Քեմբրիջ – Անգլիայի էլիտայի դարբնոցը
Քեմբրիջի համալսարանը միգուցե և չլիներ, եթե տեղի չունենար մի արյունալի միջադեպ 1209 թվականին: Օքսֆորդի ուսանողներից մեկը պատահաբար սպանում է մի կնոջ, ինչից հետո քաղաքացիների և գիտնականների միջև բախումներ են սկսվում։ Վախենալով տեղի բնակիչների վրեժխնդրությունից՝ մի խումբ գիտնականներ որոշում են լքել Օքսֆորդը: Նրանք փնտրում էին մի հանգիստ վայր՝ իրենց ուսումը շարունակելու համար, և ընտրում են Քեմբրիջը: Այն ժամանակ Քեմբրիջը կարևոր առևտրային քաղաք էր և ցամաքային խոշոր նավահանգիստ: Այնտեղ արդեն կային կրոնական միաբանություններ և վանքեր, որոնք կարող էին կացարան և գրադարաններ տրամադրել գիտնականներին:
Քաղաքը բավականաչափ հեռու էր Օքսֆորդի խռովություններից, ուստի և որոշում են այստեղ հիմնավորվել։Առաջին աշակերտները հիմնականում կրոնավորներ էին՝ վանականներ, սարկավագներ: Տարիքը շատ փոքր էր՝ մոտ 14-15 տարեկան՝ խոսքը գնում էր ընդամենը մի քանի տասնյակ մարդու մասին: Սովորում էին լատիներեն, քերականություն, տրամաբանություն և հռետորաբանություն: Եթե նայեք Քեմբրիջի հին քոլեջներին, կտեսնեք, որ դրանք հիմնականում կառուցված են քառանկյունների տեսքով՝ ներքին փակ բակերով: Սա արված է միտումնավոր, որպեսզի ուսանողները պետք է կտրված լինեին աշխարհիկ գայթակղություններից:Համալսարանի գոյատևման հարցում վճռորոշ դեր են խաղու եկեղեցին և միապետությունը:
Համալսարանի առաջին դոնորը եկեղեցին էր և որքան էլ զարմանալիորեն հաճելի է, բայց միայնակ կանայք։ Խոսքը գնում է հարուստ կանանց մասին, որոնց երկրորդ անգամ եկեղեցին արգելում էր ամուսնանալ։ Այս կանանց ամուսինները հիմնականում մահանում էին պատերազմներում և ովքեր անժառանգ էին, իրենց ունեցվածքից մի մասը հատկացնում էին կրթությանը։ Նրանց մխիթարանքն այն էր, որ այդտեղ սովորող աշակերտները կաղոթեն իրենց հոգիների համար։ Հիշեցնեմ, որ Անգլիայում եկեղեցին այդ տարիներին շատ ուժեղ դիրքերում էր։ Նման կանանցից էր Լեդի Մարգարետ Բոֆորտը, ով Թյուդորների դինաստիայից էր և Քեմբրիջի ամենաազդեցիկ դոնորը: Նա հիմնում է Christ’s College-ը և St John’s College-ը: Նրա հարստությունը և քաղաքական կապերը Քեմբրիջին տալիս են այն իմունիտետը, որի շնորհիվ համալսարանը սկսեց գերազանցել եկեղեցական սովորական դպրոցներին: Առաջ անցնելով՝ նշեմ, որ Քեմբրիջի համալսարանի ռեկտորն ավելի ազդեցիկ էր, քան ասենք չգիտեմ ում ասեմ, լավ ենթադրենք ինչ-որ մի պաշտոնյա, որովհետև անմիջական թագավորի հետ էր շփվում ու նրան տրամադրում հիանալի կադրեր։
Հենրի III թագավորը 1231 թվականին հրովարտակով պաշտոնապես ճանաչում է համալսարանը և կարգադրում քաղաքի բնակիչներին ուսանողներից չափից շատ վարձ չգանձել կացարանի համար։ Բացի այդ, նրանք ազատվում էին օրենքով պատժվելուց՝ մահապատիժ, կամ մարմնական հարվածներ, և պիտի պատժվեին միայն եկեղեցու կանոններով։ Իսկ Հենրի VIII-ը և Եղիսաբեթ I-ը սկսեցին հովանավորել համալսարանը՝ որպես պետական պաշտոնյաների և հոգևորականների պատրաստման կենտրոն: Իսահակ Նյուտոնի հայտնվելը Քեմբրիջում այն դարձնում է գիտության համաշխարհային կենտրոն: Սա գրավում է ազնվականությանը, ովքեր ցանկանում էին իրենց որդիներին տալ լավագույն կրթությունը: Մինչև 19-րդ դարը Քեմբրիջը հիմնականում անգլիկան եկեղեցու հետ էր կապված:
