Հիդրոցեֆալիան ուղեղ-ողնուղեղային հեղուկի (լիկվորի) հոսքի խանգարման հետևանքով գլխուղեղի փորոքներում հեղուկի կուտակումն է
Հիդրոցեֆալիան ուղեղ-ողնուղեղային հեղուկի (լիկվորի) հոսքի խանգարման հետևանքով գլխուղեղի փորոքներում հեղուկի կուտակումն է:
Ուղեղ-ողնուղեղային հեղուկը թափանցիկ հեղուկ է, որը պաշտպանում է ուղեղային նուրբ կառույցները: Այն մեծ դեր ունի նաև գլխուղեղին սննդանյութեր մատակարարելու և պոտենցիալ վնասակար նյութերից պաշտպանելու հարցում:
Սովորաբար ուղեղ-ողնուղեղային հեղուկն արտադրվում է գլխուղեղի փորոքներում (գլխուղեղի խորքում գտնվող խոռոչներում), ողողում գլխուղեղը և ողնուղեղը, իսկ այնուհետև՝ ներծծվում ենթաոստայնային գրանուլացիաներում՝ անցնելով արյան հուն։
Սակայն երբ հեղուկի արտադրման և ներծծման արագությունների միջև առկա է անհավասարակշռություն (այսինքն՝ այն արտադրվում է ավելի արագ, քան կարող է ներծծվել), կամ կա որևէ խոչընդոտ, որը խանգարում է հեղուկի նորմալ հոսքին, ապա հեղուկը կուտակվում է փորոքներում, որի հետևանքով բարձրանում է ներգանգային ճնշումը։ Սա հանգեցնում է հիդրոցեֆալիայի առաջացմանը, որը մանկական նյարդավիրաբույժներին դիմելու ամենատարածված պատճառներից մեկն է։
Հիդրոցեֆալիան կարող է լինել․
ԲՆԱԾԻՆ (զարգանում է ներարգանդային կյանքում)
ՁԵՌՔԲԵՐՈՎԻ (զարգանում է ծննդաբերության ընթացքում կամ դրանից հետո):
Գոյություն ունի հիդրոցեֆալիայի 3 տեսակ.
Չհաղորդակցվող հիդրոցեֆալիա. առաջանում է, երբ ուղեղ-ողնուղեղային հեղուկի հոսքը խցանվում է փորոքներից դեպի գլխուղեղ և ողնուղեղ ուղղությամբ։
Հաղորդակցվող հիդրոցեֆալիա. առաջանում է հեղուկի ներծծման խանգարման պատճառով, բերում հեղուկի հավելյալ քանակի ավելացման։
Նորմալ ճնշման հիդրոցեֆալիայի դեպքում (սովորաբար հանդիպում է տարեց մարդկանց մոտ) մեծանում են գլխուղեղի փորոքները՝ առանց ներգանգային ճնշման բարձրացման։
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
– Կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) բնածին արատներ,
– Գլխուղեղի ուռուցքներ,
– Ներգանգային արնազեղումներ (մասնավորապես՝ ներփորոքային և ենթաոստայնային),
– Գլխի վնասվածքներ,
– ԿՆՀ ինֆեկցիաներ (մենինգիտ, էնցեֆալիտ, թարախակույտ)։
ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ
Նորածինների մոտ՝
– Դյուրագրգիռ վարքագիծ,
– Գլխի դիրքի դժվար կառավարում,
– Արտափքված գաղթուն։
Քանի որ նորածնի գանգի ոսկրերն աճում են և կարող են ընդարձակվել՝ տեղավորելով ուղեղ-ողնուղեղային հեղուկի ավելորդ քանակությունը, ապա հիդրոցեֆալիայի դեպքում սովորաբար մեծանում է նորածինների գլխի շրջագիծը:
ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) հեշտությամբ կարող է ախտորոշվել հիդրոցեֆալիան։ Երբեմն կիրառվում է նաև հատուկ կոնտրաստային նյութ՝ ուղեղային ախտահարված կառույցների տեսանելիությունը բարձրացնելու նպատակով:
Շատ կարևոր է որոշել հիդրոցեֆալիայի պատճառը. եթե այն պայմանավորված է գլխուղեղում ուռուցքի առկայությամբ կամ այլ հիվանդությամբ, ապա նաև անհրաժեշտ է վերացնել այդ պատճառը։
ԲՈՒԺՈՒՄԸ
Եթե հիդրոցեֆալիայի բուժման նպատակով անհրաժեշտ է վիրահատություն, ապա մանկական նյարդավիրաբույժը խորհուրդ կտա, թե որ տեսակի վիրահատությունն է լավագույնը երեխայի բուժման համար։
Հիդրոցեֆալիայի բուժման վաղուց հայտնի վիրահատությունն է՝ շունտի տեղադրումը. այն փոքր տրամաչափի խողովակներից և պոմպից կազմված համակարգ է, որի միջոցով ավելորդ հեղուկը գլխուղեղից ենթամաշկային տարածությամբ արտահոսում է դեպի որովայնի խոռոչ (վենտրիկուլո-պերիտոնեալ շունտավորում) կամ արյունատար համակարգ (վենտրիկուլո-ատրիալ շունտավորում):
Շունտերն արդյունավետ են հիդրոցեֆալիայի բուժման համար, սակայն դրանք պարունակում են վարակի և խցանման վտանգ:
Հիդրոցեֆալիայի բուժման մյուս եղանակը քիչ ինվազիվ էնդոսկոպիկ վիրահատությունն է: Էնդոսկոպիկ վենտրիկուլոստոմիայի (ETV) դեպքում նյարդավիրաբույժը փոքր կտրվածք է կատարում գլխամաշկի վրա, այնուհետև էնդոսկոպի (բարակ, լուսավորված խողովակ, որի ծայրին տեղադրված է տեսախցիկ) միջոցով մուտք է գործում փորոքային համակարգ՝լայնացնելով այն տեղամասը, որտեղից հեղուկը կարող է արտահոսել փորոքային համակարգից դուրս։
Հաշվի առնելով հիդրոցեֆալիայի տեսակը, առաջացման պատճառները և ռադիոլոգիական (ՀՏ, ՄՌՏ) տվյալները՝ նյարդավիրաբույժը որոշում է ընտրել էնդոսկոպիկ կամ բաց վիրահատական եղանակը։ Էնդոսկոպիկ վիրահատության դեպքում հնարավոր է խուսափել շունտը մշտականկրելու անհրաժեշտությունից, սակայն որոշ դեպքերում էնդոսկոպիկ վիրահատությունից հետո ևս կարիք է լինում տեղադրել այն։
Կարևոր է, որ վերոնշյալ նյարդաբանական ախտանիշների դեպքում երեխային հնարավորինս շուտ գնահատի մանկաբույժը, որը կարող է նրան ուղղորդել մանկական նյարդավիրաբույժի մոտ` հետագա հետազոտության և բուժման նպատակով։
Հիշե՛ք. հիդրոցեֆալիայի վաղ ախտորոշումը և բուժումը կարող է կանխել երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման շատ խնդիրներ։
Նյութը ՝Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն