Wednesday, March 18, 2026
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ֆիզիկական ակտիվությունն առողջ ապրելակերպի հիմնական բաղադրիչներից է

Ֆիզիկական ակտիվությունն առողջ ապրելակերպի հիմնական բաղադրիչներից է և կարևոր դեր ունի մարդու առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման գործում։ Այն ներառում է ցանկացած շարժում՝ քայլելը, վազելը, հեծանիվ վարելը, սպորտով զբաղվելը կամ նույնիսկ առօրյա ակտիվ տեղաշարժը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկը, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և որոշ քաղցկեղների։ Միաժամանակ այն նպաստում է հոգեկան առողջության բարելավմանը և կյանքի որակի բարձրացմանը։

Կանոնավոր շարժումն օգնում է՝

🚶 պահպանել և կարգավորել մարմնի քաշը,

🩺նվազեցնել արյան ճնշումը և բարելավել նյութափոխանակությունը,

🦴 ամրացնել ոսկրային և մկանային համակարգերը,

😌 նվազեցնել սթրեսը, անհանգստությունը և ընկճվածության դրսևորումները,

💤բարելավել քնի որակը և ինքնազգացողությունը։

👨‍👩‍👧‍👦Ֆիզիկապես ակտիվ լինելը կարևոր է տարիքային բոլոր խմբերի համար՝ երեխաներից մինչև տարեցներ։ Առողջության պահպանման համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս՝

• մեծահասակներին շաբաթական առնվազն 150–300 րոպե չափավոր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն,

• կամ 75–150 րոպե բարձր ինտենսիվության ակտիվություն,

• ինչպես նաև շաբաթական առնվազն 2 օր մկաններն ամրացնող վարժություններ։

Երեխաներին և դեռահասներին խորհուրդ է տրվում օրական առնվազն 60 րոպե ֆիզիկական ակտիվություն։ Ֆիզիկական ակտիվությունը պարտադիր չէ սահմանափակվի մարզասրահով կամ սպորտով։ Այն կարող է լինել նաև՝

🚶‍♂️🚴‍♀️ քայլելն ու հեծանիվ վարելը,

🏡🌱 տնային կամ այգու աշխատանքները,

⚽🎯 ակտիվ խաղերը։

Նույնիսկ փոքր փոփոխությունները կարող են ունենալ զգալի ազդեցություն առողջության վրա։ Օրինակ՝ ավելի հաճախ քայլելը, աստիճաններով բարձրանալը կամ նստակյաց ժամանակը կրճատելը կարող են բարելավել առողջական ցուցանիշները։

x Close

Like Us On Facebook