Tuesday, April 30, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Աղեստամոքսային տրակտի խնդրից խուսափելու համար պետք է երեխային ճիշտ սննդակարգին ծանոթացնել մանկուց

Շատ հաճախ երեխաների մոտ տարբեր պատճառներով կարող են լինել փորացավեր, որոնք արագ անցնում են և առանձնապես անհանգստանալու առիթ չեն տալիս: Բայց, երբեմն, ստամոքսի և փորի ցավերը լուրջ պատճառ կարող են ունենալ, այդ իսկ պատճառով ծնողները պետք է կարողանան խնդիրները տարբերակել և լինել հետևողական:

Աղեստամոքսային տրակտի խնդիրները տարբերակելու և դրանց լուծումերը գտնելու շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի  Մանկական  գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Օլյա Ասատրյանի հետ:

Մասնագետի խոսքով՝ վերջին շրջանում առավել հաճախ դիմում են սննդային չարաշահումներից  կամ որևէ ինֆեկցիայից առաջացած ստամոքսի բորբոքումներով, որոնք չեն պահանջում լուրջ հետազոտություններ, այս պարագայում կարելի է նշանակել սննդակարգ և հետևել:

«Ինչը չէի ասի, օրինակ՝  խրոնիկ գանգատներով երեխաների պարագայում, ովքեր երեք ամսից ավելի ունենում են գանգատներ,  որի հիմնական հարուցիչը հելիկոբակտեր պիլորի վարակն է: Այն կարող է տարիներով մնալ օրգանիզմում և չտալ աղեստամոքսային տրակտի պաթոլոգիկ փոփոխություններ, բայց նաև լինում է հակառակը՝ որոշ փոփոխությունների ֆոնին հելիկոբակտերն ակտիվանում է՝ առաջացնելով գրգռված վիճակ»,-ասաց բժիշկ Ասատրյանը:

Նա ընդգծեց՝ վերջին շրջանում երեխաների մոտ ստամոքսաղիքային համակարգի խնդիրների պատճառ են դարձել ֆասթ ֆուդերի և գազավորված  ըմպելիքների օգտագործումը: Դրանց պարբերաբար և մեծ քանակությամբ օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:

Գաստրոէնտերոլոգը նշեց, որ աղեստամոքսային տրակտի խնդիրներից խուսափելու համար հարկավոր է երեխայի մոտ սննդային ճիշտ կուլտուրան զարգացնել մանկուց: Շատ կարևոր է, թե  մանկական տարիքում ինչպիսի վերաբերմունք է ձևավորվում սննդի նկատմամբ  և ինչպիսի ռեժիմով է երեխան սնվում ամբողջ օրվա ընթացքում:

Ե՞րբ դիմել բժշկի և կատարել գաստրոսկոպիա երեխաներին: Ինչպե՞ս անել, որ ստամոքսի հիվանդությունները վերահսկելի լինեն: Ինչքանո՞վ է վտանգավոր դպրոցականի համար առանց նախաճաշելու անընդհատ ծամոն ծամելը։ Առավոտյան չնախաճաշելը երեխաների մոտ ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: Ինչպես կարելի է պարզել՝ արդյո՞ք մարսողական խնդիրները կոնկրետ սննդից են, թե՞ ոչ:

Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

 Գայանե Գաբոյան

x Close

Like Us On Facebook