարբերությունները, որոնք նախկինում առկա էին: Փոխանակ հավատարիմ մնալու տարածված կարծրատիպին, թե կինը կանացի է միայն շրջազգեստով կամ կանացի զարդապարագաներով, Դայան Քիթոնի զգեստապահարանը հիմնականում բաղկացած էր տղամարդկանց հագուստից, ինչպիսիք են տաբատները, փողկապները և գործնական վերնաշապիկները:

8. Clueless (Անմիտը)

Դպրոցահասակ Շերի և Դիոնի հանդերձանքն այնքան տպավորիչ է, որ այսօր էլ իր ուրույն տեղն է գրավում որոշ բլոգերի և հոդվածների նկարների շարքում: Այս ֆիլմը մեզ «նվիրեց»  վերնաշապիկներ, վանդակավոր կիսաշրջազգեստներ և երկար գուլպաներ: Այնքան ծանոթ ու հարազատ հանդերձանք է, չէ՞:

9․ The Matrix (Մատրիցա)

Գուցե զարմանալի թվա, բայց ֆիլմն ամբողջությամբ նորաձևության հեղաշրջում է: Սև նեյլոնե բաճկոնները, կաշվե գոտիները, փոքրիկ արևային ակնոցները եկան լրացնելու բարձր նորաձևություն ներկայացնող պոդիումներն ու նույնիսկ ավելին` մտան մեր առօրյա կյանք:

10․ Bonnie and Clyde (Բոննի և Քլայդ)

Կոստյումների դիզայներ Թեադորա Վան Ռանկլը Ֆեյ Դանաուեյի կերտած Բոնի Փարքերի հանդերձանքում շեշտադրել է V-աձև պարանոցով սվիտերը, բաճկոնը և բերետը: Այսպիսի բերետի վաճառքը միայն ֆրանսիական փոքրիկ բուտիկներում ֆիլմի ցուցադրման ժամանակահատվածում  5000-ից հասել է 12000-ի:

www.yerevanmall.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook