Monday, May 6, 2024
Նորություններ

Աշխատանքային այցով առողջապահության նախարարը Վայոց ձորում էր

Օգոստոսի 10-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ կայացավ խորհրդակցություն: ՀՀ Վայոց ձորի մարզպետ  Արագած Սաղաթելյանը ողջունեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մարզ կատարած այցի կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարները: Նախարարը ծանոթությունից հետո ողջունեց բոլորին և բժշկական հաստատությունների տնօրեններին առաջարկեց  հակիրճ տեղեկություններ ներկայացնել իրենց կողմից ղեկավարվող բժշկական հաստատությունների  և հաստատություններում առկա մեծ և փոքր խնդիրների մասին:

Նախարար Ա. Թորոսյանը նշեց, որ առողջապահության ոլորտում մարզային քաղաքականությունն ուղղված է ԱԱՊԿ-ների ուժեղացմանը, ինչը ենթադրում է պետական ֆինանսավորման  ավելացում` գումարած կազմակերպության կողմից կատարողականի բարձր ցուցանիշեր: Նախարարը խոսեց նաև բժիշկերի և բուժանձնակազմի աշխատավարձերը 15%-ով բարձրացնելու մասին:

Բժշկական հաստատությունների ղեկավարները բարձրացրին մասնագետների պակասի և բժշկական սարքավորումների արդիականացման հարցեր, ինչպես նաև ձմռան պայմաններում հեռավոր գյուղերի սպասարկման համար անհրաժեշտ շտապ օգնության ավտոմեքենայի խնդիրը:

Նախարարը նշեց, որ իրականացվում են մարզային և գյուղական հաստատություններին լաբորատոր սարքավորումների տրամադրման ծրագրեր, որի շրջանակում սարքավորումներ կհատկացվի մարզի գյուղական հաստատություններին: Ա. Թորոսյանը նշեց նաև, որ առաջիկա օրերին Հայաստան կներկրվեն շտապ օգնության ամբուլատոր մեքենաներ, որոնցից հատկացում կարվի նաև Վայոց ձորի մարզին:

Նախարարը նշեց, որ բժիշկ մասնագետների պակաս կա գրեթե բոլոր մարզերում, իսկ այդ պակասը եթե հնարավոր է, պետք է լրացնել ընտանեկան բժշկի ինստիտուտի ամբողջական ներդրման շնորհիվ: Նա առաջարկեց մասնագետների բացը լրացնելու համար օգտվել նաև զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում կոնտակտային տվյալներով հայտարարություններ տարածելու մեթոդից:

Բարձրացվեց գյուղական հաստատություններում շուրջօրյա հսկողություն չպահանջող ցերեկային ստացիոնար բուժում կազմակերպելու մասին խնդիրը, ինչը հավանության արժանացավ նախարարի կողմից:

Նախարարը բուժհաստատությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այսուհետ բուժհաստատությունում չծախսված գումարը ետ չի գանձվելու, այլ օգտագործվելու է տեղում՝ ըստ անհրաժեշտության:

Նախարար Թորոսյանը հատուկ շեշտադրեց խնայողությունների արդյունքում տեղային որոշակի խնդիրների լուծումը: Նա նշեց, որ խնայողություններ կարելի է կատարել մարզային բուժհաստատությունների համար կենտրոնացված հաշվապահության կիրառման և բուժհաստատությունների կարիքների համար կատարվող գնումները կենտրոնացված եղանակով իրականացնելու արդյունքում:

Նախարար Ա. Թորոսյանը մարզպետ Ա. Սաղաթելյանի ուղեկցությամբ այցելեց մարզի բժշկական հաստատություններ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook