Sunday, May 12, 2024
ՆորություններԺամանց

Աշխարհի հայ բժիշկների քննարկումները` համատեղ նոր ծրագրերի հիմք

Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի երկրորդ օրը ևս հագեցած է եղել։

Պլենար նստաշրջանը բացվել է «Պատերազմի և աղետների սոցիալական և բժշկական ազդեցությունը» զեկույցով։ Այնուհետև ներկայացվել է «Մանկաբարձություն, գինեկոլոգիա և չբերություն» զեկույցը։ Այս առթիվ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը լսարանին տեղեկացրել է  Հայաստանում մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված պետական ծրագրերը, դրանց արդյունքում արձանագրված հաջողությունները և դեռևս լուծում պահանջող խնդիրները։

ՀՀ ԱՆ Պրոֆ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի առաջատար մասնագետները ներկայացրել են ոլորտի վերջին զարգացումները` ախտորոշիչ և բուժական ծառայությունների ընդլայնում և բարձր որակի ապահովում, բուժման ելքերի բարելավում, ինչպես նաև կառավարման նոր մոտեցումներ։

Մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել նաև Արյունաբանական կենտրոնի արդիականացման և ոսկրածուծի ու ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքի ստեղծման ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը,  մասնագիտական քննարկումներից բացի, աշխարհի առաջատար հայ բժիշկների համար լավ հնարավորություն է միմյանց հանդիպելու, նոր ծանոթություններ ստեղծելու, փորձով կիսվելու, Հայաստանի առողջապահության համակարգի հետագա զարգացմանը միտված համատեղ ծրագրեր նախանշելու համար։

Համագումարի հարթակներում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները էնդոսկոպիստների Պանամերիկյան ասոցիացիայի ընտրված նախագահ Ասադուր Չեքմեջյանի հետ քննարկել են լատինամերիկյան երկրներում’ մասնավորապես Ուրուգվայի Հանրապետությունում իրականացվող կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սկրինինգային ծրագրի առանձնահատկությունները, դրանց ծախսարդյունավետությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել Հայաստանում նմանատիպ ծրագրի իրականացման հնարավորությունը, առողջապահական, սոցիալական և տնտեսական օգուտի հաշվարկի մեթոդաբանության ներդրումը, ինչպես նաև հնարավոր ծրագրի իրականացման համար միջազգային դոնոր կազմակերպություններ ներգրավելու հեռանկարները։

Նշենք, որ Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի աշխատանքներին մասնակցում են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը, ինչպես նաև Հայաստանի առողջապահության համակարգի բազմաթիվ առաջատար մասնագետներ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook