
153 views
Ծծմբային խցանը արտաքին լսողական անցուղում ծծմբի կուտակումն է, որի մեջ առկա են մաշկի մահացած մասնիկներ, կեղտ և փոշի։Խցանի առաջացման արդյունքում, արտաքին լսողական անցուղու լրիվ խցանման ժամանակ հնարավոր է ժամանակավորապես կորցնել լսողությունը։ Մարդու օրգանիզմն օժտված է ինքնամաքրմամբ, այդ թվում՝ արտաքին լսողական անցուղին։ Ականջի ավելորդ ծծմբից ձերբազատման գործընթացը տեղի է ունենում անընդհատ, օրինակ` խոսելիս, սնունդը ծամելիս, ինչպես նաև հազի և փռշտոցի ժամանակ։ Շատերը սխալմամբ կարծում են, որ ականջի ծծումբն ինքնատիպ կեղտ է։ Սա մոլորություն է, քանի որ այդ խիտ, կպչուն հեղուկը պաշտպանում է մեր ականջը կեղտից և փոշուց։ Ծծմբային խցանի առաջացման պատճառները • անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները • արտաքին լսողական անցուղում մեծ քանակությամբ մազերը • արտաքին միջավայրը • օդում ավելցուկային փոշու և այլ միկրոմասնիկների առկայությունը • մաշկային հիվանդությունների առկայությունը (էկզեմա, դերմատիտ • արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակը, որը ծծմբային խցանի ակտիվ բաղադրիչներից է։ • Ականջակալների կիրառումը Բնորոշ ախտանշանները՝ • լսողության կտրուկ և զգալի կորուստ, • ականջի փակվածության զգացում, ինչի պատճառով ավելի լավ լսվում է սեփական ձայնը, քան ինչ տեղի է ունենում շրջապատում, • աննշան ցավ, • եթե խցանը ճնշում է թմբկաթաղանթը, կարող են դիտվել թեթև գլխապտույտ, սրտխառնոց, ցավ` փակված ականջում Ծծմբային խցանի բուժումը Ծծմբային խցանի բուժման միակ թույլատրելի եղանակը խցանի հեռացումն է։ Գոյություն ունի ականջի խցանից ձերբազատման երկու եղանակ՝ մեխանիկական հեռացում կամ լուծում։ Մեթոդի ընտրությունը պայմանավորված է խցանի առաջացման պատճառներով, չափերով, բաղադրությամբ և պացիենտի տարիքով։ Dr. Astine Sargsyan