
113 views
Տղամարդու հիմնական վերարտադրողական ֆունկցիան իրականացնում են ամորձիները: Նրանց ֆունկցիան կարող է խանգարվել, և այդ ժամանակ առաջանում են նվացող, պուլսացող կամ կրակող բնույթի ցավեր: Առաջացման պատճառները Ամորձիների ցավը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, որոնցից որոշները վիրաբուժական ծանր դեպքեր են և վնասված ամորձու փրկության համար պահանջում են անհետաձգելի բժշկական օգնություն: Վնասվածք: Ամորձիների վնասվածքը հաճախ ուժեղ ցավ է առաջացնում: Ամորձապարկին ուղղակի հարվածը, չնայած, որ այն շատ ցավոտ է , բերում է միայն ժամանակավոր ցավային զգացողությունների առաջացման: Հիմնականում (85 %) ամորձիների վնասումը առաջանում է բութ հարվածի հետևանքով (սպորտային վնասվածքներ, ձեռքով կամ ոտքով հարվածներ, ավտովթարներ, ձիավարության ժամանակ ստացված վնասվածքներ): Ամորձու ոլորում: Ամորձու ոլորումը պահանջում է անհապաղ վիրաբուժական միջամտություն: Տվյալ ախտաբանության դեպքում ամորձին ամորձապարկում ոլորվում է կամ ինքնուրույն , կամ էլ, ինչը հազվադեպ է հանդիպում, ուղղակի վնասվածքի հետևանքով: Երբ ամորձին ոլորվում է , սերմնալարում գտնվող արյունատար անոթները նույնպես ոլորվում են, ինչը բերում է վնասված ամորձու արյունամատակարարման խանգարման: Էպիդիդիմիտ: Էպիդիդիմիտն (ամորձու հավելումների բորբոքում) առավել հաճախ առաջանում է վարակի հետևանքով: Այն հանդիսանում է 18 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ ամորձու ցավի ամենատարածված պատճառներից մեկը , չնայած տվյալ հիվանդությունը հանդիպում է ինչպես նախադեռահասային, այնպես էլ տարեց մարդկանց մոտ: Ամորձու հավելման ոլորում: Սա 7-ից 14 տարեկան տղաների մոտ ամորձիների ցավի ամենահաճախ հանդիպող պատճառն է: Աճուկային ճողվածք: Տվյալ դեպքում ցավն ամորձիներում առաջանում է, երբ աղիների մի մասը դուրս է գալիս աճուկային շրջանի մկանային դեֆեկտով և ներթափանցում ամորձապարկ: Դա կարող է բերել ամորձապարկի այտուցի և ամորձիներում անհարմարավետության զգացողության առաջացման: Օրխիտ (ամորձու բորբոքում): Ամորձու տվյալ բորբոքային հիվանդությունը ընդհանուր առմամբ առաջանում է վարակային պրոցեսի հետևանքով: Երբեմն այն հանդիպում է էպիդիդիմիտի հետ միասին (էպիդիդիմոօրխիտ), հատկապես եթե էպիդիդիմիտը մի քանի օր չի բուժվել: Օրխիտը հիմնականում առաջանում է էպիդեմիկ պարօտիտի հետևանքով (վիրուսային վարակ), թեև այն կարող են առաջացնել նաև այլ վիրուսներ և բակտերիաներ: Ամորձու ուռուցք: Հենց ուռուցքը հազվադեպ է ցավեր առաջացնում ամորձիներում: Կարևոր է կանոնավոր և ինքնուրույն ստուգել ամորձիները՝ ցանկացած ուռուցքի կամ զանգվածի տեղակայումը որոշելու համար, քանի որ վաղ հայտնաբերումը լավացնում է ամորձիների քաղցկեղի կանխատեսումը: Քարեր երիկամում: Երիկամներում քարերի հետևանքով առաջացած ցավը կարող է անցնել ամորձիների շրջան: Վարակ կամ ներորովայնային արյունահոսություն: Սրանք հազվադեպ են ամորձիներում ցավ առաջացնում: Սկզբնաղբյուր. urolog.am