Четверг, 28 марта, 2024
НовостиՏուրիտական նորություններЗдоровый образ жизни

Կարմրուկ, աղիքային հիվանդություններ. ինչ անել ճանապարհորդելուց առաջ

Lragir.am-ի հարցերին պատասխանել է Իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը

Տիկին Սահակյան, հանգստի սեզոնին Հայաստանից շատերն են մեկնում Վրաստան: Ըստ տեղեկությունների՝ այնտեղ կարմրուկի համաճարակը շարունակվում է: Ի՞նչ տեղեկություն կտրամադրեք, արդյոք ՀՀ քաղաքացիները պատշաճ իրազեկված են այդ մասին:

Նախորդ տարվանից այդ աղմուկը իրենք են բարձրացրել: Եթե անկեղծ լինեմ, ես հատուկ չէի շեշտադրի Վրաստանը, որովհետև եվրոպական երկրների և Ուկրաինայի համեմատ այս պահին Վրաստանում իրավիճակը համեմատաբար բարվոք է: Ճիշտ է, իրենք դեռևս նախորդ տարվանից հայտարարել էին, որ իրենց մոտ համաճարակային իրավիճակը կարմրուկի առումով սուր է, բայց մենք տեղյակ ենք, որ նախորդ տարվա անհանգստացնող իրավիճակը չէ: Եթե համեմատենք եվրոպական երկրների հետ, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բուլղարիան, Վրաստանի իրավիճակն այդքան էլ վտանագավոր չէ:

Բայց եթե անգամ հատուկենտ դեպքեր են գրանցվում, կապ չունի, իրենց հանգիստը կազմակերպողները բոլոր դեպքերում պետք է նկատի ունենան, որ մեկնում են այլ երկիր, որտեղ համաճարակային իրավիճակն անհանգիստ է և պետք է իրենք պատրաստ լիենեն դրան: Մեկնողները պետք է այնպես անեն, որ իրենց հանգիստն անհանգստություն չդառնա:

Պատրաստ լինելը պատվաստվե՞լն է:

Այո, կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստում: Եթե երեխաներ կան մեկնողների թվում, ովքեր ունեն պլանային պատվաստումներ, ճանապարհորդելու հետ կապված կարող են որոշ ժամանակահատված առաջ պատվաստվել: Այդ թույլտվությունը երկրում գործում է, որ ճանապարհորդներին թույլատրվում է մի փոքր շուտ իրենց պատվաստումն ստանալ: Իսկ եթե մեծահասակ է, ով չի հիշում իր պատվաստումային կարգավիճակի մասին, բոլոր դեպքերում ճանապարհորդներին առաջարկվում է երկու դեղաչափ, բայց մեկնելուց առաջ գոնե մեկ դեղաչափ կարող են պատվաստվել, որը 95 տոկոս պաշտպանվածություն կապահովի:

Մեր սահմանային կետերում պատշաճ հսկողություն կա՞, որպեսզի նշված երկրներից վարակը չներթափանցի Հայաստան:

Սահամանային անցումային կետերում հսկողություն իրականացնելն Առողջապահության նախարարության լիազորություններից դուրս է: Դա տեսչական մարմնի գործառույթն է, բայց մարդիկ երկրից դուրս գալուց կամ մուտք գործելիս սահմանային անցումային կետում կարող են չիմանալ, որ իրենց առողջության նկատմամբ հսկողություն է սահմանվում, որվհետև այնտեղ կան ջերմակառավարման հսկողության սարքավորումներ, որոնք միանգամից ֆիքսում են, եթե մարդու մոտ կա ջերմության բարձրացում: Բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ դա այնքան էլ արդյունավետ միջոց չէ, քանի որ անձը, եթե վատ է զգում, ջերմություն ունի սահմանն անցնելիս կարող է դեղամիջոց օգտագործել, ջերմությունը կարգավորվի, նոր անցնի սահմանը:

Սա շատ սուբյեկտիվ, ոչ արդյունավետ միջոցառում է: Ամենաճիշտն այն է, որ քաղաքացին իր առողջության մասին հոգա և իր հանգիստը կազմակերպելուց ամեն միջոց ձեռնարկի, որպեսզի խնդիրներ չլինեն: Նախքան մեկնելը պետք է տվյալ երկրի համաճարակային վիճակն ուսումնասիրեն, թե տվյալ երկիրն ինչ հիվանդությունների առումով է անբարենպաստ վիճակում: Եվ ըստ այդմ մարդիկ պետք է նախապատրաստված դուրս գալ:

Իսկ հասարակությունը բավարար չափով իրազեկվա՞ծ է:

Բավական ակտիվացել է մեր բնակչությունը, մենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում ունենք ճանապարհորդների կաբինետ, և ըստ դիմելության կարող ենք ասել, որ մարդիկ ակտիվ են: Այդ կաբինետում և ճանապարհորդների պատվաստումներ են կազմակերպվում, և խորհրդատվություն ու տեղեկատվություն է տրամադրվում մարդկանց ըստ երկրների: Մենք պարբերաբար հաղոդրումներ ենք պատրաստում, տեղեկատվություն ենք հրապարակում, մամուլի ասուլիսներ ենք տալիս, այսինքն՝ անընդհատ խոսում ենք այդ մասին:

Կարմրուկից բացի, ի՞նչ այլ հիվանդությունների կարող են հանդիպել հանգստի մեկնողները և ո՞ր երկրներում:

Մյուս հիվանդությունները ավելի շատ փոխանցվող հիվանդություններն են: Դրանք տենդերն են: Կա երկրների շարք, որոնք անապահով են դեղին տենդի առումով, և ճանապարհորդներից իրենք պարտադիր պահանջում են դեղին տենդի դեմ պատվաստման վկայական: Դրանք Հարավաֆրիկյան  և Լատինական Ամերիկայի պետություններն են: Այնտեղ մուտք գործելիս մարդը պետք է պատվաստված լինի դեղին տենդի դեմ և ապացույց ունենա:

Շատ կարևոր են նաև այլ տենդերը, ճիշտ է, դրանց դեմ պատվաստոմ չկա: Մարդը կարող է չիմանալ, թե ինչ համաճարակային իրավիճակով երկիր է գնում, և այնտեղ մոծակներից ու մլակներից վարակվի, որոնք շատ մեծ բարդություններ ու մահվան տոկոսը մեծացնող հիվանդություններ են, և վերադառնա երկիր, հիվանդությունը զարգանա: Ուղերձս պետք է կրկնեմ՝ եթե մարդը ճանապարհորդում է, իր վերջնակետ հանդիսացող երկրի համաճարակային իրավիճակին պետք է ծանոթանա:

Նաև ամռան ամիսներին աղիքային ինֆեկցիաներն են լայն տարածում գտնում, ինչպե՞ս  խուսափել դրանցից հանգստի ժամանակ:

Այո, չեմ կարող ուշադրության չարժանացնել աղիքային հիվանդությունները: Սեզոնը բարենպաստ է այդ հիվանդությունների զարգացման համար: Այստեղ ջրային, սննդային գործոնները կարող են նշանակություն ունենալ: Եվ միշտ շեշտադրում ենք, որ եթե տարբեր երկրներ եք մեկնում, այլ միջավայրի ազդակների ներքո եք հայտնվում, բոլոր դեպքերում պետք է իմանաք, որ միայն շշալցված ջուր պետք է օգտագործել: Կամ, եթե այնպիսի պայմաններ են, որ շշալցված ջրի մասին խոսք լինել չի կարող, այդ դեպքում գոնե եռացրած ջուր պետք է օգտագործել: Եվ սնունդի հարցում պետք է շեշտադրենք ձեռքերի հիգիենան, պատահական վայրերից սննդամթերք չգնելը, որպեսզի մարդը աղիքային տարբեր վարակներով չվերադառնա երկիր:

Նյութի աղբյուրը` lragir.am

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook