
65 views
Օրգանիզմի թունավորումների առաջացման պատճառները բազմաթիվ են՝ սննդային, ալկոհոլային, սնկային, բոտուլիզմ, շարքը կարելի է անվերջ թվել: «Արմենիա» ԲԿ բժիշկ-թունաբան, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Միքայել Գաբրիելյանի հետ հանդիպման ընթացքում զրուցել ենք բուտիլիզմի, ալկոհոլի եւ սնկային թունավորումների առաջացման պատճառների եւ առողջության վրա հետեւանքների մասին: – Որո՞նք են սնկերից եւ բոտուլիզմից առաջացած թունավորումների առաջին ախտանշանները: – Թունավորման առաջին ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, որովայնի ցավը: – Ե՞րբ են ի հայտ գալիս թունավորման առաջին ախտանշանները: – Եթե սնկային թունավորում է, օրգանիզմն ուշ է արձագանքում թունավորմանը: Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո մարդու ինքնազգացողությունը լիարժեք չի կարգավորվում, հակառակը, աստիճանաբար վիճակը վատանում է: Բարեբախտաբար, Հայաստանում իսկական թունավոր սնկեր չկան, որոնց պարագայում ելքը մահացու է, քանի որ հակաթույն, որպես այդպիսին, գոյություն չունի: Բոտուլիզմի դեպքում` որքան շուտ են սկսվում գանգատները, այնքան ծանր է թունավորված մարդու վիճակը: Եթե 3-5 օր հետո է օրգանիզմն արձագանքում թունավորմանը, ապա ընթացքը լինում է թեթեւ: – Որո՞նք են բոտուլիզմի առաջացման պատճառները եւ ինչպե՞ս խուսափել: – Հայտնի է, որ բոտուլիզմով թունավորման պատճառը հողից վարակն է եւ անաէրոբ՝ անթթվածին միջավայրը: Բոտուլիզմը զարգանում է սննդային պահածոների կիրառումից, որոնց մեջ սխալ վերամշակման արդյունքում հողի առկայության դեպքում` վարակված բոտուլինի հարուցիչներով, անթթվածին պայմաններում արտադրվում է բոտուլինատոքսին, որն էլ առաջացնում է օրգանիզմի թունավորումը: Երեւույթից խուսափելու համար պահածոն բացելուց հետո պետք է օգտագործել 30-40 րոպե բարձր ջերմամշակման ենթարկելուց հետո: Ընդհանուր առմամբ, ցանկալի է օգտագործել գործարանային պայմաններում պատրաստած պահածոներ, քանի որ այնտեղ ապահովվում է անվտանգ պատրաստման համար նախատեսված ջերմամշակման բարձր ջերմաստիճանն ու համապատասխան ճնշումը: Վստահորեն կարող եմ ասել, որ տնային պայմաններում պատրաստած պահածոների համեմատ գործարանային արտադրանքն առավել անվտանգ է: – Վերջին տարիներին սնկային թունավորման ինչպիսի՞ ցուցանիշ է նկատվում: – Բարեբախտաբար, թունավորման դեպքերը նվազել են: Մարդիկ ավելի զգոն ու տեղեկացված են: Առհասարակ, բոտուլիզմին բնորոշ է մասսայական թունավորման դեպքերը: Ինչ վերաբերում է սնկերին, հարկ եմ համարում նշել, որ չի կարելի դաշտերից սունկ հավաքել կամ փողոցային պայմաններում վաճառվող սունկ գնել: Շուկայում վաճառվող սունկը ենթարկվում է լաբորատոր քննության: – Ինչպե՞ս տարբերակել` ի հայտ եկած գանագատները թունավորմա՞ն, թե՞ վարակի հետ կապված ախտանշաններ են: – Օրինակ, բոտուլիզմն ունի ախտանշաններ, որոնք որևէ վարակի դեպքում չի արտահայտվում: Դրանք են` ձայնի փոփոխությունը, երկտեսությունը, կուլ տալու ժամանակ դժվարությունը: Սնկի թունավորման դեպքերի առանձնահատկությունն այն է, որ մարդիկ անմիջապես տեղեկացնում են սնկի օգտագործման մասին: – Սնկի եւ բոտուլիզմի թունավորման դեպքերում որպես առաջին օգնություն ի՞նչ անել: – Պարտադիր դիմել բժշկի օգնությանը: Բժշկի հսկողությունն առաջնային է: Բուտուլինատոքսինի մեկ մգ-ը հինգ միլիոն մարդու կյանք կարող է խլել, իսկ թունավոր սնկի թունավորման դեպքերի 90%-ն ունենում է մահվան ելք: Սնկային թունավորման պարագայում օրգանիզմում միաժամանակ տեղի է ունենում լյարդի եւ երիկամային անբավարարություն: Բոտուլիզմի ժամանակ թունավորումն ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա՝ սկսած ուղեղի աշխատանքից: Ժամանակին բոտուլիզմն ամբողջ աշխարհում համարվում էր կենսաքիմիական զենք, թեպետ այսօր էլ այն ուժեղ թույների շարքում է: https://www.youtube.com/watch?v=mwlf0JWmqgM – Ի՞նչ անել տնային պայմաններում` նախքան բժշկի այցը: – Անհրաժեշտ է շատ ջուր օգտագործել, որպեսզի առաջանա փսխման ռեֆլեքս եւ փսխման միջոցով օրգանիզմից հնարավորինը դուրս բերվի թույնը: – Ի՞նչ անել, եթե առկա են անզուսպ փսխումներ: – Անհապաղ պետք է դիմել բժշկի օգնությանը: Բուժօգնություն ստացած պացիենտների 70-80%-ը լիարժեք բուժվում է: – Ի՞նչ անել, եթե կերակրող մայրը կամ հղին է թունավորվել: – Քանի որ այս կանայք խոցելի են, անհրաժեշտ է, առանց վարանելու, դիմել բժշկի օգնությանը: – Ակտիվացված ածուխի օգտագործումը որքանո՞վ է արդյունավետ: – Այն ունի ժամանակավոր ազդեցություն եւ օգտագործելը չի խրախուսվում: – Ալկոհոլային թունավորման տարածվածության պատկերն ինչպիսի՞ն է: – Ալկոհոլային թունավորումը մեր օրերում տարածված է: Չի կարելի չարաշահել օրգանիզմի հնարավորությունները, պետք է օգտագործել քիչ չափաբաժնով ալկոհոլ: Այս թունավորումը նույնպես ունի իր վտանգավորությունը՝ ընդհուպ մինչեւ գիտակցության կորուստ ու մահ, քանի որ թույնն աստիճանաբար ազդում է ուղեղի վրա եւ արգելափակում նրա աշխատանքը: Ալկոհոլային թունավորման գանգատները նույնն են, ինչ մյուս թունավորումները: Ալկոհոլից թունավորման դեպքում նախանշաններն ի հայտ են գալիս ալկոհոլի օգտագործումից երկու ժամ անց: Ալկոհոլային թունավորումը հատկապես ինչո՞վ է պայմանվորված` ալկոհոլի որակի՞ց, թե՞ օգտագործված քանակի չափաբաժնից: – Թունավորումը կախված է միայն ալկոհոլի չարաշահումից՝ որակը դեր չունի: – Ալկոհոլի որքա՞ն չափաբաժնից սկսած է ազդեցությունը թունավոր: – Դա կախված օրգանիզմի առանձնահատկությունից, հատուկ սահմանված նորմա գոյություն չունի: Առհասարակ, չի կարելի ալկոհոլ օգտագործել սնունդ օգտագործելուց առաջ՝ դատարկ ստամոքսով: – Ալկոհոլի ո՞ր տեսակն է թունավորման ռիսկ պարունակում: – Ցանկացած սպիրտ պարունակող ալկոհոլ վտանգավոր է: Նյութի աղբյուրը՝ armeniamedicalcenter.am