Կրծքագեղձի քաղցկեղի բուժման տակտիկա
Կրծքագեղձի քաղցկեղի բուժման տակտիկան կախված է քաղցկեղի ենթատիպից և կրծքագեղձի սահմաններից դուրս նրա տարածման աստիճանից` լիմֆատիկ հանգույցներում (II կամ III փուլ) կամ օրգանիզմի այլ տեղամասերում (IV փուլ )։
Քաղցկեղի ռեցիդիվի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար համակցում են բուժման տարբերակները։
Դրանց թվին են պատկանում`
Վիրահատական
Ճառագայթային
Դեղորայքային
● Հորմոնալ թերապիա
● Քիմիաթերապիա
● Թիրախային թերապիա
Վիրահատական միջամտության ժամանակ կարող է հեռացվել միայն չարորակ ուռուցքը (այսպես կոչված լամպէկտոմիա) կամ ամբողջ կրծքագեղձը (մաստէկտոմիա)։
Կրծքագեղձի քաղցկեղի բուժման գործում կարևոր դեր է խաղում ճառագայթային թերապիան։ Ճառագայթային թերապիան ազդում է մնացորդային միկրոսկոպիկ չարորակ գոյացությունների վրա (որոնք կարող են մնացած լինել կրծքագեղձի հյուսվածքում կամ լիմֆատիկ հանգույցներում) քաղցկեղի ռեցիդիվի հավանականությունը հասցնում նվազագույնի։ Կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլում կարող է չեղարկել մաստէկտոմիայի անհրաժեշտությունը։ Հետագա փուլերում ճառագայթային թերապիան կարող է ցածրացնել ռեցիդիվի ռիսկը, անգամ եթե կատարվել է մաստէկտոմիա։ Հիվանդության ուշ փուլերում ճառագայթային բուժումը կարող է որոշ դեպքերում փոքրացնել կրծքագեղձի քաղցկեղից մահվան հավանականությունը։
Կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար պրեպարատների ընտրությունը կատարվում է տվյալ քաղցկեղի կենսաբանական հատկությունների հիման վրա որոնք որոշվում են յուրահատուկ թեստերի միջոցով (քաղցկեղային մարկերների որոշում)։ Կրծքագեղձի քաղցկեղի դեղորայքային թերապիան իրականացվում է մինչև վիրահատական միջամտությունը (նեոադյուվանտ թերապիա) կամ դրանից հետո (ադյուվանտ թերապիա), կախված քաղցկեղի կենսաբանական ենթատիպից։
Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում, որպես հորմոնկախյալ ուռուցք, չափազանց կարևոր է համարվում հորմոնային բուժումը։ Վերջինիս պլանավորման և կանխորոշման ժամանակ կարևոր նշանակություն ունի ուռուցքային հյուսվածքում էստրոգենային և պրոգեստերոնային ընկալիչների (հորմոնային ռեցեպտորների) որոշումը, հիվանդների տարիքը, դաշտանային ֆունկցիայի (մենստրուալ ստատուս) վիճակը։ Ուռուցքում դրական հորմոնային ռեցեպտորների առկայության դեպքում նշանակվում եմ հակաէստրոգեններ, արոմատազայի ինհիբիտորներ։
Վերջին տարիներին կրծքագեղձի քաղցկեղի դեղորայքային բուժման ժամանակ մեծ նշանակություն են տալիս ուռուցքի աճի գործոնների ընկալիչների վրա ազդեցությանը, այսպես կոչված <<թիրախային բուժմանը>> (targeted therapy)։ Ուռուցքում HER2/neu ռեցեպտորների առկայության դեպքում նշանակվում են տրաստուզումաբ կամ լապատինիբ դեղամիջոցները (հակա-HER2 բուժում)։
Կրծքագեղձի քաղցկեղի բուժման մեթոդների արդյունավետությունը կախված է բուժման ամբողջական կուրսի կատարումից։ Մասնակի բուժումը հազվադեպ է հանգեցնում հիվանդության արդյունավետ ելքին։