Բարեփոխումներից հետո այն բացվեց բոլորի համար, և Բրիտանական կայսրության ամբողջ վերնախավը (քաղաքական գործիչներ, դիվանագետներ) պարտադիր անցնում էր այս դպրոցով: Հենրի III թագավորը միավորում է Քեմբրիջի երկու հաստատությունները՝ ստեղծելով Trinity College-ը՝ աշխարհի ամենահարուստ կրթական հաստատություններից մեկն է, օրինակ՝ Trinity College-ն այնքան հարուստ է, որ ասում են՝ նրանց պատկանող հողերով կարելի է Քեմբրիջից քայլել մինչև Օքսֆորդ՝ առանց ուրիշի հողի վրա ոտք դնելու: Նրանք տիրապետում են հսկայական անշարժ գույքի Լոնդոնում, ներառյալ O2 Arena-ի տակ գտնվող հողերը:
Մինչև 18-րդ դարը Քեմբրիջը դեռ սովորական հաստատություն էր, բայց նրա Էլիտարացումը սկսվում է այն ժամանակ, երբ ներդրվում է Tripos-ը՝ աշխարհի ամենադաժան և մրցակցային քննական համակարգը: Tripos անունը գալիս է երեք ոտանի աթոռից, որի վրա նստում էր քննողը: Ուսանողները պետք է ժամերով մաթեմատիկական խնդիրներ լուծեին: Նրանց, ովքեր ամենաբարձր միավորներն էին հավաքում, անվանում էին Wranglers: Այս ցուցակները հրապարակվում էին բոլոր թերթերում: Լինել “Առաջին Wrangler” նշանակում էր ավտոմատ կերպով դառնալ Բրիտանական կայսրության վերնախավի անդամ:
Քեմբրիջի Supervision համակարգը
Սա Քեմբրիջի ամենամեծ գաղտնիքն է և նրա էլիտարության հիմքը: Ի տարբերություն սովորական համալսարանների, որտեղ դասախոսը խոսում է 200 հոգանոց լսարանի առաջ, Քեմբրիջում կա Supervision: Շաբաթը մեկ կամ երկու անգամ դու նստում ես աշխարհի լավագույն պրոֆեսորներից մեկի հետ՝ մեկը-մեկի, կամ երկուսի դեմ: Դու գրել ես ինչ-որ էսսե, և պրոֆեսորը մեկ ժամ շարունակ քրքրում է քո ամեն մի նախադասությունը: Սա արվում է նրա համար, որ ուսանողի մոտ զարգանա անհավանական ինտելեկտուալ տոկունություն: Քեզ սովորեցնում են ջախջախել ցանկացած փաստարկ: Դու սովորում ես խոսել այնպես, որ նույնիսկ եթե թեմայից տեղյակ չես, կարողանաս կառավարել քննարկումը: Սա է պատճառը, որ Քեմբրիջի շրջանավարտները դառնում են լավագույն քաղաքական գործիչները, իրավաբանները և բանակցողները: Ոնց հասկանում եմ, այստեղ մարդը չի սովորում, այլ մարտի է բռնվում:
Օրինակ՝ Անգլիայում գործում է մի սկզբունք՝ “Ոչ թե այն, ինչ գիտես, այլ այն, թե ում գիտես”: Ու այստեղից էլիտան արդեն իրար ճանաչում է և իրար հետ սովորում է մի հարկի տակ, որն արդեն տևում է գրեթե 800 տարի: Բրիտանական կայսրության ժամանակաշրջանում բոլոր գաղութների կառավարիչները պետք է ունենային նույն ակցենտը, նույն մտածելակերպը և նույն կրթությունը: Ամեն շաբաթ դուք պետք է գրեք 2000-4000 բառանոց շարադրություն՝ կարդալով մոտ 10-15 հաստափոր գիրք: Դուք ժամանակ չունեք ամեն ինչ կարդալու: Քեմբրիջը քեզ սովորեցնում է ինֆորմացիոն զտման արվեստը՝ ինչպես հսկայական աղբի մեջից գտնել հիմնական միտքը 5 րոպեում: Երբ դուք կարդում եք ձեր շարադրությունը, պրոֆեսորը ձեզ կանգնեցնում է ամեն նախադասության վրա:
