Четверг, 25 апреля, 2024
НовостиЗдоровый образ жизни

5 համեղ ու օգտակար մթերք, որոնք օգնում են ազատվել սթրեսից

Սթրեսը մարդու օրգանիզմի բնական ռեակցիան է տարատեսակ գրգռիչների առկայությանը, ուստի շատ կարևոր է օրգանիզմի համար, սակայն մշտապես սթրեսային վիճակում գտնվելը կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար, ուստի մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ հանգստացնել նյարդերն ու ազատվել սթրեսից։

Այս խնդրի դեմ պայքարում շատ մեծ նշանակություն կարող է ունենալ մարդու սննդակարգը, ուստի առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել հենց սննդակարգին։ Որպես կանոն սթրեսի դեպքում մարդիկ նախապատվությունը տալիս են անառողջ սննդին, այդ թվում նաև քաղցրավենիքին ու տարատեսակ թխուկներին, սակայն նման մթերքը լավագույն ընտրությունը չէ, քանի որ բնականոն աշխատանքի համար օրգանիզմին հարկավոր է սննդարար նյութերով հարուստ սնունդ։ Ընդ որում՝ օգտակար մթերքի գործածությունը շատ ավելի կարևոր է լինում սթրեսային իրավիճակներում, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ համեղ մթերք, որոնք ոչ միայն օգտակար են, այլև օգնում են ազատվել սթրեսից։

Վարսակ

Վարսակի փաթիլները պարունակում են մեծ քանակությամբ B1 և B3 վիտամիններ, որոնք պահպանում են նյարդային համակարգի բնականոն աշխատանքն ու էներգետիկ փոխանակությունը։ Բացի այդ, այս մթերքը հարուստ է նաև տրիպտոֆան ամինաթթվով, որը նպաստում է սերոտոնինի արտադրությանը, իսկ այս տարրը հայտնի է որպես երջանկության հորմոն։ Առավել լավ արդյունքի հասնելու համար վարսակը կարելի է համադրել ընկույզների ու մրգերի հետ՝ ստանալով համեղ ու օգտակար շիլա։

Ընկույզներ

Ընկուզեղենը գլխուղեղի համար լավագույն սննդամթերքն է, ուստի պետք է լինի յուրաքանչյուրի «ձեռքի տակ»։ Ընկույզի բոլոր տեսակները հարուստ են B խմբի վիտամիններով, ինչպես նաև կալիումով ու երկաթով, որոնք դրական ազդեցություն են ունենում հիշողության վրա։ Բացի այդ, ընկույզները պարունակում են մեծ քանակությամբ մագնեզիում, որն էլ պաշտպանում է սթրեսից։ Այն ճնշում է նյարդերի միջոցով գրգռման փոխանցման գործընթացը, որը սթրես է առաջացնում, և հանգստացնում է նյարդային համակարգը։

Բանան

Այս համեղ միրգը ոչ միայն հագեցնում է քաղցը, այլև դրական ազդեցություն է ունենում նյարդերի վրա, ինչը պայմանավորված է դրանում պարունակվող մեծ քանակությամբ B խմբի վիտամիններով, կալիումով ու մագնեզիումով, որոնք շատ օգտակար են նյարդային համակարգի համար։ Օրինակ՝ կալիումը շատ կարևոր է մկանային ու նյարդային խթանների համար, ինչպես նաև օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը։

Մուգ շոկոլադ

Սթրեսի դեմ շատ օգտակար է նաև շոկոլադը, սակայն բացառապես մուգ շոկոլադը, որում կակաոյի պարունակությունը բավական բարձր է։ Կակաոյի մեջ պարունակվում է տրիպտոֆան, որը խթանում է տրամադրությունը բարելավող հորմոնի՝ սերոտոնինի արտադրությունը։ Բացի այդ, մուգ շոկոլադը պարունակում է նաև որոշակի հակաօքսիդանտներ, որոնք օգնում են տարրալուծել սթրեսի հորմոնները։

Սաղմոն

Այս ձկնատեսակը հարուստ է բարձրորակ սպիտակուցով ու օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք հանգստացնող ազդեցություն են ունենում՝ նվազեցնելով սթրեսի ժամանակ օրգանիզմում արտազատվող ադրենալին հորմոնի մակարդակը։ Նման ազդեցություն է վերագրվում նաև վիտամին В2-ին, որը նույնպես պարունակվում է սաղմոնի մեջ։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook