
117 views
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվել է էնդոսկոպի կիրառմամբ հերթական վիրահատությունը: Հիվանդի ձախ ձայնալարի վրա պոլիպ կար, որը նրան սաստիկ խանգարում էր խոսելիս: Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պարզաբանեց ԼՕՌ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Կարեն Սոկոլյանը, որը կատարել է վիրահատությունը, հիվանդը բուհի դասախոս է, եւ պոլիպը նրա մոտ հնարավոր է առաջացել է մասնագիտական գործունեության ` ձայնային ծանրաբեռնվածության հետեւանքով: Վիրահատությունն անցկացվել է էնդոլարինգիալ մեթոդով` առանց կտրվածքի եւ կարերի, բերանի խոռոչի միջով` KARL STORZ ֆիրմայի պորտատիվ էնդոսկոպի կիրառմամբ: Բժշկի խոսքով` նման հիվանդների դեպքում ձայնը նորմալ վերականգնվում է վիրահատությունից հետո հենց առաջին օրը, բայց ինքը, միեւնույն է, հատուկ ձայնային ռեժիմ է նշանակում. հիվանդները պետք է աշխատեն գոնե 7 օր չխոսել, մինչեւ ձայնալարերի վիրահատական վերքը վերջնականապես ապաքինվի: Կարեն Սոկոլյանը նշեց, որ ձայնալարերի նորագոյացությունները, որպես կանոն, զարգանում են ձայնային ռեժիմի խանգարման հետեւանքով: «Սրան կարող է հանգեցնել բղավոցը: Սա այն է, ինչը մենք ձայնի կտրվել ենք անվանում: Ձայնալարերի վրա վնասվածք է առաջանում, որից հետո այնտեղ այտուց, այնուհետեւ պոլիպ է գոյանում»,- ասաց նա` հավելելով, որ վտանգի գործոններ են համարվում նաեւ ծխելը եւ սխալ սննդակարգը: Հիշեցնենք, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կոկորդի եւ քթի վիրահատություններ են կատարում քիչ ինվազիվ էնդոսկոպիկ մեթոդով: Ավելին, կոկորդի եւ քթի հիվանդությունների ախտորոշումը նույնպես էնդոսկոպի միջոցով է կատարվում: Բժշկի խոսքով՝ հիվանդները ԼՕՌ մասնագետներին են դիմում հիմնականում քթային դժվարաշնչության, կոկորդում եւ ականջում ցավերի, ծանրալսության եւ խռպոտության (ձայնալարերի խնդիրների) դեպքերում: «Իզմիրլյան» ԲԿ-ում քթի վիրահատությունների ժամանակ օգտագործվող KARL STORZ ընկերության էնդոսկոպը պորտատիվ է, եւ դա լրացուցիչ առավելություններ է ստեղծում: Այս էնդոսկոպը եզակի է նաեւ նրանով, որ քթի խոռոչը տարբեր անկյուններից դիտելու հնարավորություն է տալիս: