
47 views
Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող մայրը կարո՞ղ է այդ ժամանակահատվածում այլ գործատուի մոտ աշխատանքի անցնել։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ աշխատող կանանց տրամադրվում է 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության) հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Հարկ է նշել, որ նշված հոդվածով տրված կարգավորումն ունի իմպերատիվ բնույթ, և աշխատողը չի կարող հրաժարվել օրենսդրությամբ հասանելիք իր նպատակային արձակուրդի իրավունքից: Հետևաբար, աշխատողը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքից չի կարող հրաժարվել և այլ գործատուի մոտ աշխատանք իրականացնել։ Իսկ այն դեպքում, երբ նա գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, աշխատանքային օրենսդրությամբ որևէ արգելք չկա․ աշխատողը կարող է մի գործատուի մոտ գտնվել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և աշխատանքի անցնել մեկ այլ գործատուի մոտ։ Եթե հիմնական աշխատողը վերադառնում է աշխատանքի, իսկ իրեն փոխարինողը գտնվում է ֆիզարձակուրդում, ապա փոխարինող աշխատողը ազատվու՞մ է աշխատանքից․ կա՞ օրենքով սահմանված կարգ։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ կնքվում է որոշակի ժամկետով պայմանագիր: Հետևաբար, եթե փոխարինող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է որոշակի ժամկետով՝ ժամկետ սահմանելով մինչև հիմնական աշխատողի վերադարձը, ապա հիմնական աշխատողի վերադարձով պայմանավորված՝ գործատուն կարող է լուծել փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ անկախ այն հանգամանքից, որ փոխարինող աշխատողը գտնվում է նպատակային արձակուրդում։ Ի՞նչ արտոնություններ ունի ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրը։ Երեխա խնամող աշխատողները ՀՀ աշխատանքային օրենսգրքով ունեն հետևյալ երաշխիքները և իրավունքները՝ · երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ՝ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի, · մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողների պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ։ Այս դեպքում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան, · մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ, · մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո, · մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ, · մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ, · մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ, · մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն, · երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը, · մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գործուղման ուղարկվել միայն իրենց համաձայնությամբ, · մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավելն արգելվում է, · եթե մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը, · գործող կարգավորումների համաձայն՝ երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում, և այդ ժամանակահատվածի համար պահպանվում միջին ժամային աշխատավարձը։ Ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատանքը հաշվարկվո՞ւմ է որպես աշխատանքային ստաժ։ Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածները։ 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է շտեմարան ներառված տվյալների հիման վրա: Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական յուրաքանչյուր պայմանագրի սկզբից մինչև այդ պայմանագրի ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվն ընկած ժամանակահատվածը։