
67 views
Պատերազմական իրավիճակում ճիշտ կողմնորոշվելը, բժշկական տեսակետից արագ, ճիշտ և թիրախային օգնություն ցուցաբերելը ամենակարևոր քայլերից մեկն է: «Արմենպրես» -ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ռազմական բժիշկ Վան Եղիկյանի հետ անդրադարձել ենք պատերազմական իրավիճակում առաջին օգնության կարևորությանը, դրա ճիշտ և գրագետ կիրառմանը: Մասնագետն ընդգծեց, որ պատերազմական իրավիճակում բժշկական տեսակետից ամենաառաջնայինը բժշկի ճիշտ կողմնորոշվելն է մարտական գործողությունների վայրում, որպեսզի ժամանակին հասնի և համապատասխան օգնություն ցուցաբերի վիրավորներին: Ըստ նրա՝ ռազմական գործողությունների ժամանակ առաջին ձեռքի տակ անհրաժեշտության բժշկական պարագաների պայուսակ ունենալը առաջնային պայման է ոչ միայն զինվորների, այլ նաև սահմանամերձ բնակիչների համար: «Հաշվի առնելով ժամանակակից պատերազմների վարման եղանակները՝ բավականին հաճախ հանդիպում են ականապայթյունային վիրավորումները, որոնք հիմնականում վնասում են վերջույթները, կրծքավանդակը, որովայնը: Առաջին հերթին թե՛ զինվորը, և թե՛ օգնության հասնող բժիշկը պետք է ունենա ցավազրկման համապատասխան միջոցներ, որպեսզի բացառի ցավային շոկի զարգացումը: Երկրորդը, հաշվի առնելով արյունահոսության վտանգը, պետք է իր մոտ ունենա լարան (ժգուտ), որը հաճախ փրկում է մարդկային կյանքեր: Բացի դա պետք է ունենալ հակաինֆեկցիոն միջոցառումներ իրականացնելու համար նախատեսված յոդ, ջրածնի պերոքսիդ, բինտ, որպեսզի հնարավոր լինի առաջին օգնություն ցուցաբերել»,- ասաց Վան Եղիկյանը: Անդրադառնալով ռազմական բժիշկների գլխավոր առաքելությանը՝ մասնագետն ընդգծեց, որ թե՛ քաղաքացիական բժշկի, թե՛ ռազմական բժշկի առաջնային նպատակն է փրկել հիվանդի կյանքը: Ո՞րոնք պետք է լինեն առաջին անհրաժեշտ գործողությունները, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, եթե ռազմական գործողություների ժամանակ կան վիրավորներ թե՛ զինվորականների, և թե՛ քաղաքացիական անձանց շրջանում և տարածքում չկան բժիշկներ: Ո՞րոնք են ռազմական բժիշկների առանձնահատկությունները, դերակատարությանը և գլխավոր առաքելությունը: Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը: Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան