
69 դիտում
Մոնտե Կառլոյում անցկացվող արվեստի միջազգային փառատոնի շրջանակում մարտի 25- 27-ը կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Հանդիսատեսին ներկայացվելու է հագեցած մշակութային ծրագիր: Սպասվում է բալետի պրեմիերա, որի երաժշտության հեղինակները կոմպոզիտորներ Միշել Պետրոսյանն ու Արամ Հովհաննիսյանն են: Հնչելու են նոր ստեղծագործություններ, ծրագրերով հանդես են գալու նաև Սերգեյ Փարաջանովի թանգարանը, «Գյուրջիև» անսամբլը, դաշնակահար Վարդան Մամիկոնյանը, սոպրանո Կարինե Բաբաջանյանը և այլք: «Արմենպրես» - ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը նշեց, որ այս փառատոնը Մոնակոյում տարվա կարևոր մշակութային միջոցառումներից է: Փառատոնի տնօրենը Բռունու Մանտովանին է, ով երկար տարիներ Փարիզի կոնսերվատորիայի ղեկավարն էր: Այս տարի նա նորամուծություն է մտցրել փառատոնում և շեշտադրել հայկական մշակույթը: «Կարելի է ասել, որ լինելու է հայկական weekend: Ներկայացվելու է հայկական կերպարվեստը, երաժշտությունը: Այս փառատոնի շրջանակում երբեք չի եղել, որ այսպիսի կենտրոնացում լիներ հայկական մշակույթի վրա: Այս տարվա մոտեցումը կարևոր քայլի ու հատուկ վերաբերմունքի մասին է խոսում»,-ասաց Միշել Պետրոսյանը: Հայկական մշակույթի օրերի շրջանակի առանցքում հայ ստեղծագործողների բալետի պրեմիերան է: Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ բալետի հետ կապված առաջարկը ստացվել է Բռունու Մանտովանիից: «Բավական բարդ էր ստեղծագործական պրոցեսը, քանի որ մենք գործ ունեինք արվեստի հարակից մի ճյուղի հետ: Երաժշտությունն ինքնին շատ բաների մասին կարող է խոսել, բայց երբ այն առնչվում է բալետի հետ, արդեն այլ մոտեցումներ են հարկավոր: Ուստի մեզ համար այդ աշխատանքը բավական լուրջ փորձառություն էր»,-ասաց Արամ Հովհաննիսյանը: Բալետն այս տարվա նոյեմբերին ներկայացվելու է նաև Հայաստանում: «Գյուրջիև» անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանը նշեց, որ վերջին շրջանում կատարել է Գյուրջևի ստեղծագործությունների նոր մշակումներ, սակայն այս փառատոնում շեշտադրվելու է Կոմիտասը: «Կհնչեն այն ստեղծագործությունները, որոնք դաշնամուրից փոխադրել եմ հայկական նվագարաններ: Հետաքրքրիր է երաժշտության միջոցով պատմությանն անդրադառնալը: Կհնչեն նաև Գյուրջևի ստեղծագործությունները, մասնավորապես, «Մեծ աղոթք»-ը, որում ամփոփված են ոչ միայն հայկական ավանդույթները, այլև տարբեր կրոնների ծիսական երաժշտական էլեմենտներ կարելի է լսել»,-ասաց Լևոն Էսկենյանը: Սերգեյ Փարաջանովի թանգարանը փառատոնին ներկայանալու է «Նռան գույնը» ֆիլմով: Լինելու է Փարաջանովի ստեղծագործությունների ֆոտոցուցահանդես: Արամ Հովհաննիսյանն ընդգծեց, որ ներկայանում են բավական հետաքրքիր հայկական մշակութային ներկապնակով, ինչը խոսում է այն մասին, որ հայկական մշակույթը ներփակված չէ, այն միտված է գլոբալ հանդիսատեսին: Մոնտե Կառլոյում արվեստի միջազգային փառատոնը մեկնարկել է մարտ 11-ին և տևելու է մինչև ապրիլի 3-ը: