Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

5 վտանգավոր հիվանդություն, որոնք կարող են երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի

Ցանկացած հիվանդության դեպքում օրգանիզմը հուշում է որոշակի ախտանշանների միջոցով, սակայն լինում են դեպքեր, երբ հիվանդությունը զարգանում է առանց որևէ ակնհայտ ախտանշանի, ինչը զգալիորեն բարդացնում է ախտորոշման ու հետագա բուժման ընթացքը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 վտանգավոր հիվանդություն, որոնք կարող են երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի:

Շաքարային դիաբետ

 Շաքարային դիաբետի զարգացման վաղ փուլերում հիվանդի արյան մեջ շաքարի մակարդակը կարող է լինել նորմայի սահմաններում: Մասնագետների խոսքով՝ նոր զարգացող շաքարային դիաբետը գրեթե չի դրսևորվում որևէ ակնհայտ ախտանշանով, իսկ ի հայտ եկած արտասովոր ախտանշանները վերագրվում են այլ խնդիրներին: Օրինակ՝ նման դեպքերում մարդիկ հաճախ են բախվում բերանի չորության, տեսողության վատթարացման ու հաճախամիզության խնդրին, սակայն հազվադեպ են ուշադրություն դարձնում դրանց:

Այս հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել պարանոցի ու թևատակերի մաշկի գույնին, քանի որ շաքարային դիաբետի դեպքում այդ հատվածների մաշկն ավելի մուգ երանգ է ձեռք բերում:

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ

Վիճակագրական տվյալներով՝ այս խանգարումը հանդիպում է յուրաքանչյուր 10-րդ կնոջ մոտ: Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի դեպքում կնոջ օրգանիզմում արտադրվում է չափազանց մեծ քանակությամբ տղամարդկանց օրգանիզմին բնորոշ հորմոններ, ինչն ազդում է դաշտանային ցիկլի և ձվազատման գործընթացների վրա: Այս խանգարումը որևէ ակնհայտ ախտանշանով չի դրսևորվում, սակայն սեփական մարմնի նկատմամբ շատ ուշադիր լինելու դեպքում կինը կարող է որոշ փոփոխություններ նկատել: Այս համախտանիշի դեպքում կարող են նկատվել բշտիկներ, մազերի բարակում, անցանկալի մազածածկույթ մարմնի տարբեր հատվածներում, ինչպես նաև դաշտանային ցիկլի խանգարումներ:

Զարկերակային գերճնշում

Բժիշկների խոսքով՝ հիվանդների 50%-ը գլխի չի ընկնում զարկերակային գերճնշման զարգացման մասին, քանի որ հիվանդությունը կարող է երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի: Նման «լուռ» հիվանդությունը կարող է մի օր դրսևորվել երիկամների հիվանդությունների, սրտամկանի ինֆարկտի կամ գլխուղեղի կաթվածի տեսքով, և հենց սա է պատճառը, որ անգամ լավ ինքնազգացողության դեպքում հարկավոր է անպայման ժամանակ առ ժամանակ ստուգել զարկերակային ճնշումն ու պահել այն վերահսկողության տակ:

Գլաուկոմա

Այս վտանգավոր հիվանդությունը, որը կարող է հանգեցնել կուրության, զարգանում է շատ դանդաղ, ինչի հետևանքով աննկատ է մնում հիվանդի համար: Այս հիվանդության զարգացման բարձր հավանականությունը կարելի է նկատել միայն ժամանակ առ ժամանակ բուժզննում անցնելով: Ընդ որում, այս պրոֆիլակտիկ ստուգումները հատկապես կարևոր են 45 տարեկանից բարձր անձանց համար:

Թոքերի քաղցկեղ

Սա քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկն է, որը որևէ ախտանշանով չի դրսևորվում մինչև մետաստազների ի հայտ գալը: Ընդ որում, այն կարող է առաջանալ անգամ երբևէ ծխախոտ չօգտագործած մարդկանց մոտ, ուստի հարկավոր է միշտ զգոն լինել: Սա է պատճառը, որ կրծքավանդակում ցավերի առկայության, «աղմկոտ» շնչառության, օդի պակասի և նմանատիպ այլ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման բուժզննում անցնել:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook