Sunday, April 28, 2024
Նորություններ

Առողջապահության նախարարն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

Աշխատանքային այցով օգոստոսի 15-ին Տավուշի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն այցն սկսել է Բերդի բժշկական կենտրոնից, որտեղ ծանոթացել է բուժհիմնարկում իրականացվող ծառայություններին, արձանագրած ցուցանիշերին, զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց խնդիրները, հետաքրքրվել հիվանդների առողջական վիճակով:

Այցելություններ են եղել նաև Բերդի տարածաշրջանի գյուղական բժշկական ամբուլատորիաներ և Արծվաբերդի ու Այգեձորի առողջության կենտրոններ, որտեղ ևս նախարարը ծանոթացել է բուժհիմնարկների առողջապահական խնդիրներին:

Արսեն Թորոսյանի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Տավուշի մարզպետարանն էր, որտեղ նախարարը հանդիպել է Իջևանի տարածաշրջանի բուժհիմնարկների տնօրենների հետ, ովքեր տեղեկություններ են փոխանցել ինչպես իրենց կողմից ղեկավարվող բուժհաստատությունների, այնպես էլ առկա խնդիրների մասին:

Որպես առաջնահերթորեն լուծման ենթակա հարց Իջևանի ԲԿ-ի տնօրենը նշել է, որ հիվանդանոցը շտապօգնության մեքենայի կարիք ունի, քանի որ եղածը չի բավականացնում: Նոյեմբերյանի ԲԿ-ն անհրաժեշտ կադրերի խնդիր ունի, Կողբի բժշկական ամբուլատորիան` աշխատանքային պայմանների բարելավման կարիք: Սևքարի ամբուլատորիայի տնօրենի բարձրացրած հարցը կապված էր դեղորայքի գնումների հետ: Այրումի ամբուլատորիայի տնօրենին հետաքրքրել է բուժքույրերի վերապատրաստման հարցը: Նախարար Թորոսյանը լսել է ներկայացված բոլոր հարցերը, որոշների վերաբերյալ պարզաբանումներ տվել ու ընդգծել, որ բոլոր խնդիրները կուսումնասիրվեն ու կքննարկվեն նախարարությունում և հնարավորությունների ընդլայնմանը զուգընթաց կլուծվեն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook