89 views
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Զարդարյանը Tert.am -ի հետ զրույցում ընդգծեց, որ թեև ամռան այս ամիսներին աղիքային հիվանդություններով մարդկանց հոսքը հիվանդանոց մեծացել է, սակայն դրանում որևէ արտառոց բան չկա: «Ամռան ամիսներին աղիքային հիվանդությունների հոսքը մեծանում է, որի մի մասի մոտ հայտնաբերվում է «դիզենտերիա» կոչվող հիվանդությունը, և դրանում որևէ արտակարգ բան չկա»,-ասաց նա: Կոնկրետ «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատությունից, ըստ բժշկի, 6 երեխա է հիվանդանոց բերվել, նրանցից 4-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ (շիգելա), որն արտահայտվել է լուծով, ջերմության բարձրացմամբ: «Բոլորն առողջացել են, մի մասը գնացել է տուն, մի մասը բուժումը ստանում է»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին , որ «Գուլիվեր» մանկապարտեզում երեխաների մոտ դիզենտերիայի դեպք է գրանցվել, հաստատության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Միաժամանակ Էդուարդ Զարդարյանը նշեց, որ եթե նույնիսկ մի մանկապարտեզում 5 երեխայի մոտ այդ հարուցիչը նկատվում է, չի կարելի ասել, որ մանկապարտեզում դիզենտերիայի մեծ բռնկում կա: «Այս երեխաները 4-5 տարեկան են, ուտում են անլվա միրգ, ձեռքերը չեն լվանում, դա պետք չէ կապել որևէ բռնկման հետ: Մենք տարբեր մանկապարտեզներից ամեն օր հիվանդներ ենք ընդունում: Ընդամենը պետք է զգոն լինել, երեխաների սնունդը համապատասխանեցնել շոգ եղանակին, երեխաները ձեռքերը հաճախակի լվանալ»,-ասաց նա: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ միայն 2017թ. հիվանդացում դիզենտերիայով ունեցել են 263 հիվանդ, որոնք բարեհաջող առողջացել են և գնացել տուն: «Այսօրվա դրությամբ ունենք 86 դեպք, ինքներդ դատեք: Թեև առաջիկայում դեռ ամռան ամիսներ են և բավական թվով հիվանդներ, կարծում եմ, կլինեն»,-ասաց նա: Նյութի աղբյուրը՝ Tert.am