
308 դիտում
Այրվածքներ․ վնասակար միֆեր և առաջին օգնության ոսկե կանոնը
Այրվածքների դեպքում սխալ առաջին օգնությունը կարող է խորացնել վնասվածքը և բարդացնել հետագա բուժումը։
Տարածված սխալներ, որոնցից պետք է խուսափել
Երբեք մի՛ քսեք այրվածքին ձեթ, մածուն, ատամի մածուկ, սպիրտ կամ ձվի սպիտակուց։ Այս միջոցները կարող են գրգռել վնասված մաշկը, մեծացնել վարակի վտանգը և դժվարացնել բուժումը։
Առաջին օգնության ոսկե կանոնը՝ այրվածքը հովացրե՛ք հոսող զով ջրով։
Առաջին օգնության քայլերը
1. Հովացրե՛ք։ Դադարեցրեք այրող գործոնի ազդեցությունը և այրված հատվածը պահեք հոսող զով ջրի տակ 20 րոպե։ Մի՛ կիրառեք սառույց կամ չափազանց սառը ջուր։
2. Հեռացրե՛ք։ Զգուշորեն հեռացրեք զարդերը և մաշկին չկպած հագուստը՝ նախքան այտուցի առաջացումը։
3. Ծածկե՛ք։ Հովացնելուց հետո այրված հատվածը ազատ ծածկեք ստերիլ, չկպչող վիրակապով կամ սննդային թաղանթով՝ առանց սեղմելու։
Մի՛ ծակեք առաջացած բշտիկները և մի՛ կիրառեք տնային բուժման միջոցներ։
Ե՞րբ զանգահարել 103
Անհապաղ շտապօգնություն կանչե՛ք, եթե՝
Այրվածքը մեծ մակերես է ընդգրկում կամ խորն է։
Վնասվածքն առաջացել է էլեկտրական հոսանքից կամ քիմիական նյութից։
Առկա է շնչուղիների վնասման կասկած։
Տուժածի ընդհանուր վիճակը ծանր է կամ վատանում է։
Դեմքի, ձեռքերի, ոտքերի, սեռական օրգանների և հոդերի շրջանում այրվածքները, ինչպես նաև երեխաների և տարեցների այրվածքները պահանջում են բժշկական գնահատում։
Հիշե՛ք՝ ճիշտ և ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը կարող է նվազեցնել այրվածքի ծանրությունը։