Friday, December 12, 2025
Նորություններ

Ալկոհոլային կախվածությունը քրոնիկական, պրոգրեսիվող հիվանդություն է, որն առաջանում է ալկոհոլի երկարատև օգտագործման արդյունքում

Ալկոհոլային կախվածությունը քրոնիկական, պրոգրեսիվող հիվանդություն է, որն առաջանում է ալկոհոլի երկարատև օգտագործման արդյունքում` ձևավորելով հոգեկան ու ֆիզիկական կախվածություն. այն զարգանում է աստիճանաբար` ըստ փուլերի։

🔹 Առաջին փուլ

Բնորոշվում է ոչ հաճախակի կրկնվող դրվագային հարբեցողությունից` անցումով պարբերական հարբեցողության: Թուլանում է ալկոհոլի օգտագործման քանակական և իրավիճակային վերահսկողությունը։ Բարձրանում է օրգանիզմի տանելիությունը, և նույն ազդեցության հասնելու համար պահանջվում է ավելի մեծ քանակի ալկոհոլ։

🔹 Երկրորդ փուլ

Այս փուլում տանելիությունը հասնում է գագաթնակետին։ Ալկոհոլի ընդունումը անհրաժեշտ պայման է դառնում օրգանիզմի «նորմալ» կենսագործունեությունն ապահովելու համար։ Փուլի հիմնական նշանը զրկանքի համախտանիշի ձևավորումն է, որը դիտվում է ալկոհոլի սովորական դարձած չափաքանակների ընդունման կտրուկ դադարեցման դեպքում: Արդյունքում դրսևորվում են հոգեկան, սոմատովեգետատիվ և նյարդաբանական ախտանիշներ, դիտվում են անձի վարքի փոփոխություններ`

☑️ հիգիենայի կանոնների անտեսում,

☑️ աշխատանքի կորուստ,

☑️ ֆինանսների վատնում հիմնականում ալկոհոլի ձեռքբերման նպատակով։

🔹 Երրորդ փուլ

Օրգանիզմի տանելիությունը նվազում է, և նույնիսկ փոքր քանակի ալկոհոլն առաջացնում է արտահայտված հարբածություն։ Այդ պատճառով ընդունումը դառնում է կոտորակային՝ քիչ, բայց հաճախակի։

Զրկանքի համախտանիշը հասնում է առավելագույնի, որի ժամանակ մեծանում է ցնցումային համախտանիշի առաջացման ռիսկը, կարող է առաջանալ նաև ալկոհոլային էնցեֆալոպաթիա և պոլինեյրոպաթիա։

Այս փուլում հիվանդները հաճախ դառնում են անաշխատունակ, և տուժում են հոգեկան գործունեության գրեթե բոլոր ոլորտները։

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում Հայաստանի քաղաքացիների համար բուժօգնությունը կազմակերպվում է կամավոր հիմունքներով, պետական պատվերի շրջանակում, պացիենտի դիմումի հիման վրա` ապահովելով անձնական տվյալների գաղտնիությունը: Կենտրոնում տրամադրվում է համալիր բուժում, որը ներառում է.

☑️ նարկոլոգիական, նյարդաբանական և սրտաբանական խորհրդատվություն,

☑️ լաբորատոր և գործիքային հետազոտություններ (ԷՍԳ, ՈՒՁՀ),

☑️ սոցիալական և հոգեբանական աջակցություն։

Լրացուցիչ տեղեկությունների և նարկոլոգի խորհրդատվության համար կարող եք այցելել Կախվածությունների բուժման ազգային կենտրոն կամ զանգահարել 📞 012-27-27-27 հեռախոսահամարով:

x Close

Like Us On Facebook