
163 views
Լոգոպեդը՝ խոսքի ու հաղորդակցման խանգարումների վաղ հայտնաբերումն ու հաղթահարման մասին Բնության մեջ խոսքը բնորոշ է միայն մարդուն, որն ունի բազմաթիվ գործառույթներ՝ հաղորդակցման, վարքի կարգավորման, արտաքին աշխարհի հետ ներդաշնակ կապի ստեղծման և այլն: Այսօր խոսելու ենք լոգոպեդիայի մասին, թե ինչպես են խոսքի մասնագետները՝ լոգոպեդներն օգնում մարդկանց լիարժեք ներգրավվել սոցիալական կյանքին: Լոգոպեդիան զբաղվում է խոսքի և հաղորդակցման խանգարումների բացահայտմամբ, կանխարգելմամբ և հաղթահարմամբ: «Մուրացան» պոլիկլինիկայի լոգոպեդ, մ․գ․թ․, պրոֆեսոև Սիրանուշ Կարապետյանը նշում է, որ հոգեֆիզիկական զարգացման տարբեր խնդիրների դեպքում ծնողներին առաջին հերթին անհանգստացնում են երեխայի խոսքի և հաղորդակցման դժվարությունները: Խոսքի խանգարումներնը բացասաբար են անդրադառնում անձի զարգացման վրա և դժվարացնում, երբեմն էլ անհնար դարձնում շփումն ու հաղորդակցումը, այս է պատճառը, որ լոգոպեդական օգնությունը ամենահաճախ մատուցվող ծառայություններից է: Լոգոպեդի փոխանցմամբ՝ խոսքի և հաղորդակցման դժվարությունները կարող են ազդել երեխաների ուսումնական գործունեության արդյունավետության, անձի սոցիալականացման, հետագայում մասնագիտական ընտրության և մասնագիտական գործունեության վրա: Խոսքի ու հաղորդակցման խանգարումների վաղ հայտնաբերումն ու դրանց հաղթահարումը նպաստում է անձի ներառմանը երկրի կրթական, սոցիալական ու մշակութային ոլորտներում: Որ խնդիրների դեպքում պետք է դիմել լոգոպեդի Երբ երեխան չի ընկալում իրեն ուղղված խոսքը, չի կատարում հրահանգները (ծնողները հաճախ այն դիտարկում են կամակորության դրսևորում) Երբ երեխան չի արտաբերում բառեր (1-2 տարեկան), չունի որոշակի բառապաշար (մամա, պապա, տատիկ, պապիկ, տուր, ջուր և այլն) Երբ երեխան (3 տարեկան) չունի կապակցված խոսք, դժվարանում է միտքը ձևակերպել Երբ անձն ունի կակազություն Երբ երեխայի մոտ առկա է կարծր, կամ փափուկ քիմքի ճեղքվածքներ (մինչվիրահատական և հետվիրահատական շրջանում) Երբ երեխայի խոսքն ունի ռնգային երանգ Երբ երեխան ունի հաղորդակցման դժվարություններ Երբ երեխան ունի կլման ակտի հետ կապված խնդիրներ Երբ առկա է ձայնի տարաբնույթ խանգարումներ՝ պայմանավորված տարբեր պատճառներով Երբ առկա է ձևավորված խոսքի կորուստ՝ պայմանավորված տարբեր պատճառներով Երբ առկա է խնդիր գրավոր գրելիս կամ ընթերցանության գործընթացում Երբ տուժած է հնչյունային արտաբերությունը։ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր