
1226 views
Մինչ մեկնաբանություններում կգրեք ձեր ընտրությունը, որպես կլինիկական դեղագետ, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի քանի շատ կարևոր փաստերով, թե ինչպես է մեր սիրելի սուրճը «կռիվ տալիս» որոշ դեղերի ու վիտամինների հետ մեր օրգանիզմում։
Եթե դուք սուրճ եք խմում, ապա այս 3 կանոնը պարտադիր պիտի հիշեք․
1․ Երկաթ և Մագնեզիում․ եթե ընդունում եք երկաթի պատրաստուկներ կամ մագնեզիում, երբեք դրանք մի խմեք սուրճի հետ կամ սուրճից անմիջապես հետո։ Սուրճի մեջ պարունակվող տանինները կարող են մինչև 80 տոկոսով նվազեցնել երկաթի ներծծումը։ Արդյունքում դուք դեղը խմում եք, բայց օրգանիզմը ոչինչ չի ստանում։ Պահպանեք նվազագույնը 2 ժամվա տարածություն։
2․ Վահանաձև գեղձի դեղեր (Լևոթիրոքսին)․ եթե առավոտյան ընդունում եք այս դեղը և անմիջապես վրայից սուրճ խմում, ապա զգալիորեն թուլացնում եք դեղի ազդեցությունը։ Սուրճը խախտում է դեղի ներծծումը ստամոքսում։ Այս դեպքում սուրճ կարելի է խմել դեղն ընդունելուց միայն 30-60 րոպե անց։
3․ Կալցիում և Վիտամին D3․ կոֆեինը նպաստում է օրգանիզմից կալցիումի արտահանմանը մեզի միջոցով։ Եթե ոսկրերի առողջության համար կալցիում կամ վիտամին D եք ընդունում, սուրճի չարաշահումը կարող է դանդաղեցնել ձեր բուժման ընթացքը։
Սուրճն ինքնին հրաշալի ըմպելիք է, բայց միայն այն դեպքում, երբ գիտես դրա ու դեղերի «համակեցության» կանոնները։