«Սլավմեդ» ԲԿ–ում հազվադեպ հանդիպող ուռուցք են հեռացրել և փրկել տարեց կնոջ կյանքը
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոկրին վիրաբույժներ Արա Թորոսյանի և Արամ Չոմոյան վիրահատական միջոցով հեռացրել են տարեց կնոջ բազմահանգուցավոր հսկայական ուռուցքը՝ փրկելով կնոջ կյանքը: Tert.am-ի հետ զրույցում բուժկենտրոնի էնդոկրին վիրաբույժները պատմեցին, որ նման անսովոր ուռուցքի պատճառը հիվանդանոցներից մեկում կատարված ոչ արմատական հանգուցավոր խպիպի՝ «զոբի», վիրահատությունն էր:
Ինչպես նշում են վիրաբույժներ Արա Թորոսյանն ու Արամ Չոմոյանը` ուռուցքն այնքան կարծրացած էր, որ անհրաժեշտ էր նախավիրահատական բուժում իրականացնել, քանի որ անմիջապես վիրաբուժական միջամտություն հնարավոր չէր` հաշվի առնելով գոյացության կարծրությունը:
«Չնայած մեծ ռիսկայնությանը` որոշեցինք վիրահատել հիվանդին, քանի որ կոսմետիկ դեֆեկտից բացի առկա էր նաև չարորակ գոյացություն, ինչպես նաև արյան կորուստ, որն արդեն իսկ վտանգ էր ներկայացնում կնոջ կյանքի համար: Համապատասխան բուժօգնության արդյունքում բուժայցելուի վիճակը բարելավեցինք, և իրականացվեց վիրահատական միջամտություն»,– պատմեցին կենտրոնի մասնագետները:
Մի քանի ժամ տևած վիրահատության ընթացքում հեռացվել է ուռուցքը, վահանաձև գեղձի ողջ ձախակողմյան հատվածն ու հարակից ավշային հանգույցները: Վիրահատությունը ստիպված են եղել հեմոգլոբինի անբավարար քանակի պայմաններում, քանի որ հիվանդության ընթացքում բաց վերքերի պատճառով կինը բավականին արյուն էր կորցրել:
«Բուժայցելուի մոտ առկա էին նաև ուղեկցող այլ քրոնիկ հիվանդություններ, որոնք ևս ռիսկի գործոն էին հանդիսանում նման ծավալի վիրահատության իրականացման համար, սակայն, հուրախություն մեզ, ամեն ինչ հարթ ընթացավ, և այսօր արդեն կնոջ կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեցին «Սլավմեդ» ԲԿ–ի մասնագետները:
Վիրահատված տարեց կինը Tert.am–ի հետ զրույցում պատմեց հիվանդության բարդացման ընթացը: Նրա խոսքով՝ որոշ ժամանակ առաջ հանգուցավոր խպիպի՝«զոբի» խնդրով դիմել է մեկ այլ բուժհաստատություն` վիրահատական բուժում ստանալու նպատակով և կարճ ժամանակ անց նկատել արտահայտված այտուցվածություն պարանոցի հատվածում ու առողջական վիճակի կտրուկ վատթարացում: Կինն անմիջապես դիմել է վիրահատող բժշկին և անցնել նախնական բուժզննում, սակայն լսել է չհուսադրող պատասխան` կրկնակի վիրահատությունը կարող է ռիսկային լինել կյանքի համար:
Մեկ այլ բժշկի հորդորով ուռուցքի պատճառահետևանքային կապն ու ծագումնաբանությունը պարզելու նպատակով հուսալքված կինն իրականացրել է անհրաժեշտ բոլոր ախտորոշիչ և լաբորատոր հետազոտությունները, որոնց արդյունքում պարզվել է, որ նախկինում կատարված վիրահատության ժամանակ վահանաձև գեղձն ամբողջությամբ չի հեռացվել, որն էլ նպաստել է ի սկզբանե եղած չարորակ ուռուցքի զարգացմանը:
«Գնալով վիճակս վատանում էր՝ ուռուցքն արագ մեծանում էր: Պարանոցի հատվածում առաջացան բաց խոցեր և սկսվեցին հաճախակի արնահոսություններ: Ամեն ինչ այնքան վատ էր, որ դիմեցի այլ վիրաբույժների օգնությանը, սակայն, տեսնելով խնդիրը, բոլորը հրաժարվում էին որևէ օգնություն ցուցաբերել՝ պարզաբանելով, որ գոյացությունն անոթի վրա է փաթաթված և տվյալ պարագայում վիրահատելը կարող է վտանգավոր լինել կյանքիս համար, սակայն ամեն ինչ այնքան վատ էր, որ թվում էր, թե մի օր պարզապես կխեղդվեմ: Լսեցի «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մասին, եկա էնդոկրին վիրաբույժների մոտ և խնդրեցի ինձ վիրահատել՝ անկախ վիրահատության արդյունքից, քանի որ այլևս կորցնելու բան չունեի»,- հիշեց կինը:
Վերջինս ուրախությամբ փաստեց, որ վիրահատությունից հետո արդեն իրեն շատ լավ է զգում. «Այն, ինչ տեղի ունեցավ, հրաշք է։ Իմ կյանքը փրկեցին»,- շարունակեց տարեց կինը։
Էնդոկրին վիրաբույժների խոսքով` Հայաստանը համարվում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի՝ բարձր լեռնային դիրք, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվություն, յոդի անհրաժեշտ քանակի պակաս, լարված առօրյա: Այս գործոնները նպաստում են վահանաձև գեղձի հիվանդության՝ «զոբի» առաջացմանը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ժամանակին այցելել բժշկի` ախտորոշելու կամ բացառելու հիվանդությունը և իհարկե, անհրաժեշտության դեպքում բուժել վահանաձև գեղձի հիվանդությունները` անցանկալի հետևանքներից խուսափելու համար:
Նյութի աղբյուրը՝ Tert.am