– Ինչո՞ւ օգտագործեցիր այս բառը:
– Ի՞նչ ի նկատի ունեիր:
– Իսկ եթե ես ասեմ, որ քո այս թեզը հիմնված է կեղծ ենթադրության վրա:
Սա ոչ թե գիտելիք է տալիս, այլ սովորեցնում է հոգեբանական տոկունություն: Քեմբրիջի շրջանավարտին հնարավոր չէ շփոթեցնել բանակցությունների ժամանակ կամ խորհրդարանում, որովհետև նա անցել է ինտելեկտուալ “քլնգոցի” միջով: Կզարմանաք, բայց այնտեղ 19 տարեկան պատանիները երբեմն բանավիճում են նախարարների հետ:Քեմբրիջում ուսանոցները սովորում են պատմությունը որպես ստրատեգիական կառավարման ձեռնարկ: Նրանք ուսումնասիրում են Հռոմեական կայսրությունը և Բրիտանական կայսրությունը ոչ թե քննադատելու, այլ մեթոդները հասկանալու համար: Ինչպե՞ս է մի փոքրիկ կղզին կառավարել աշխարհի 1/4-ը: Ի՞նչ հոգեբանական հնարքներ են օգտագործվել տեղացի էլիտաներին հնազանդեցնելու համար: Նրանք ուսումնասիրում են, թե ինչպես են կայսրությունները փլուզվել ներքին երկպառակությունից և ինչպես է հնարավոր եղել պահել իշխանությունը «բաժանիր, որ տիրես» սկզբունքով։ Սա ոչ թե անցյալի մասին է, այլ ապագան կառավարելու գործիքակազմի։
Քեմբրիջի համալսարանը և նրա քոլեջները միասին տիրապետում են ավելի քան 12-15 միլիարդ ֆունտ ստերլինգի ընդհանուր ակտիվների։ Սա ավելին է, քան շատ փոքր երկրների ՀՆԱ-ն։ Այս հարստությունը թույլ է տալիս Քեմբրիջին լինել անկախ կառավարությունից։ Եթե պետությունը դադարեցնի ֆինանսավորումը, Քեմբրիջը դեռ դարերով կարող է գոյատևել իր սեփական եկամուտների հաշվին։ Բայց որտեղի՞ց այսքան գումար։ Նույն նորվեգական սխեման է՝ Քեմբրիջն ունի իր սեփական ներդրումային գրասենյակը՝ Cambridge University Endowment Fund (CUEF), որը գումարները ներդնում է բաժնետոմսերի, մասնավոր կապիտալի և տեխնոլոգիական ստարտափների մեջ։
Այստեղ են սովորել Իսահակ Նյուտոնը, Չարլզ Դարվինը, Սթիվեն Հոքինգը, Ջեյմս Կլերկ Մաքսվելը, Ջեյմս Ուոթսոնը՝ ԴՆԹ-ի հայտնագործողը, Ջոն Մեյնարդ Քեյնսը, Լորդ Բայրոնը, բացի այդ տվել է Մեծ Բրիտանիայի 15 վարչապետ, այդ թվում նաև օտարերկրյա երկրի վարչապետ, օրինակ՝ Հնդկաստանի վարչապետ Ջավահարլալ Ներուն։
Անցնենք սկանդալներին!
Ի դեպ, մի հայտնի պատմություն կա Քեմբրիջյան հնգյակի մասին։ Սա համալսարանի պատմության ամենամեծ սկանդալն է: 1930-ականներին Քեմբրիջի ամենաէլիտար ուսանողներից հինգը, այդ թվում՝ Քիմ Ֆիլբին, հավաքագրվում են խորհրդային ԿԳԲ-ի կողմից: Ինչու՞ հենց Քեմբրիջում: Որովհետև բրիտանական հետախուզությունը՝ MI6-ը, այնքան էր վստահում Քեմբրիջի շրջանավարտներին, որ նրանց չէր ստուգում: Նրանք համարվում էին յուրային: Այս լրտեսները տասնամյակներ շարունակ դավաճանում են Արևմուտքին՝ ապացուցելով, որ էլիտար կրթությունը երբեմն կարող է դառնալ ամենավտանգավոր զենքը: Այս մասին Youtube-ում շատ հաղորդումներ կան, կարող եք նայել:
Vahagn Dilbaryan

