Saturday, December 27, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ամառ, արև, վիրուսներ. որ վարակիչ հիվանդություններն են հատկապես տարածված շոգ եղանակին և ինչպես պայքարել դրանց դեմ. մեկնաբանում է բժիշկը

«Ամռան ամիսներին օդի ջերմաստիճանի, խոնավության տատանումները, սննդի, ձեռքերի հիգիենայի խախտումները հանգեցնում են հիվանդությունների տարածմանը, թեև թվում է, թե շոգ եղանակը պետք է մեզ պաշտպանի վիրուսներից»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում հայտնեց «Հերացի» պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Նարինե Ներսեսյանը՝ ընդգծելով, որ վիրուսներով վարակվելու ռիսկը մշտապես առկա է:

Ըստ նրա, վարակիչ հիվանդությունները լինում են ինչպես կառավարելի, այնպես էլ ոչ կառավարելի.

«Կառավարելի են այն հիվանդությունները, որոնց նկատմամբ կան պատվաստումներ և հիվանդության աճը հնարավոր է նախօրոք պրոֆիլակտիկ եղանակով՝ պատվաստումների միջոցով կանխել: Սակայն, վերջին ժամանակներս գլուխ են բարձրացրել նաև կառավարելի հիվանդությունները՝ մասսայաբար բնակչության կողմից պրոֆիլակտիկ պատվաստումներից հրաժարվելու հետևանքով: Պատվաստումների դեմ տարվող քարոզը բացասաբար է ազդում բնակչության իմունշերտի ձևավորման վրա, որը բերում է հիվանդությունների տարածմանը: Կառավարելի հիվանդություններից են համարվում օրինակ կարմրուկը, խոզուկը, որոնք երկար ժամանակ Հայաստանում չէին արձանագրվել, բայց վերջին տարիներին հատկապես տարիքային մեծ խմբերում են սկսել արձանագրվել»:

👩‍⚕️Ընտանեկան բժշկի խոսքով՝ ամռանը հատկապես շատ են հանդիպում աղիքային ինֆեկցիաները, օրինակ էնտերովիրուսը, նաև ինչպես նաև մեծ տարածում է ստանում ադենովիրուսը, կոկսակի վիրուսը, հեպատիտ Ա-ն. «Վերջին ժամանակներս նաև տզի կծելուց հետո են տարատեսակ հիվանդություններ առաջանում»:

Մասնագետի փոխանցմամբ, վիրուսային հիվանդություններն ունեն կլինիկական նշաններ, նաև՝ վտանգի նշաններ ու եթե անգամ դրանցից 1-2-ը նկատելի են դառնում պետք է դիմել բուժօգնության՝ խուսափելով ինքնաբուժությունից.

«Վիրուսներն ունեն կարճ ինկուբացիոն շրջան՝ մինչև 5 օր, իսկ հիվանդությունը կարող է տևել մինչև 10 օր: Առաջինն օրգանիզմի ջրազրկումն է, որն արտահայտվում է բերանի լորձաթաղանթի չորությամբ, մեզի քանակի նվազմամբ, կարող է դիտվել գլխապտույտ, գլխացավ, թուլություն, քնկոտություն, ակնագնդերի ներանկում, կղանքում արյան և թարախի առկայություն, ջրիկություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38 աստիճան և ավելի, որովայնի սուր ցավեր, երկարատև լուծ՝ 2-3 օր և ավել, գիտակցության մթագնում կամ ինքնազգացողության կտրուկ վատացում, անզուսպ փսխում, մարմնի կոտրատվածություն, հազ, դժվարացած քթային շնչառություն, կարող է նկատվել նաև մաշկի ցան»:

🩺Նարինե Ներսեսյանը բացատրեց, որ բուժօգնության չդիմելու հետևանքը կարող է լինել անդառնալի ու շատ ծանր հատկապես երեխաների ու հղի կանանց ու ծերերի համար.

💬«Հատկապես կառավարելի հիվանդությունների տարածման ռիկը նվազեցնելու համար անհրաժեշտ է, որ մեր բնակչությունը գիտակցի պատվաստումների կարևորությունը մասին»:

x Close

Like Us On Facebook