Ինչպե՞ս և ինչո՞ւ են արևային փոթորիկները սպառնում գնացքների երթևեկությանը
Արևային փոթորիկները վտանգավոր են ոչ միայն կապի համակարգերի և արբանյակների համար, այլև կարող են վտանգ ներկայացնել գնացքների երթևեկությանը՝ մեծացնելով վթարների վտանգը։ Այս եզրակացությանն են հանգել Լանկաստերի համալսարանի գիտնականները, որոնք իրենց հետազոտությունը հրապարակել են Space Weather գիտական ամսագրում։
Արեգակնային հզոր արտանետումները կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել՝ խոչընդոտելով երկաթուղային գծերի էլեկտրոնային ազդանշանային կայանների աշխատանքը: Դրանք կարող ենք նույնիսկ երկաթուղային ցուցանակները փոխել «Կանգ ա՛ռ» նշանից «Երթևեկությունը թույլատրվում է» նշանի և հակառակը:
Թեև ազդանշանը կանաչից կարմիրի փոխելը, օրինակ, կարող է հանգեցնել միայն նրան, որ շարժվող գնացք կանգ կառնի, սակայն հակառակ պարագայում այն կարող է լուրջ վթարների հանգեցնել:
Գիտնականները նշում են, որ երկաթուղային համակարգերի և այլ ենթակառուցվածքների համար ռիսկերը կարող են առավել բարձր լինել արևի ակտիվության 11-ամյա ցիկլի գագաթնակետին:
Ուսումնասիրության շրջանակում մոդելավորվել են Մեծ Բրիտանիայի երկու երկաթուղիներ՝ Արևմտյան ափի գլխավոր գծի Պրեստոն-Լանկաստեր հատվածը և Գլազգո-Էդինբուրգ գիծը: Պարզվել է, որ նույնիսկ արևային թույլ փոթորիկները կարող են սխալներ առաջացնել գնացքների կառավարման էլեկտրոնային համակարգերում, և նման իրավիճակներ կարող են տեղի ունենալ առնվազն մի քանի տասնամյակը մեկ անգամ:
Նշենք, որ, ըստ ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA)՝ ընթացիկ 11-ամյա ցիկլում այսպես կոչված «արևային առավելագույնը» սպասվում է 2024-ի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Հետաքրքիր է, որ գիտնականները նախկինում կարծում էին, որ գագաթնակետին պետք է սպասել միայն 2025-ին, բայց թվում է, որ դա տեղի կունենա ավելի վաղ:
Ենթադրվում է, որ արեգակնային ակտիվության գագաթնակետի ժամանակին կանխատեսումը մեծ նշանակություն ունի նախազգուշական միջոցներ մշակելու և էլեկտրոնային համակարգերը հնարավոր խափանումներից պաշտպանելու համար: