
201 views
Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի երիկամային, զարկերակային հիպերտենզիայի և թոքային բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ ՅԱՍԱՄԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ – Տիկի՛ն Մաթևոսյան, ո՞ր հիվանդությունների դեպքում են դիմում երիկամային և թոքային բաժանմունք: – Այս բաժանմունքում հետազոտվում են ինչպես երիկամային և թոքային, այնպես էլ սիմպտոմատիկ հիպերտենզիայով տառապող հիվանդները: Հոսպիտալացվում են հիմնականում երիկամային (սուր և քրոնիկական գլոմերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ, միզաքարային հիվանդություն, երիկամների ամիլոիդոզ), ինչպես նաև թոքային ախտահարումներով հիվանդները: Այսօր բաժանմունքում աշխատում են երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներ, որոնցից մի քանիսը վերապատրաստվել են արտերկրի առաջատար կլինիկաներում: Բաժանմունքի բազայի հիման վրա գործում են Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների թիվ 2 և թիվ 4 ամբիոնները: Մեզ մոտ ստացիոնար բուժվում են ինչպես պետպատվերի շրջանակում, այնպես էլ ապահովագրված ու վճարովի հիմունքներով դիմող պացիենտները: Բաժանմունքում մեկ տարվա ընթացքում բուժվում է 1200-ից ավելի հիվանդ: Ցավոք, երիկամային հիվանդություններ ունեցող հիվանդների ընդամենը 20%-ն է հիվանդության վաղ շրջանում դիմում բժշկի, քանի որ այս դեպքում գրեթե բացակայում են արտահայտված ախտանիշները, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել հիվանդության զարգացման և երիկամային անբավարարության: – Ինչի՞ հետևանքով են ախտահարվում երիկամները: – Բացի առաջնային ախտահարումներից՝ երիկամներն ախտահարվում են նաև մի շարք հիվանդությունների՝ համակարգային վասկուլիտների, արյան համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի, հոդատապի (պոդագրա), ուռուցքային ախտահարումների, ինչպես նաև` առաջին հայացքից անվտանգ թվացող, հաճախակի օգտագործվող անալգետիկ դեղերի օգտագործման հետևանքով: – Արյան բարձր ճնշում ունեցողներին հաճախ խորհուրդ է տրվում ստուգել երիկամները: Ի՞նչ կապ կա գերճնշման և երիկամային ախտահարման միջև: – Հայտնի է, որ ճնշման բարձրացումը կարող է հանգեցնել գլխուղեղի կաթվածի (ինսուլտ) և սրտի կաթվածի (ինֆարկտ), սակայն քչերը գիտեն, որ գերճնշումը նաև կարող է պայմանավորված լինել երիկամների հիվանդություններով, ինչպես օրինակ՝ գլոմերուլոնեֆրիտը, պիելոնեֆրիտը, երիկամային անոթների նեղացումը և այլն: Նման դեպքերում հիվանդները` առանց ախտորոշման, երկարատև և անարդյունավետ օգտագործում են ճնշման կարգավորմանն ուղղված դեղեր: Գերճնշման դեպքում անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտել նաև երիկամները, քանի որ դրանք արտադրում են հորմոն, որը մասնակցում է ճնշման կարգավորմանը: Պատահական չէ երիկամների ախտահարման և զարկերակային հիպերտենզիայի միավորումը մեկ բաժնում: Հնարավոր է, որ ախտահարվեն երկարատև զարկերակային հիպերտենզիայով տառապող որոշ հիվանդների երիկամները, ինչը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության: Երբեմն դժվար է որոշել, թե երիկամների ախտահարումը առաջնայի՞ն բնույթի է, թե՞ զարկերակային ճնշման հետևանք է: Միայն փորձառու համապատասխան մասնագետը կարող է պատասխանել այդ հարցին և նշանակել անհրաժեշտ բուժում: – Ճնշման ինչպիսի՞ տատանումների դեպքում հիվանդը պետք է դիմի բժշկի: – Երբ ճնշումը բարձրանում է մինչև 140-90 (սա կոչվում է սահմանային հիպերտենզիա), պետք է անպայման բժշկի դիմել: Դա հիպերտենզիայի առաջին շրջանն է, և այդ փուլում հետազոտություններից հետո հնարավոր է առանց դեղորայքի կարգավորել ճնշումը: Սակայն, նախ պետք է պարզել ճնշման բարձրացման պատճառը: Եթե հիվանդը երիտասարդ է, ապա առաջին հերթին պետք է հետազոտել նրա երիկամները, մակերիկամները, հիպոֆիզը, հիպոթալամուսը: Եթե այդ օրգաններում հիվանդություններ կան, ապա դրանք բուժելուց հետո ճնշումն ինքնաբերաբար կկարգավորվի: Եթե երիկամային ախտահարում չկա, այլ կան ճնշման տատանումներ (հատկապես այն դեպքում, երբ մարդն ամբողջ օրն անցկացնում է համակարգչի առջև, չարաշահում է աղը, սպորտով չի զբաղվում), ապա սահմանային հիպերտենզիան հնարավոր է կանխել սննդակարգով և ֆիզիկական համապատասխան ծանրաբեռնվածությամբ: Այդպես հնարավոր է լիարժեք ապաքինման հասնել, եթե, իհարկե, հիվանդն առողջական այլ լուրջ խնդիրներ չունի: Եթե ճնշման բարձրացումը երիկամային հիվանդությունների հետևանք է (սուր կամ քրոնիկական նեֆրիտ), ապա կատարվում է դեղորայքային բուժում: Ճնշման բարձրացում կարող է առաջանալ նաև նյարդային համակարգի գերլարվածության պատճառով: Այս դեպքում արձանագրվում է ճնշման հանկարծակի բարձրացում և նույնքան հանկարծակի իջեցում: – Շաքարային դիաբետը կարո՞ղ է երիկամների հիվանդության պատճառ դառնալ: – Շաքարային դիաբետն աշխարհում ամենատարածված հիվանդություններից է: Այդ հիվանդությունն ունեցող մարդկանց 50 տոկոսի շրջանում զարգանում է երիկամների ախտահարում, որը զգալի բարդացնում է հիվանդության ընթացքը, իսկ 60 տոկոսի դեպքում դառնում է մահվան պատճառ: Դիաբետիկ նեֆրոպատիան արտահայտվում է սպիտամիզությամբ, զարկերակային ճնշման բարձրացումով, այտուցներով, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել երիկամային անբավարարության: Շաքարային դիաբետով հիվանդների շրջանում երեքից հինգ տարի անց նկատվում է անոթների ախտահարում, իսկ երիկամն անոթների կծիկ է: Հիվանդության առաջին շրջանում հիվանդը որևէ գանգատ չի ունենում: Սակայն հաճախ հիվանդի ճնշումը բարձրանում է: Այս դեպքում պետք է մանրակրկիտ հետազոտել երիկամները: Խոսքն արյան ընդհանուր հետազոտության մասին չէ, որը ցանկացած պոլիկլինիկայում իրականացնում են, այլ միկրոալբումինուրիայի որոշման հատուկ հետազոտություն, որը ցույց կտա մեզում կատարված ամենաչնչին փոփոխությունն անգամ: Հատուկ դեղերի շնորհիվ հնարավոր է պայքարել հիվանդության դեմ, որպեսզի այն չզարգանա ու չհանգեցնի երիկամային անբավարարության: Հետևաբար, եթե մարդը հիվանդացել է շաքարային դիաբետով, երեք տարի անց նա պետք է անցնի այդ հետազոտությունը, անկախ նրանից՝ ախտանիշներ կան, թե` ոչ: Իսկ սկզբնական շրջանում, որպես կանոն, ախտանիշներ չեն լինում: – Պարբերական հիվանդությունը կարո՞ղ է հանգեցնել երիկամների ախտահարման: – Ցավոք՝ հաճախ: Պարբերական հիվանդության ժամանակ հիվանդների 30 տոկոսի շրջանում ախտահարվում են երիկամները, ինչը խիստ վատացնում է հիվանդության ելքը, և արագ զարգանում է քրոնիկական երիկամային անբավարարություն: Երբեմն այս հիվանդությունն ունեցող մարդկանց ճիշտ չեն ախտորոշում և այլ հիվանդությունների՝ ռևմատիզմի, գաստրիտի, հոդաբորբի, նեֆրիտի դեմ ուղղված բուժում են նշանակում: Նրանք ժամանակին չեն ստանում համապատասխան բուժում, որը կկանխի երիկամների ծանր ախտահարումը: Պետք է հիշել, որ միայն ժամանակին կատարված ճիշտ ախտորոշումը և բուժումը կարող են կանխել հիվանդության արագ զարգացումը: Նշենք, որ մեր երկարամյա հետազոտությունների արդյունքում մեզ հաջողվել է մշակել բուժման այնպիսի համակարգ, որը նպաստում է արդեն զարգացած երիկամային ամիլոիդոզի հետաճին (ռեգրեսիա): - Այս բաժանմունքում բուժվում են նաև թոքային տարբեր հիվանդություններ ունեցող հիվանդներ: Հատկապես ո՞ր նշանների առկայության դեպքում մարդը պետք է անհանգստանա և դիմի թոքաբանի: - Եթե հիվանդը 3-5 օրից ավելի ունենում է ջերմություն, որին ավելանում են սկզբում չոր, ապա խորխարտադրությամբ ուղեկցվող հազը, թուլությունը, քրտնարտադրությունը, կրծքավանդակի ցավերը, ապա պետք է ենթադրել, որ գործ ունենք բրոնխաթոքային համակարգի ախտահարման հետ: Հիվանդը պետք է դիմի բժշկի և ռենտգեն հետազոտություն անցնի: Չբուժված թոքաբորբը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների. պլևրիտ՝ թոքի թաղանթի բորբոքում, էպիմեա՝ թոքի թաղանթի թարախակույտ, սեպսիս, ինչպես նաև արտաթոքային բորբոքումներ՝ սրտի ախտահարում, անգամ` մենինգիտ, որն անցնում է արյան միջոցով: Եթե մարդը երկար տարիներ ծխում է և խորխարտադրություն ունի, ապա չբուժվելու դեպքում ձեռք է բերում քրոնիկական բրոնխիտ, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է շնչառական անբավարարության: Բուժման արդյունքում բրոնխները մաքրվում են, սակայն, եթե հիվանդը նորից սկսում է ծխել, նույն երևույթները կրկնվում են: Դրան նպաստում են նաև մրսածությունը, իմունիտետի անկումը, տարիքը և այլն: Ô¹Õ¸Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¡ÕºÕ¥Õ½ Õ±Õ´Õ¼Õ¡Õ¶Õ¨, Õ¥Ö€Õ¢ Õ·Ö€Õ»Õ¡ÕºÕ¡Õ¿Õ¸Ö'Õ´ Õ½Õ¸Ö'Ö€ Õ·Õ¶Õ¹Õ¡Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¢Õ¼Õ¶Õ¯Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¡: – Որոշ դեղեր բացասական հետևանքներ են թողնում երիկամների վրա: Ի՞նչ պետք է անել դրանից խուսափելու համար: – Հատկապես ցավազրկող և ոչ սպեցիֆիկ հակաբորբոքային (դիկլոֆենակ, վուրդոն, անալգին, վոլտարեն, ադվիլ, նեմիսիլ և այլն) դեղերի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների ախտահարման: Դա արտահայտվում է հաճախամիզությամբ, մեզի քանակի նվազմամբ, գիշերամիզությամբ, սպիտամիզությամբ, արյան ճնշման բարձրացմամբ և այլն: Այս հիվանդներին հորդորում ենք չչարաշահել վերոնշյալ դեղերը: Խոսքը մեկ-երկու հաբի մասին չէ: Եթե հիվանդին դրանք անհրաժեշտ են, ապա բժիշկն այն պետք է նշանակի կարճ տևողությամբ և անպայման երիկամների վիճակը ստուգելուց հետո: Իսկ եթե այդ դեղերն օգտագործելուց հետո նկատվի արյունամիզություն կամ մեզի քանակի պակաս, ապա դրանց օգտագործումն անմիջապես պետք է դադարեցնել և դիմել երիկամաբանի: – Ի՞նչ դիրքորոշում ունեք դեղերի գովազդի հարցում: – Իմ կարծիքով, չի կարելի գովազդել այնպիսի դեղեր, ինչպիսիք են հորմոնները, հակաբիոտիկները, հիպոտենզիվ դեղերը և այլն: Խնդիրն այն է, որ մարդիկ, ենթարկվելով գովազդի ազդեցությանը, հաճախ որոշում են առանց բժշկի նշանակման օգտագործել դրանք, ինչն անթույլատրելի է, քանի որ նույն դեղը տարբեր հիվանդների վրա տարբեր կերպ է ազդում, հիվանդության տարբեր փուլերում տարբեր ազդեցություն է ունենում: Ի վերջո, սա մաթեմատիկա չէ, բժշկություն է: Այստեղ երկու անգամ երկուսը կարող է հավասար լինել յոթի, որովհետև մենք գործ ունենք օրգանիզմների հետ, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի: Բացի այդ, դեղերի մեծ մասը հակացուցումներ ունի, որոնք կարող են վնասել հիվանդին: http://armeniamedicalcenter.am/arm/news.more/107/