Friday, May 3, 2024
Նորություններ

«Աստղիկ ԲԿ»-ում առաջին անգամ իրականացվել է որովայնային աորտայի անեւրիզմայի ստենտավորում (ֆոտո)

«Աստղիկ» բժշկական կենտրոնում առաջին անգամ իրականացվել է որովայնային աորտայի անեւրիզմայիի պրոթեզավորման բարդ վիրահատություն՝ ստենտ-գրաֆտի գործածումով։ Կլինիկայի բժիշկներին օգնել են Մոսկվայից ժամանած գործընկերներ Նարեկ Զաքարյանն ու Արման Դավթյանը։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնել է «Աստղիկ» ԲԿ-ի սրտաբանական ստացիոնարի պատասխանատու Միքայել Ադամյանը։

Նրա խոսքով՝ նման պրոթեզավորումը շատ լավ այլընտրանք է բաց վիրահատությանն ու արդյունավետ լուծում այնպիսի մահացու խնդրի համար, ինչպիսին է աորտայի անեւրիզման։ Բայց նման վիրահատություններ հազվադեպ են կատարվում դրանց բարձր արժեքի պատճառով՝ միայն ստենտ-գրաֆտը՝ հատուկ ծածկույթով, որը պատրաստվում է անհատապես յուրաքանչյուր հիվանդի համար, 10 հազար դոլար արժե։

Վիրահատությունը, Միքայել Ադամյանի խոսքով, հաջող է անցել ու հիվանդը երրորդ օրն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Բժիշկը նաեւ տեղեկացրել է, որ սեպտեմբերին ծրագրվում է եւս երկու վիրահատության ներդրում «Աստղիկ» ԲԿ-ում, ինչի համար կենտրոնի բժիշկները հատուկ վերապատրաստում են անցել Մոսկվայում։ Այդ վիրահատություններն են՝ արգանդի միոմայի զարկերակների էմբոլիզացիան ու քներակների ստենտավորումը։

Միքայել Ադամյանը պարզաբանեց, որ կլինիկայի անոթային վրաբույժները հաջողությամբ անում են քներակների էնդարտէրեկտոմիա, բայց շատ հիվանդներ չեն ուզում բաց վիրահատության ենթարկվել։ Ավելին, հատուկ ցանցով ժամանակակից ստենտներն արդյունավետորեն պաշտպանում են ինսուլտից՝ ի տարբերություն անցած սերնդի ստենտների, որոնք երբեմն փակվում էին, ու ինսուլտի ռիսկը պահպանվում էր։ Հիվանդներն արդեն հիմա գրանցվում են սեպտեմբերին վիրահատվելու համար, հայտնեց Միքայել Ադամյանը։

«Աստղիկ» ԲԿ-ում արգանդի միոմայի զարկերակների էմբոլիզացիայի վիրահատությունների ներդրման համար սեպտեմբերին Մոսկվայից Երեւան է ժամանելու հայտնի մասնագետ Սերգեյ Կապրանովը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook