ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կայցելեն բժշկական մոբիլ թիմեր
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին կայցելեն բժշկական մոբիլ թիմեր, կիրականացնեն առաջին բուժզննում, կհավաքագրեն անհրաժեշտ տեղեկատվություն, կիրականացնեն կցագրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այսօրվանից արդեն սկսվել են մոբիլ թիմերի աշխատանքները: Եվ առաջիկայում, սիրելի հայրենակիցներ, ձեզ կայցելեն բժշկական մոբիլ թիմեր: Նրանք նախ կիրականացնեն առաջին բուժզննում, կհավաքագրեն անհրաժեշտ տեղեկատվություն՝ ձեր կարիքները գնահատելու և հետագայում դրանց ավելի հասցեական լուծում տալու համար: Ամենակարևորը՝ կիրականացնեն նաև կցագրման գործընթացը»,-ասաց Ավանեսյանը:
Առողջապահական բոլոր ծառայությունները պետպատվերի շրջանակում հասանելի են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, բայց այս մեխանիզմները գործարկելու համար շատ կարևոր է առաջնային օղակում կցագրվելը: ԼՂ-ից բռնի տեղահանված արդեն 11 հազար հայրենակիցներ կցագրվել են: Ըստ նախարարի՝ դա հնարավոր է դարձնում թե պլանային բուժօգնությունը, թե դեղորայքի տրամադրումը քրոնիկ հիվանդությունների պարագայում: Հիվանդանոցային բժշկական օգնության կարիքի դեպքում էլ նրանք կարող են ուղեգրման սկզբունքով ազատ կերպով օգտվել այդ ծառայությունից:
Մոբիլ թիմերում ներգրավված են լինելու նաև հոգեբաններ:
Ավանեսյանը կարևորեց նաև հնարավորինս արագ կերպով բնականոն պատվաստումների գործընթացի գործարկումը, առաջիկայում գրիպի ակտիվացման սեզոն է, Հայաստանում նաև կարմրուկի որոշակի բռնկում կա, կորոնավիրուսն էլ չի անհետացել: