Monday, November 17, 2025
Նորություններ

Երիտաարդների շրջանում էլեկտրոնային սիգարետների օգտագործման աճ է նկատվում

Երիտաարդների շրջանում էլեկտրոնային սիգարետների օգտագործման աճ է նկատվում. Էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը կարող է գրեթե 3 անգամ մեծացնել ծխախոտի օգտագործումը, մասնավորապես՝ չծխող երիտասարդների շրջանում

Ծխախոտի օգտագործումը մնում է Եվրոպայում կանխարգելելի մահվան հիմնական պատճառը: Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (ԱՀԿ FCTC) վավերացումից քսան տարի անց ԱՀԿ/Եվրոպայի վերջերս հրապարակված նոր զեկույցը ցույց է տալիս, որ ԵՄ-ն կարևոր առաջընթաց է գրանցել ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության ոլորտում, սակայն ծխախոտը շարունակում է ամեն տարի խլել կես միլիոնից ավելի մարդկային կյանքեր։ Նրանցից գրեթե 80.000-ը մահանում է պասիվ ծխի ազդեցությունից։

ԵՄ 27 անդամ պետություններում տասնամյակներ շարունակ իրականացված քաղաքականության գործողություններից հետո, Եվրոպայում ծխախոտի ընդհանուր բեռը մնում է հսկայական՝ երկրների միջև մեծ տարբերություններով։

2022 թվականին ԵՄ չափահասների 26.5%-ը օգտագործել է ծխախոտ՝ գերազանցելով համաշխարհային միջին 20.9%-ը։

ԵՄ-ում կանանց գրեթե 1/4-ը ներկայումս օգտագործում է ծխախոտ՝ գերազանցելով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում կանանց տարածվածությունը (18.9%) և զգալիորեն գերազանցելով կանանց շրջանում համաշխարհային տարածվածությունը (7.4%)։

Ծխախոտը շարունակում է ավելի շատ վաղաժամ մահերի պատճառ դառնալ, քան առողջության համար որևէ այլ վարքային կամ մետաբոլիկ ռիսկի գործոն՝ կազմելով ԵՄ-ում ոչ վարակիչ հիվանդություններից առաջացած բոլոր վաղաժամ մահերի 17%-ը։

Էլեկտրոնային սիգարետների կիրառումը երիտասարդության կողմից լուրջ սպառնալիք է տասնամյակների հակածխախոտային պայքարի առաջընթացին:

Ծխախոտի վնասի ծանր բեռը մեծ մասամբ պայմանավորված է հզոր և շահույթի վրա հիմնված արդյունաբերությամբ։ Եվ այսօր ծխախոտային ընկերությունների գործողությունները, որոնք օգտագործում են շահույթը մեծացնելու համար ռազմավարությունների լայն շրջանակ, դառնում են մեծ սպառնալիք ԵՄ ապագայի համար։

Նոր ծխախոտային և նիկոտինային արտադրանքները, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետները և նիկոտինային տոպրակները, որոնք հաճախ ձևավորված են վառ գույներով և քաղցր համերով, միտումնավոր գովազդվում են, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով, երեխաներին և դեռահասներին գրավելու և նոր սերնդին կախվածության մեջ ներքաշելու համար։

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանն արդեն իսկ աշխարհում առաջատարն է էլեկտրոնային ծխախոտի օգտագործման առումով դեռահասների (13-15 տարեկան) շրջանում, և այս միտումը հետզհետե աճում է և տեսանելի է ամբողջ ԵՄ-ում: Մինչդեռ մեծահասակների ծխելու մակարդակը նվազում է, երիտասարդների շրջանում նիկոտինային արտադրանքի օգտագործումը կտրուկ աճում է։

ԵՄ-ում 15-16 տարեկան դեռահասների գրեթե 4-ից մեկը ներկայումս օգտագործում է էլեկտրոնային ծխախոտ՝ Պորտուգալիայում 6%-ից մինչև Լեհաստանում` 36%։

2019 թվականից ի վեր դեռահասների էլեկտրոնային ծխախոտի օգտագործման մակարդակը աճել է ԵՄ 25 երկրներից 22-ում, որոնք ուսումնասիրվել են, և յուրաքանչյուր անդամ պետությունում հայտնում են աղջիկների կողմից ավելի բարձր օգտագործման մասին, քան տղաների։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը կարող է գրեթե 3 անգամ մեծացնել ավանդական ծխախոտի օգտագործումը, մասնավորապես՝ չծխող երիտասարդների շրջանում, ինչը խաթարում է ծխախոտի դեմ պայքարի ջանքերը և արդեն իսկ ձեռք բերված հաջողությունները։

ԵՄ երկրները մշտապես հաղորդում են 2 հիմնական խոչընդոտի մասին՝ նոր և ի հայտ եկող ծխախոտային և նիկոտինային արտադրանքի աճը, որն օգտագործում է ծխախոտի դեմ պայքարի դիրեկտիվների օրենսդրական բացերը, և ծխախոտային արդյունաբերության կողմից շարունակական միջամտությունը։

2 տասնամյակի ընթացքում ԵՄ-ն ցույց է տվել, թե ինչպես կարող են համակարգված օրենսդրական գործողությունները փոխել հանրային առողջապահության հետագծերը։ ԵՄ դիրեկտիվների առաջիկա վերանայումները, այդ թվում՝ Ծխախոտային արտադրանքի դիրեկտիվը և Ծխախոտի հարկման դիրեկտիվը, վճռորոշ կլինեն մինչև 2040 թվականը ԵՄ «ծխախոտից զերծ սերունդ» նպատակին հասնելու համար, որը սահմանվում է որպես ծխախոտ օգտագործող բնակչության 5%-ից պակասը։

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի վերլուծության համաձայն՝ հարկման և ծխի դեմ պայքարի միջոցառումների խստացումը, տարատեսակ համերով էլեկտրոնային սիգարետների արգելքը, բոլոր նիկոտինային արտադրանքների համար միագույն փաթեթավորման ներդրումը և առցանց գովազդի բացերի վերացումը կարող են զգալիորեն արագացնել առաջընթացը:

x Close

Like Us On Facebook