Saturday, July 13, 2024
News

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներ է դնում վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոյոդային բուժում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, հավատարիմ մնալով ուռուցքաբանության ոլորտում առաջատարի իր առաքելությանը, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներդրեց վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման ժամանակակից և արդյունավետ մոտեցումներից մեկը՝ ռադիոյոդոթերապիան (բուժում ռադիոակտիվ յոդով):

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյան «Հայաստանում տարեկան գրանցվում է 8500 քաղցկեղի նոր դեպք, որոնց 45-50 տոկոսը բարձիթողի դեպքեր են և դիմում են բժշկի արդեն երրորդ, չորրորդ փուլերում: Վերջին ժամանակաշրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, նկատվում է քաղցկեղով հիվանդացության աճ:

Էնդոկրին համակարգի ուռուցքներն ընդհանուր ուռուցքաբանության մեջ կազմում են 0,6-5 տոկոս: Եվ, հաշվի առնելով այն, որ Հայաստանը էնդեմիկ գոտի է, մեզ մոտ տարեկան գրանցվում է մոտավորապես 250-300 հիվանդ, ովքեր տառապում են վահանաձև գեղձի քաղցկեղով: Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման հիմնական եղանակներից է վիրաբուժությունը, իսկ հետվիրահատական շրջանում հիվանդների գերակշիռ մասի համար ռադիոյոդոթերապիան պարտադիր է:

Խորհրդային ժամանակաշրջանում ռադիոակտիվ յոդով բուժումը իրականացվել է Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում, Ուկրանիայում, իսկ վերջին տարիներին մեր  հայրենակիցները ռադիոյոդոթերապիայի կուրս ստանալու համար մեկնում էին Վրաստան կամ այլ երկրներ:

Մեծ ջանքերի և անձնվեր աշխատանքի շնորհիվ այսօր մեզ հաջողվեց ստեղծել ճառագայթային անվտանգության բոլոր միջազգային չափորոշիչներին համապատասխանող հատուկ տարածքներ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային մասնաշենքում,  որտեղ մեր պացիենտները վահանաձև գեղձի վիրահատական բուժումից հետո կստանան ռադիոյոդոթերապիա:

Այդ նպատակով կիրառվող ռադիոակտիվ յոդ պարունակող պատիչները կներկրվեն Լեհաստանից և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կպահպանվեն հատուկ պայմաններում: Հիվանդները բուժման ընթացքում կգտնվեն ճառագայթային անվտանգության հատուկ պահանջներով կառուցված և բոլոր անհրաժեշտ հարմարություններով հագեցված հիվանդասենյակներում:

Բուժման գործընթացի լիարժեք ապահովման համար Կենտրոնը ձեռք է բերել նաև հատուկ սարք՝ որը թույլ է տալիս նախապես գնահատել վահանաձև գեղձի կողմից յոդի կլանումը և ըստ այդմ ավելի ճշգրիտ հաշվարկել տվյալ հիվանդին անհրաժեշտ յոդի չափաքանակը: Մեկուսացված սենյակներում 3-5 օր անցկացնելուց հետո կատարվում է պացիենտի օրգանիզմում ռադիոակտիվ յոդի մնացորդային քանակի գնահատում, ըստ որի որոշվում են դուրս գրման ժամկետները:

Ռուսաստանում և Վրաստանում ռադիոակտիվ յոդով բուժման արժեքը կազմում է 2000 ԱՄՆ դոլար, զգալի են նաև ճանապարհային և մնացյալ ծախսերը: Ըստ մեր հաշվարկների, բուժման կուրսն ՈՒԱԿ-ում կկազմի շուրջ 500.000 ՀՀ դրամ:

Կարծում եմ, որ սա անչափ կարևոր և կենսական ձեռքբերում է. վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում մեր հայրենակիցները արդեն կարող են ստանալ անհրաժեշտ բուժման բոլոր փուլերը ՈՒԱԿ-ում՝ անհամեմատ ավելի մատչելի պայմաններով և առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության»:

Նյութը ՝ 1in.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook