Thursday, May 2, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Պլաստիկ վիրաբույժի գործոնը

Գեղեցիկ արտաքինի մասին պատկերացումները շատ տարբեր են: Յուրաքանչյուր ոք տարբեր կերպ է փորձում ընդգծել իր անհատականությունը: Այս առումով պլաստիկ վիրահատությունը բավականին մեծ հնարավորություններ է ընձեռում: Տարբեր մասնագետներ տարբեր մոտեցումներ են առաջարկում, հատկապես՝ մեր օրերում, երբ պլաստիկ վիրաբուժության շնորհիվ կարող եք ունենալ այնպիսի արտաքին տեսք, ինչպիսին նախընտրում եք:  Եվ այսպես, պլաստիկ վիրահատության առավելությունների, դրա ընձեռած հնարավորությունների քթի պլաստիկ վիրահատության (ռինոպլաստիկա), օտոպլաստիկայի (լոշտակության շտկման վիրահատություն), դրանց հետ կապված մտավախությունների, հնարավոր բարդությունների մասին մենք կզրուցենք պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, «Արթմեդ» բժշկա-վերականգնողական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Կարեն Մանվելյանի հետ:

-Բժիշկ Մանվելյան, ի՞նչ է գեղեցիկը Ձեզ համար, որո՞նք են գեղեցկության և կատարելության մասին Ձեր պատկերացումները: Արդյո՞ք պլաստիկ վիրաբուժությունը կարող է օգնել կատարյալ արտաքին տեսք ունենալ:

— Իրականում պլաստիկ վիրաբուժությունը ևս մեկ քայլ է՝ դեպի կատարելություն տանող անվերջ ճանապարհին: Գեղեցկության մասին իմ պատկերացումներն, իհարկե, սուբյեկտիվ են: Սակայն մի բան վստահ կարող եմ ասել՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Արտաքինի հարցում կատարյալի ձգտելը ևս հարաբերական է: Չեմ կարող նշել հստակ չափանիշներ, որոնց առկայության դեպքում մարդուն կհամարեմ միանշանակ գեղեցիկ: Եթե խոսքը գնում է գեղեցիկ դեմքի մասին, ապա կարող եմ ասել, որ գեղեցիկ դեմք է համարվում այն դեմքը, որի բոլոր բաղկացուցիչ մասերը հավասարապես գտնվում են ներդաշնակութան մեջ: Կան բժշկական չափորոշիչներ` արտահայտված հատուկ աղյուսակներով, ըստ որոնց որոշվում է, թե որն է համարվում իդեալական դեմք, բայց կրկնվեմ, դա շատ սուբյեկտիվ է: Ավելի հեշտ է ասել` չկա իդեալական դեմք, յուրաքանչուր դեմք որոշակի փոփոխությունների շնորհիվ կարող է ստանալ իր լավագույնը տարբերակը: Եթե պացիենտը ցանկանում է պլաստիկ վիրահատության միջոցով նմանվել ինչ որ մեկին, մենք հաշվի ենք առնում պացիենտի ցանկությունը, սակայն փորձում ենք բացատրել, խորհուրդ տալով վիրահատության միջոցով ոչ թե փորձել նմանվել  որևէ մեկին, այլ շտկել մարմնի անհամաչափությունները ընդգծելով իր սեփական գեղեցկությունը:

-Իսկ ի՞նչ մեթոդներով է կատարվում ռինոպլաստիկան: Որպես վիրաբույժ՝ դուք ո՞ր մեթոդն եք նախընտրում և ինչու՞:

-Ռինոպլաստիկայի  իրականացման  երկու հիմնական եղանակ կա՝ բաց և փակ: Բաց եղանակով վիրահատության դեպքում կտրվածքն արվում է քթի ստորին հատվածում (կոլումելա) ՝ տեսանելի և հասանելի դարձնելով քթի ամբողջ անատոմիական բաղադրիչները: Այս եղանակը թույլ է տալիս կատարել ցանկացած բարդության վիրահատություն: Ցանկալի է, որ նման վիրահատություն կատարող վիրաբույժը նաև միկրովիրաբուժական հմտություններ ունենա:
Փակ եղանակով վիրահատության դեպքում կտրվածքն արվում է քթանցքների ներսից: Փոքրածավալ կորեկցիաների, առաջնային ռինոպլաստիկայի դեպքում և փոքր շտկումների համար այս մեթոդը երբեմն նախընտրելի է: Երկու մեթոդներն էլ, իհարկե, ունեն իրենց առավելությունները և ցուցումները, ինքս երկուսն էլ կիրառում եմ՝ կախված փոփոխությունների չափից և տեսակից: Որպես վիրաբույժ՝ ես չեմ կարող նախընտրել այս կամ այն մեթոդը, դա կախված է վիրահատության բարդությունից և մի շարք այլ հանգամանքներից:

-Հայտնի է, որ շատերը խուսափում են ընդհանուր անզգայացումից կամ ընդհանուր անզգայացումը  ոմանց պարզապես հակացուցված է՝ առողջական ինչ-ինչ խնդիրների պատճառով: Այս դեպքում հնարավո՞ր է տեղային անզգայացմամբ ռինոպլաստիկա կատարել:

-Տեղային անզգայացմամբ ռինոպլաստիկա հնարավոր է իրականացնել, եթե վիրահատությունը շատ ծավալուն չէ, առկա են հակացուցումներ ընդհանուր անզգայացման համար, համեմատաբար կարճատև է, իսկ պացիենտը հոգեբանորեն պատրաստ է և ադեկվատ գնահատում է իր քայլերը:

-Իսկ, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի լավ վիրահատված քիթը:

-Նախևառաջ, այն պետք է համապատասխանի արտաքինին: Հաճախ պացիենտները ցանկանում են փոքր քիթ ունենալ՝ առանց հաշվի առնելու, թե դա որքանո՞վ համահունչ կլինի իրենց դեմքի մյուս հատվածներին: Չգիտեմ ինչու շատերը կարծում են, որ միայն փոքր քթերն են գեղեցիկ, այնինչ այդ հարցում պլաստիկ վիրաբույժները միանգամայն այլ կարծիքի են: Բժիշկը նախ պետք է կարողանա ճիշտ խորհրդատվություն տալ պացինետին, անհրաժեշտության դեպքում բացատրել, որ, օրինակ, շատ փոքր քիթն այնքան էլ համադրելի չի լինի իր դեմքին: Վիրահատության արդյունքից պետք է գոհ լինեն և՛ բժիշկը, և՛ պացիենտը: Պետք չէ վիրահատել միայն որովհետև պացիենտն է այդպես ցանկանում:

-Արդյո՞ք քթի վիրահատությունն ունի ռիսկային գործոններ և ո՞ր դեպքերում չի կարելի դիմել քթի վիրահատության: Խոսեք մի փոքր հետվիրահատական շրջանից՝ ինչպե՞ս է այն անցնում, ե՞րբ է քիթն իր վերջնական տեսքը ստանում:

-Ռինոպլաստիկայի կամ քթի վիրահատության աղջիկները ցանկալի է դիմել 16-17 տարեկանից հետո, տղաները՝ մի փոքր ավելի ուշ: Իսկ վիրահատությունը կարող է խորհուրդ չտրվել, եթե պացիենտը կենսական կարևոր օրգանների հետ կապված խնդիրներ ունի կամ օրինակ արյան մակարդելիությանը հետ խնդիրներ կան, հակացուցված է անզգայացումը և այլն: Հիասթափեցնելով քթի վիրահատության «վտանգավորության» մասին տեղեկություններ տարածողներին՝ ասեմ, որ այն անվտանգ է, եթե, իհարկե, նախապես հաշվարկված են բոլոր ցուցումները և հակացուցումները: Բացի այդ, հետվիրահատական շրջանում բարդություններ չեն լինում եթե պացիենտը խիստ հետևում է վիրաբույժի ցուցուցներին և խորհուրդներին: Վիրահատությունից հետո վաղ վերականգնման շրջանում պացիենտը հարբուխի զգացողություններ կարող է ունենալ, սակայն չորս-հինգ օր անց դրանք վերանում են: Իսկ մեկ շաբաթ անց անհետանում են գրեթե բոլոր այտուցները դեմքի շրջանում: Ֆիկսացիոն կապերը հեռացնելուց հետո քիթը դեռ պահպանում է այտուցվածությունը, սակայն դա ևս ժամանակի խնդիր է: Վերջնական արդյունքը կարելի է գնահատել միայն ամիսներ անց:

-Պատահում է, որ վիրահատությունից հետո պացիենտն այնքան էլ գոհ չի լինում դրա արդյունքից: Որքանո՞վ են օբյեկտիվ պացիենտի դժգոհությունները: Այս պարագայում ի՞նչ պետք է անել, կարելի՞ է դիմել կրկնակի վիրահատության:

-Իհարկե չի կարելի բացառել կրկնակի միջամտության անհրաժեշտությունը, դա կարող է փաստել ցանկացած պլաստիկ վիրաբույժ աշխարհի ցանկացած երկրում, և դա համարվում է նորմալ երևույթ: Սակայն ճիշտ իրականացված վիրահատության դեպքում դրա հավանականությունը քիչ է: Որոշ գործոններ կախված չեն վիրաբույժից և նույնիսկ անթերի իրականացված վիրահատությունից հետո նույնիսկ չեն բացառվում կորեկցիոն միջամտությունների անհրաժեշտությունը: Կրկնակի վիրահատություն կամ ինչպես մենք ենք ասում կորեկցիա ցանկալի է իրականացնի կրկնակի վիրահատությունների փորձ  ունեցող վիրաբույժը: Կրկնակի վիրահատության անհրաժեշտության դեպքերում պացիենտները հաճախ են հուսահատվում  և խուճապի մատնվում: Սակայն պետք չէ ընկճվել, հիմնակում բոլոր խնդիրները շտկելի են, իսկ լավատեսական մոտեցումը վիրահատությունը շատ ավելի դյուրին է դարձնում:

Եվ բացի այդ, վիրահատության արդյունքներից գոհ կամ դժգոհ լինելը ևս հարաբերական է: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, երբ պացիենտը շնչառական խնդիրներ ունի կամ երբ առկա են ակնհայտ էսթետիկ անհամաչափություններ: Խոսքն այն մասին է, երբ պացիենտի մոտ խնդիրը հոգեբանական է: Նա կարող է շատ գեղեցիկ արտաքին և քիթ ունենալ, սակայն անընդհատ փոփոխությունների ցանկություն ունենալ, որովհետև այնքան էլ բավարարված չէ իր արտաքինով: Այս դեպքում նա  կարող է նորից ու նորից վիրահատելու ցանկություն նշել, սակայն միևնույն է վիրահատության արդյունքը բավարար չի համարելու: Ուստի, բժիշկը պետք է նաև լավ հոգեբան լինի, որպեսզի հնարավորության դեպքում կարողանա պացիենտի հետ այս ուղղությամբ ևս աշխատանք տանել:

Պարոն Մանվելյան, մի փոքր կխոսե՞ք օտոպլաստիկայի կամ լոշտակության շտկման վիրահատության մասին: Որքա՞ն տարածված է այժմ այդ խնդիրը և որքա՞ն հաճախ են դիմում նման վիրահատության:

-Օտոպլաստիկան  կատարվում է լոշտակության շտկման նպատակով: Այս վիրահատությունը կարելի է նաև կատարել նախադպրոցական տարիքում, քանի որ այս դեպքում դպրոցական տարիքում երեխան կարող է զերծ մնալ հոգեբանական բարդույթից: Ինչ վերաբերում է վիրահատությանը, ապա ցանկանում եմ ընդգծել, որ այս վիրահատությունը համեմատաբար քիչ հակացուցումներ ունի, իսկ հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում: Այն շատ հաճախ կատարվում է տեղային ցավազրկմամբ: Սպիների մասին ևս կարող եք չանհանգստանալ. դրանք ականջի հետին մասում են լինում և գրեթե աննկատ են:

-Եվ վերջում, մի փոքր Ձեր մասին:

-Ծնվել եմ բժշկի ընտանիքում: Դե, եթե բժիշկների ընտանիքում ես ծնվում, ապագա մասնագիտությունտ արդեն ինչ-որ չափով կանխորոշված է լինում:  Մանկուց բժշկությունը եղել է իմ առօրյայի մի մաս և սիրել եմ այդ մասնագիտությունը:

-Ի՞նչ է անհրաժեշտ լավ բժիշկ լինելու համար:

-Լավ բժիշկ լինելու համար անհրաժեշտ է ոչ միայն բարձր որակավորում և շարունակական մասնագիտական կրթություն ունենալ, ինչը շատ կարևոր է, այլև պատասխանատու և ազնիվ մարդ լինել: Բացի այդ, կա մի չգրված օրենք, որը պարտադիր է և՛ բժշկի և՛ պացիենտի համար՝ պոզիտիվ տրամադրվածությունը, փոխվստահությունը  ու լավատեսությունը միշտ աշխատում են հօգուտ պացիենտի: Լավ բժիշկը հիվանդին պետք է օգնի ապաքինվել ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես:

http://healthmag.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook