
161 դիտում
Մազաթափությունը հաճախ հանդիպող խնդիրներից է։ Այս երևույթը ոչ միայն մեծահասակների, այլև փոքր տարիքի երեխաների մոտ է նկատվում: Մանկաբույժ Աիդա Պապիկյանը մեզ հետ զրույցում նշել է մազաթափության գլխավոր պատճառները: Նախ՝ ի՞նչ է մազաթափությունը : Նորմայում ամեն օր երեխան կորցնում է 50-100 մազ, պաթոլոգիկ է համարվում այն վիճակը, եթե առավոտյան երեխայի բարձի վրա տասից ավելի մազ է նկատվում, կամ ձեռքի մատները մազերի միջով սահեցնելիս 10-ից ավելի մազ է մնում ձեռքում, կամ գլխամաշկին նկատվում են ճաղատ հատվածներ: Մազաթափություն կարող է առաջանալ ցանակացած տարիքում, և պատճառները տարբեր կարող են լինել: Վատ սովորությունններ և սխալ խնամք ։ Օրինակ՝ մազերը ձիգ հավաքել, մազերի հետ խաղալ՝ մեխանիկորեն վնասելով այն, չոր սրբիչով ուժեղ տրորել, անընդհատ ջերմային մշակման ենթարկել (ֆենով, մազի հարթեցման, ալիքավոր դարձնելու սարքերով): Սանրվածքները : Հաճախակի շատ ձիգ հավաքված մազերը կարող են առաջացնել մազաթափություն։ Դա կարող է առաջացնել նաև գլխացավ, գլխապտույտ: Օրվա մեծ մասը երեխաների մազերը պետք է լինեն թույլ հավաքած։ Վարակներ : Փոքր տարիքում մազաթափության պատճառներից են գլխամաշկի վարակները, մասնավորապես՝ սնկային վարակը, որը բնորոշ է և՛ աղջիկներին, և՛ տղաներին և հիմնականում առաջանում է 5-8 տարեկանում: Դեֆիցիտային վիճակներ ։ Մյուս պատճառը, այսպես կոչված, «դեֆիցիտային վիճակներն են, որ հաճախակի են հանդիպում փոքր տարիքում։ Դրանք են՝ սակավարյունություն, ցինկի, երկաթի և այլ կենսական նշանակության միկրոէլեմենտների պակաս (սելեն, P վիտամին` բիոտին և այն): Հիվանդություն։ Երեխաների մազաթափության հազվադեպ հանդիպող պատճառներից են վահանաձև գեղձի հիվանդությունները և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունները: Սթրես: Երբեմն ուժեղ սթրեսը, ինչպես ֆիզիկական (ծանր հիվանդությունը), այնպես էլ հոգեբանական (հարազատի կորուստ), մազաթափության պատճառ կարող է լինել: Այս դեպքում պատճառը մազի բնական աճի փուլերի խանգարումն է սթրեսի պատճառով: Այս տեսակի մազաթափությունն ինքնուրույն վերականգնվում է ամիսների ընթացքում: Նյութը ՝ impoqrik.am