Saturday, July 13, 2024
NewsHealthy lifestyle

Ինչպե՞ս խուսափել ամանորյա սեղանին չափից շատ ուտելուց։ Բժշկի խորհուրդը

Ամանորյա սեղանի շուրջ հիմնական խնդիրներից մեկը շատ ուտելն է. Որոշ մարդիկ միտումնավոր չեն ուտում ամբողջ օրը գիշերային խնջույքի ակնկալիքով: Եվ բացարձակապես սխալ են անում։ Այս մասին հայտարարել է բժիշկ, սննդաբան Դարիա Ռուսանովան։

«Սննդի ընդունման երկարատև ընդմիջումը և սաստիկ քաղցը նպաստում են չափից շատ ուտելուն: Ավանդաբար մեզ մոտ ընդունված է ճաշատեսակներով առատ սեղան գցել։ Սա մեծ գայթակղություն է, որին  դիմադրելը դժվար է  նույնիսկ ուժեղ կամքի տեր մարդկանց համար»,- պարզաբանել է նա, հաղորդում է Gazeta.Ru-ն։

Ըստ բժշկի,  չափից շատ ուտելու դեպքում մարդն  անհարմարություն է զգում։ Նրա համար դժվարանում է շարժվելը, նվազում են ընդհանուր ակտիվությունն ու ուղեղի ակտիվությունը, քնկոտություն է առաջանում։

«Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մարսողական օրգանները պահանջում են արյան հոսքի ավելացում, որպեսզի ավելի ինտենսիվ աշխատեն, ուստի ուղեղը և մյուս օրգաններն այն ավելի քիչ են ստանում: Արդյունքում խանգարվում են նյարդային և ինտելեկտուալ գործընթացները։ Բացի այդ, շատ ուտելը հաճախ առաջացնում է փքվածություն և սնունդը մարսելու հետ կապված խնդիրներ: Եվ այդ դեպքում տոնը հաստատ  կփչանա»,- զգուշացրել է նա։

Ամանորյա սեղանի շուրջ ամենակարևորը ժամանակին կանգ առնելն է։

«Յուրաքանչյուր մարդու ուղեղը նրան հագեցվածության ազդանշաններ է ուղարկում։ Բայց ոչ բոլորն են կարողանում հստակ ճանաչել դրանք, հատկապես, եթե ուտելուց առաջ մարդը սաստիկ քաղց է զգացել։ Օրինակ,  ամբողջ օրը   մինչև գիշերը ժամը 12-ը չեք կերել: Եթե ցանկություն է առաջանում  արձակել հագուստի կոճակը կամ քուններդ տանում էլ, դա նշանակում է, որ դուք արդեն չափից շատ եք կերել,  պետք է շատ ավելի վաղ դադարեցնեիք ուտելը: Գոյություն ունեն  մի քանի լայֆհաքեր, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե որ պահին պետք է ավարտեք ուտելը: Երբ մարդը քաղցած է, նա սկսում է շատ արագ կլանել սնունդը, այսինքն՝ արագ աշխատում է, այսպես ասած, գդալով կամ պատառաքաղով։ Այն պահին, երբ շարժումները դանդաղում են, օրգանիզմը մեզ ուղարկում է առաջին ազդանշանը։ Ցուցանիշ կարող է լինել նաև ուտելիքի համը։ Առաջին պահերին մենք զգում ենք նրա վառ, հարուստ համը, երբ այն թուլանում է, սա նույնպես ազդանշան է։ Մեկ այլ ազդանշանն էլ  այն է, երբ զրույցներ են սկսվում  սեղանի շուրջ: Երբ մարդը կուշտ է լինում, տրամադրությունը լավանում է, անգիտակցաբար սկսում է խոսել հարևանների հետ»,- նշել է բժիշկը։

Եթե որսացել  եք այն պահը, երբ հիմնականում հագեցել եք,ավելի լավ է  վեր կենալ սեղանից:

«Եթե ձեզ թեթև ու եռանդուն եք զգում, նշանակում է՝  կերել եք այնքան, որքան անհրաժեշտ է: Երբ մենք անընդհատ նստած ենք, մեր ստամոքսի ընկալիչները ավելի վատ են աշխատում, երբ մենք փոխում ենք մարմնի դիրքը, նրանք ակտիվանում են և ավելի հեշտ է զգալ կուշտ լինելը: Ուստի, երբ սեղանի շուրջ զրույցներ են սկսվում, լավ պահ է վեր կենալու և ինքներդ ձեզ ստուգելու համար»,- խորհուրդ է տվել բժիշկը։

Մեկ այլ լայֆհաքն էլ քիչ քանակությամբ կերակուրներ պատրաստելն է:

«Մեզնից շատերը մանկուց սովոր են նրան, որ  մինչև վերջ չուտելը վատ է։ Տոնական խնջույքի ժամանակ նման պահվածքը կարող է նույնիսկ դիտվել որպես անհարգալից վերաբերմունք։ Հետևաբար, պետք չէ մեծ քանակությամբ կերակրատեսակներ պատրաստել։ Սեղանը կարող է ավելի բազմազան լինել, բայց չափաբաժինները չպետք է մեծ լինեն»,- հավելել է նա։

Եթե դուք, այնուամենայնիվ,  չեք դիմացել և կերել եք ավելին, քան անհրաժեշտ է, ապա առաջին հերթին պետք է գիտակցել այդ պահը և դադարեցնել ալկոհոլի հետագա օգտագործումը, քանի որ այն էլ ավելի է խթանում  ուտելը:

«Ավելի լավ է վեր կենալ, դուրս գալ փողոց  և 20-30 րոպե քայլել: Սա կարագացնի նյութափոխանակության գործընթացները և կօգնի օրգանիզմին ավելի արագ մարսել սնունդը։ Բայց շատ ուտելուց հետո ավելի լավ է խուսափել ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Ուստի, պետք չէ պարել, հանգիստ տեմպով քայլելն ավելի լավ է։ Դուք կարող եք ջուր խմել փոքր կումերով, դա կօգնի հեշտացնել մարսողական համակարգի աշխատանքը։ Եթե ստամոքսում ծանրություն եք զգում, կարող եք դեղամիջոցներ ընդունել»,- եզրափակել է սննդաբանը։

Նյուը ՝ News.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook