Sunday, April 28, 2024
Նորություններ

Օնկոլոգիայում կիրառվող դեղի գինը 680 հազար դրամից կնվազի՝ հասնելով 400 հազարի

Հայաստանում դեղերի գները կարող են զգալիորեն նվազել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նա այդպիսի միայն մեկ դեղի օրինակ բերեց, բայց վստահեցրեց, որ գնանկումը չի վերաբերելու միայն դրան:

«Մենք բանակցություններ ենք վարում մի շարք մատակարարների հետ, եւ ես կարծում եմ շուտով՝ կարող ենք համատեղ փաստել, որ դեղերի գները զգալիորեն իջնելու են: Օրինակ՝ «Հերցեպտին» դեղի գինը, որն օգտագործվում է օնկոլոգիայում: Այն այսօր շուկայում արժե 680 հազար դրամ՝ մեկ ամպուլան, իսկ մենք գիտենք, որ մեկ կուրս բուժումը պահանջում է 18-20 ամպուլա: Կարելի է հաշվարկել եւ տեսնել՝ ինչքան բնակչության է հասանելի այս բուժումը: Վաղը Հայաստան կգան ընկերության ներկայացուցիչները, եւ ես կարծում եմ, որ բանակցությունների շնորհիվ մենք գինը կիջեցենք մոտավորապես 50 տոկոսով: Այսինքն՝ այս դեղը կարժենա ոչ ավելի, քան 400 հազար դրամ՝ 680 հազարի փոխարեն»,- հայտարարեց առողջապահության նախարարը:

Նա, սակայն, չմանրամասնեց, թե ինչպես է պատահել, որ մի դեղը, որը կարող է կես գնով վաճառվել, կրկնակի արժեք է ունեցել, կամ եթե միայն նոր է ստեղծվելու էժան վաճառելու հնարավորությունը, ապա դա ինչի շնորհիվ է:

Լեւոն Ալթունյանը նաեւ հույս հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանի առողջապահությունը կունենա կատարյալ ֆինանսավորման համակարգ:

«Այսպիսի գործողությունների շնորհիվ մենք նախատեսում ենք մեր ունեցած բյուջեն ավելի արդյունավետ դարձնել եւ բնակչությանն ավելի շատ օգուտ տալ: Սա՝ մի կողմից: Մյուս կողմից մեր ապահովագրական հավակնությունները, ապահովագրական ծառայությունների ներդրումը թույլ են տալիս մտածել, որ 3-4 տարվա ընթացքում Հայաստանը կունենա կատարյալ ֆինանսավորման համակարգ եւ բնակչության ավելի առողջ, երկար կյանքի տեւողություն»,- լավատեսություն հայտնեց նախարարը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook