
55 views
Հայաստանում էսթետիկ եւ վերականգնողական վիրաբուժության զարգացման, երիտասարդ վիրաբույժների մասնագիտական ունակությունների եւ նախապատվությունների, երիտասարդացնող պրոցեդուրաներ սկսելու նախընտրելի տարիքի եւ այլ հարցերի շուրջ խոսել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժական ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արմեն Ռաֆայելի Հովհաննիսյանը, որի հետ հարցազրույցը հրապարակվել է «Էրեբունի» ԲԿ-ի կայքում: Հայաստանում պլաստիկ վիրաբուժության պիոներներից եք համարվում: Պատմեք, խնդրում եմ, ինչպե՞ս եք ընտրել այս մասնագիտությունը: 1987 թվականին Երեւանի Բժշկական Ինստիտուտն ավարտելուց հետո մեկնեցի Մոսկվա՝ ընդհանուր վիրաբուժության «նպատակային» կլինիկական օրդինատուրա անցնելու համար: Դեռ ուսանողական տարիներից ես Երեւանի Շտապ օգնության հիվանդանոցում աշխատում էի որպես վիրաբույժ եւ տարված էի իմ մասնագիտությամբ: Սակայն Մոսկվայում զգացի, որ իմ աշխատանքի մեջ ինձ պակասում է ստեղծագործական ձիրքը, եւ որոշեցի փոխել մասնագիտությունս եւ ընդհանուր վիրաբուժությունից անցա միկրովիրաբուժության: Այդ ժամանակ միկրովիրաբուժությունը բավական երիտասարդ մասնագիտություն էր, իսկ երկրում քիչ մասնագետներ կային: Ինչ վերաբերում է պլաստիկ վիրաբուժությանը, ապա այդպիսի մասնագիտություն Խորհրդային Միությունում ընդհանրապես չկար, սակայն արդեն 1980-ականների վերջին սկսեց ի հայտ գալ` հենվելով միկրովիրաբուժության եւ վերակառուցողական վիրաբուժության փորձի վրա: 1992 թվականն էր: Հայաստանը պատերազմական վիճակում էր, ամեն օր վիրավորներ էին բերում հիվանդանոցներ: Վերադառնալուն պես աշխատանքի ընդունվեցի Միքայելյանի անվան Վիրաբուժության Ինստիտուտի միկրովիրաբուժության բաժանմունքում: Այդ ժամանակ մենք էսթետիկայի մասին չէինք էլ մտածում: Պատերազմի ավարտից հետո էսթետիկ բժշկությունը աստիճանաբար սկսեց համբավ ձեռք բերել, եւ մեզ սկսեցին դիմել ավելի ու ավելի շատ մարդիկ, որոնք ցանկանում էին անել քթի, փորի, կրծքի եւ այլ պլաստիկա: Այնուհետեւ տեղափոխվեցի Առաջին կլինիկական հիվանդանոց, իսկ որոշ ժամանակ անց` «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հիմնեցի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության բաժանմունքը: Ներկայում մեր բաժանմունքի գործունեության սպեկտրը բավական լայն է. մենք զբաղվում ենք ե՛ւ վերակառուցողական, ե՛ւ էսթետիկ վիրաբուժությամբ: Դուք վերակառուցողական եւ պլաստիկ վիրաբուժության բնագավառում ապագա շատ մասնագետների համար ուսուցիչ եւ խորհրդատու եք եղել: Իսկ ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը: Ուսանողական տարիներին վիրաբույժի իմ իդեալն էր Հայաստանում հայտնի բժիշկ Հարություն Իվանովիչ Մինասյանը: Նա Հայրենական Մեծ պատերազմի մասնակից էր, զինվորական կեցվածք ուներ, շատ պատասխանատու եւ պարտաճանաչ մարդ էր: Ե՛վ բժիշկները, ե՛ւ հիվանդները պաշտում էին նրան: Այնուամենայնիվ, վիրաբուժության մեջ իմ ուսուցիչը Յուրի Տարասեւիչ Հովակիմյանին եմ համարում: Նա ինձ համար ոչ միայն հիանալի արհեստավարժի, այլեւ իսկական հասուն տղամարդու օրինակ էր: Նա շատ արդար մարդ էր` միշտ պատրաստ օգնելու. Աստված մի արասցե, եթե կոլեկտիվում ինչ-որ մեկի մոտ որեւէ խնդիր առաջանար, նա պատրաստ էր ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնել, օգնել, նեցուկ կանգնել: Շատ բազմագիտակ, անհավանական կարգապահ եւ ներքուստ կազմակերպված մարդ էր: Նա բժշկի, գիտնականի եւ, իհարկե, մարդու անբիծ համբավ ուներ... Անհետաձգելի եւ պլանային միկրովիրաբուժության իր ղեկավարած բաժանմունքներում անընդհատ ընթանում էր պրակտիկ, գիտական եւ ուսումնական ահռելի պրոցես: Իր ստորադասների մեջ նա գնահատում էր աշխատասիրությունը, մասնագիտական աճի ձգտումը: Ինչպես տեսնում եք, բախտս բերել է ուսուցիչների հարցում: Իսկ Ձեզ դուր է գալիս դասավանդել, կիսվել փորձով: Այո՛, ես սիրում եմ փոխանցել իմ գիտելիքներն ու հնարքները երիտասարդ սերնդին: Գիտեք՝ ոչ բոլորի մոտ է ստացվում դասավանդել: Դասավանդող լինելու համար պետք է հաճույք ստանալ այն ամենից, ինչ տալիս ես: Սակայն այսօր խնդիրն այլ է. որքանո՞վ ես զգում քո աշխատանքի արդյունքը: Երբ երիտասարդ բժիշկը խելացի է, ուշադիր, ընդունակ, ձգտում ունի դեպի գիտելիքը, մասնագիտական աճը, այդ դեպքում շատ հաճելի է աշխատել նման մարդու հետ եւ կիսվել փորձով... Այդպիսի երիտասարդներ Ձեր ուսանողների մեջ շա՞տ կան: Ցավոք՝ ոչ: Մյուս կողմից պլաստիկ վիրաբույժ դառնալ ցանկացողների թիվը տարեցտարի մեծանում է, ինչը, սակայն, չի վկայում լավ որակի մասին: Այսօր մեր ամբիոնում 54 կլինիկական օրդինատոր կա: Դա անհեթեթություն է: Նրանցից շատերն իրականում չեն էլ պատկերացնում, թե ինչ է պլաստիկ վիրաբուժությունը: Ոմանց թվում է, որ դա ինչ-որ ներարկումներ կամ ոչ մեծ վիրահատություններ են: Ամենեւին: Ծրագիրը, որով սովորում են մեր կլինիկական օրդինատորները, առավելագույնս մոտեցված է եվրոպականին: Ուսման տարիների ընթացքում օրդինատորներն անցնում են վերքերի սովորական մշակումից մինչեւ բարդագույն միկրովիրաբուժական վիրահատություններ, այսինքն՝ մասնագետ դառնալու համար պետք է անցնել լրիվ կուրսը եւ միայն հետո գտնել այն մասնագիտական ուղղվածությունը, որում քեզ ավելի վստահ կզգաս: Պլաստիկ վիրաբուժությունը բաժանվում է էսթետիկ ու վերակառուցողական բաժինների: Առաջինը զբաղվում է արտաքին ձեւերի եւ կոնտուրների փոփոխմամբ, օրինակ՝ տարիքային փոփոխություններով, իսկ վերակառուցողականը (վերականգնողականը) ուղղված է ֆունկցիաների, ի ծնե արատների եւ հյուսվածքների դեֆեկտների վերականգնմանը եւ այլն: Իհարկե, մեր օրդինատորների մեծ մասն ընտրում է էսթետիկ վիրաբուժությունը, քանի որ այն նորաձեւ է ու պահանջված: Բայց պետք չէ մոռանալ, որ մեր երկիրը գտնվում է պատերազմի եզրին, եւ մենք վերակառուցողական վիրաբուժության բարձրորակ մասնագետների կարիք ունենք: Պլաստիկ վիրաբուժությունը բժշկական մասագիտություններից ամենաստեղծագործականն է: Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը: Իմ աշխատանքի հաջող արդյունքը, առողջացած հիվանդները: Ամեն անգամ, երբ տեսնում եմ հիվանդներիս գոհ դեմքերը, ուրախության եւ բավականության զգացումով եմ լցվում: Չէ՞ որ միշտ հաճելի է գիտակցել, որ կարողացել ես օգնել մարդուն ձեռք բերել վստահություն եւ նրան մի քիչ երջանիկ դարձնել: Ինչո՞ւ որոշ մարդիկ ավելի շուտ են ծերանում, քան իրենց հասակակիցները: Նախ` դա կախված է մարդու գենոտիպից, երկրորդը՝ կենսակերպից, թե ինչ կենսակերպ է վարում, ինչ վնասակար սովորություններ ունի, երրորդը` ուլտրամանուշակագույն ճառագայթների գերազդեցությունից, չորրորդը` կյանքի որակից, սոցիալական պայմաններից եւ այլն: Ո՞ր տարիքից խորհուրդ կտայիք սկսել երիտասարդացնող պրոցեդուրաները: Որոշակի սահմանված տարիք չեմ նշի: Դա շատ անհատական է: Մաշկի որակը լավացնող ոչ մի էսթետիկ պրոցեդուրա չունի տարիքային ցենզ, դրանք կարող են անել նաեւ երիտասարդները: Ինչ վերաբերվում է կնճիռներին, ապա դրանք կարող են լինել միմիկական եւ տարիքային: Մինչ դրանց դեմ պայքար սկսելը պետք է հասկանալ դրանց առաջացման պատճառները: Միմիկական կնճիռները, որպես կանոն, լինում են հարուստ միմիկա ունեցող մարդկանց մոտ, եւ դրանց դեմ պայքարելն անիմաստ է, քանի որ նորից ու նորից հայտնվելու են: Իսկ տարիքային կնճիռները կարող են հայտնվել դեմքին արդեն 24 տարեկանից, եւ ժամանակին էսթետիկ բժշկության մասնագետներին դիմելու եւ դրանք հեռացնելու դեպքում կարելի է երկար տարիներ հետ մղել այն խնդիրները, որոնք հետագայում ստիպված կլինեք ուղղել վիրաբուժական ճանապարհով: Իմ խորհուրդը նրանց, ովքեր ցանկանում են իրենց արտաքինում ինչ-որ բան փոխել. օգտվեք միայն որակյալ ծառայություններից, այլապես կարող են լինել անդառնալի հետեւանքներ: Տեսեք, այսօր ով չի ծուլանում՝ զբաղվում է էսթետիկ բժշկությամբ, ներարկումներ է անում, այն դեպքում, երբ այդ կեղծ մասնագետներից շատերն անհրաժեշտ բժշկական կրթություն չունեն: Մասնագետ ընտրելու հարցին շատ լուրջ է պետք մոտենալ: Ի՞նչ կմաղթեք ընթերցողներին: Ուզում եմ, որ բոլոր մարդիկ առողջ լինեն: Ցավոք, մենք սկսում ենք գնահատել մեր առողջությունը միայն այն ժամանակ, երբ այն կորցնում ենք: Ծերանալու պրոցեսն անդառնալի է, եւև պետք չէ այն ավելի արագացնել: Սիրե՛ք ինքներդ ձեզ եւ ձեր հարազատներին, խնամքով վերաբերվեք ձեր առողջությանը, ուրախացեք կյանքով: