
55 views
Շնչառական ուղիները խցանող քրոնիկ պրոգրեսիվող հիվանդությունը` ուղեկցվող հաճախակի սրացումներով, բնորոշվում է որպես թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ): Այս հիվանդությանը բնորոշ է դանդաղ զարգացումը, ինչով պայմանավորված պացիենտները դիմում են բժշկի բավականին ուշ՝ 40-50 տարեկանում, երբ արդեն արտահայտված են բրոնխների քրոնիկ բորբոքման և բրոնխոօբստրուկտիվ համախտանիշի կլինիկական նշանները՝ հազ, դժվարացած շնչառություն: Առավել վաղ գանգատներից է հազը՝ լորձային կամ լորձաթարախային խորխի արտադրությամբ, որը երկար ժամանակ դրսևորվում է միայն առավոտյան (ծխողի առավոտյան հազ): Ժամանակի ընթացքում հազը դառնում է «սովորութային» և անհանգստացնում է պացիենտներին օրվա ընթացքում, հատկապես` գիշերը: Հազը սովորաբար ուժեղանում է տարվա սառը և խոնավ եղանակներին, երբ առավել հաճախ են դիտվում ԹՔՕՀ սրացումները: Այնուամենայնիվ, պացիենտներն արդեն այս շրջանում նշում են դժվարացած շնչառություն, հևոց, ինչպես նաև` ընդհանուր թուլություն, մկանային արագ հոգնածություն, աշխատունակության նվազում: Երկրորդ հաճախ հանդիպող գանգատը, որը գործնականում բնորոշ է ԹՔՕՀ բոլոր պացիենտներին, հևոցն է. այն վկայում է բրոնխոօբստրուկտիվ համախտանիշի ձևավորման և թոքերի շնչառական հատվածների ախտահարման մասին: ԹՔՕՀ պացիենտների շրջանում հևոցը, մեծ մասամբ, ի հայտ է գալիս մի քանի տարի անց՝ խորխարտադրությամբ հազի զարգացումից հետո բավականին ուշ: ԹՔՕՀ ունեցող անձինք կարող են ձեռնարկել մի շարք քայլեր առողջական վիճակի բարելավման և հիվանդության առաջընթացի զսպման նպատակով, մասնավորապես` ♦ դադարեցնել ծխելը, ♦ դրսևորել կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, ♦ պատվաստվել վարակիչ հիվանդությունների, այդ թվում` սեզոնային գրիպի, կապույտ հազի, կարմրուկի, պնևմակոկային և այլ վարակների դեմ: Առողջապահության նախարարության կողմից ԹՔՕՀ դեմ պայքարի շրջանակներում մշակվել են գործելակարգեր, իրականացվում են ծխախոտի դեմ պայքարին ուղղված և մի շարք այլ միջոցառումներ: