Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակները`
- տափաստանային իժը (Vipera ursini renardi),
- դարևսկու իժը (Vipera darevsky),
- փոքրասիական իժը (Vipera xanthina),
- անդրկովկասյան գյուրզան (Vipera lebetina)։
Այդ օձերի թույնն ազդում Է հյուսվածքների վրա, քայքայում Է նրանց բջիջները, խախտում արյան մակարդելիությունը և քայքայում արյան կարմիր բջիջները։
Օձի կծելուց հետո մաշկի վրա մնում է վերին ծնոտի ատամներից հետք, որով կարելի Է որոշել՝ օձը թունավոր է, թե ոչ։ Թունավոր օձի կծած տեղում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած երկու խոր վերքեր և ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք ավելի մանր հետքեր (ա)։ Ոչ թունավոր օձերի կծած տեղում, մարմնի վրա երևում են չորս շարք երկայնական դասավորված կետիկներ (բ):
Կծելու ժամանակ թունավոր օձի թույնը ներարկվում Է մարդու մարմին։ Կծած մասում թունավոր ատամների տեղում առաջանում են երկու փոքրիկ բշտիկներ։ Աստիճանաբար ի հայտ են գալիս հետևյալ նշանները.
- կծած տեղում ցավ և այրոց,
- կծած տեղի մաշկի գույնի փոփոխություն, կարմրություն,
- կծած տեղում այտուց, որը հետզհետե տարածվում Է ամբողջ մարմնով,
- սաստիկ թուլություն,
- գլխապտույտ,
- սրտխառնոց,
- արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից,
- տեսողության խանգարումներ,
- խոսքի խանգարումներ,
- վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ,
- շնչառության խանգարումներ։
Առաջին օգնությունը
Ոչ թունավոր օձերի կծածների դեպքում վերքը մշակեք, ինչպես ցանկացած փոքր վերք։ Թունավոր օձի կծածի դեպքում շատ կարևոր Է ժամանակին ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելը։ Հնարավորության դեպքում հիշեք կծող օձի տեսքը:
- Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք կծած տեղի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից (չի կարելի սեղմել վերքի վրա)։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեցրեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս։
- Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակը խթանում է սրտանոթային համակարգի աշխատանքը, արագացնում արյան շրջանառությունը՝ նպաստելով թույնի տարածմանը մարմնում՝ զգալիորեն բարդացնելով վիճակը։
- Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը (մատանի, ժամացույց և այլն)։
- Եթե օձը կծել է վերջույթը, ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։
- Սահմանափակեք տուժածի շարժումները (պառկեցրեք կամ նստեցրեք նրան)։
- Ահազանգեք կամ կազմակերպեք տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվանդանոց։
- Տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն)։ Խստիվ արգելվում է ոգելից խմիչք տալ տուժածին։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն մինչև հիվանդանոց հասցնելը:
|