
142 views
Կարմրուկ․ ինչպե՞ս է այն տարածվում և ինչպե՞ս պաշտպանվել
Կարմրուկը սուր վիրուսային բարձր վարակելիությամբ հիվանդություն է: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է՝ ցանի առաջացումից 4 օր առաջ և 4 օր հետո: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։ Կարմրուկի գաղտնի շրջանի միջին տևողությունը 9-11 օր է, սակայն այն կարող է կրճատվել մինչև 7 օր կամ երկարել մինչև 23 օր: Սերտ շփման դեպքում մեկ հիվանդից կարող է վարակվել կարմրուկի նկատմամբ իմունիտետ չունեցող 10 անձից մինչև 9-ը։
Ինչպե՞ս ճանաչել կարմրուկը
Հիվանդությունը հաճախ սկսվում է բարձր ջերմությամբ, հազով, քթահոսությամբ, աչքերի կարմրությամբ և արցունքահոսությամբ։ Մի քանի օր անց ի հայտ է գալիս ցան, որը սովորաբար սկսվում է դեմքից և տարածվում մարմնի մյուս հատվածներում։
Ի՞նչ բարդություններ կարող է առաջացնել կարմրուկը
Կարմրուկի հաճախ հանդիպող բարդութուններից են՝ միջին ականջի բորբոքումը, լարինգիտը, լարինգոտրախեիտը, բրոնխիտը, թոքաբորբը, հազվադեպ՝ էնցեֆալիտը, մենինգիտ։ Կարմրուկի ժամանակ թոքաբորբը կարող է հանդիպել հիվանդության ցանկացած շրջանում։
Ինչպե՞ս կանխարգելել կարմրուկը
Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է:
Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցի համաձայն երեխաները ստանում են կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստանյութի (ԿԿԽ) երկու դեղաչափ. առաջինը՝ 12 ամսականում, երկրորդը՝ 4–6 տարեկանում։
Սակայն, յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:
Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով:
Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակին պատվաստվել և լրացնել բաց թողնված դեղաչափերը։