Friday, March 29, 2024
DiseasesNews

Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԵԼ ՎԱՀԱՆԱՁԵՒ ԳԵՂՁԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում տարբեր մասնագետների կարծիքները՝ վահանաձեւ գեղձի զանազան ախտահարումների դեպքում վիրահատության ցուցման եւ նաեւ վիրահատության օպտիմալ ծավալի ընտրության վերաբերյալ, բավականին տարբերվում են: Թե ո՞ր դեպքերում են ցուցված վիրահատություններ եւ ո՞ր դեպքերում կարելի է բավարարվել կոնսերվատիվ մեթոդներով, NEWS.am Medicine-ին օգնեց հասկանալ «Աստղիկ» ԲԿ էնդոկրին վիրաբուժական ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանը: Նա նշեց, որ տարաձայնություն գոյություն ունի ոչ միայն Հայաստանի էնդոկրինոլոգների եւ վիրաբույժների միջեւ, վահանաձեւ գեղձի հիվանդությունների բուժման հարցում տարբերվում են նաեւ աշխարհի տարբեր երկրների մասնագետների մոտեցումները: Դա պայմանավորված է ինչպես տեխնոլոգիական զարգմացման աստիճանով, այնպես էլ հանրային գիտակցությամբ: Օրինակ` Ճապոնիայում, նրա խոսքով, պահպանվում է բուժման առավել կոնսերվատիվ մեթոդը: Նույնիսկ չարորակ ուռուցքի առկայության դեպքում վահանաձեւ գեղձն ամողջությամբ չի հեռացվում, հեռացվում է միայն ուռուցք պարունակող հատվածը, որից հետո հիվանդը գտնվում է բժշկի մշտական հսկողության ներքո: Մեզ մոտ, հաշվի առնելով սոցիալական վիճակը եւ պացիենտների գիտակցության աստիճանը, այդ դեպքերում սովորաբար գեղձը հեռացվում է ամբողջությամբ: Աշխարհում կարծիքները, Արմեն Վարժապետյանի պարզաբանմամբ, տարբերվում են նաեւ դիֆուզային թունավոր խպիպի բուժման հարցում: Մասնավորապես, զարգացած երկրներում, եթե դեղորայքային թերապիան արդյունավետ չէ, կիրառվում է թանկարժեք մեթոդ` ռադիոյոդոթերապիա, որը բուժման առաջնային մեթոդն է, իսկ եթե ինչ-որ պատճառով անհնարին է կիրառել այն, ապա, իբրեւ երկրորդային միջոց, կատարվում է վիրահատություն: Հայաստանում ռադիոյոդոթերապիայի մեթոդը դեռեւս ներմուծված չէ, հետեւաբար նման դեպքերում ընտրելի մեթոդն այստեղ վիրահատությունն է: Այնուամենայնիվ, չնայած տարաձայնություններին, բժշկի խոսքով՝ զարգացած երկրներում մշակված ուղեցույցների հիմքով կարելի է որոշել վիրահատության ճշգրիտ ցուցումները, ինչպես որ վարվում են «Աստղիկ» ԲԿ-ում: Հանգույցների առկայության դեպքում ե՞րբ պետք է վիրահատել վահանաձեւ գեղձը: Նախեւառաջ հարկավոր է պարզել հանգույցների բնույթը եւ ծագումնաբանությունը` բարորակ կամ չարորակ լինելը: Նախքան վիրահատությունը դա հնարավոր է կատարել նրբասեղային պունկցիոն բիոպսիայի մեթոդով: Եթե ուռուցքը չարորակ է, ապա, իհարկե, պետք է վիրահատել՝ հեռացնել վահանաձեւ գեղձը: Եթե հանգույցը բարորակ է, ապա այդ դեպքում կարեւոր է հստակեցնել, թե հանգույցը որքանով է խանգարում հիվանդին: Եթե նա բողոք չունի, ապա վիրահատությունը ցուցված չէ: Իսկ եթե ուռուցքը խանգարում է, ճնշում է հարեւան օրգաններին` շնչափողին, կերակրափողին, քնային զարկերակին, լծային երակին եւ այլն, պատճառ է դառնում հազի, կլլման ակտի խանգարման, գլխապտույտի եւ այլնն, ապա այդ դեպքում որոշվում է վիրահատել հիվանդին: Դիֆուզային թունավոր խպիպ  Կոնսերվատիվ թերապիայի անարդյունավետության դեպքում անհրաժեշտ է դադարեցնել այն և հստակեցնել վիրահատության ցուցումները: Վահանաձեւ գեղձը հեռացնելուց հետո բոլոր հիվանդներին նշանակվում է փոխարինիչ հորմոնալ թերապիա: Ըստ Արմեն Վարժապետյանի՝ որոշ դեպքերում իրավացի են էնդոկրինոլոգները, երբ մեղադրում են վիրաբույժներին`արմատական մեթոդներին չափազանց հակված լինելու համար: Սակայն էնդոկրինոլոգները, ձգտելով ամեն ինչ բուժել կոնսերվատիվ եղենակով, երբեմն դառնում են մեղավորն այն բանի, որ չարորակ ուռուցքներով հիվանդները շատ ուշ են դիմում վիրաբույժին: «Մենք` որպես էնդոկրին վիրաբույժներ, որոշակի դեպքերում մի կողմից զսպում ենք ընդհանուր վիրաբույժների ագրեսիվությունը, եւ չենք համաձայնում կատարել վիրահատություն, եթե դրա կարիքը չկա, մյուս կողմից կանխում ենք էնդոկրինոլոգների պասիվությունը։ Լավագույն արդյունքների, ինչպես ցույց է տալիս փորձը, կարելի է հասնել միայն այն բոլոր մասնագետների սերտ համագործակցությամբ, ովքեր աշխատում են ինչպես դիագնոստիկ, այնպես էլ բուժական փուլերում»,- ընգծեց նա: Նյութի աղբյուրը՝ thyroid.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook