Monday, November 17, 2025
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ի՞նչ է իրենից ներկայացնում անոմալ հեշտոցային արյունահոսությունը

Վերջին շրջանում կանանց և աղջիկների մոտ բավականին տարածված խնդիր են դարձել անոմալ հեշտոցային արյունահոսությունները: Խնդրի տարածվածության, պատճառների, ախտորոշման և բուժման մեթոդների մասին զրուցել ենք «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գինեկոլոգ Իդա Նավասարդյանի հետ։

Ի՞նչ է իրենից ներկայացնում անոմալ հեշտոցային արյունահոսությունը

Բոլոր տեսակի արյունահոսությունները, եթե դա դաշտան չի համարվում,  արդեն անոմալ արյունահոսություններ են, որոնք կարող են լինել արգանդից, վզիկից, հեշտոցից կամ կուսաթաղանթից։

Արյունահոսություններն առաջին հերթին տարբերակվում են ըստ տարիքային խմբի

  • 12-17 տարեկանում (յուվինիլ արյունահոսություն),
  • 17-45 տարեկանում (ռեպրոդուկտիվ շրջանի արյունահոսություն),
  • 46-55 տարեկանում,
  • 55 տարեկանից հետո հանդիպող արյունահոսություններ

Ինչու՞ է անհրաժեշտ նման տարբերակումը

Օրինակ, եթե դաշտանային ցիկլն աղջկա մոտ նոր է սկսվում, կարող է դիտվել արյունահսություն, ինչն իհարկե անոմալ է, բայց այս դեպքում շատ խորը հետազոտություն չի արվում: Դադարեցվում  է արյունահոսությունը, իրականացվում է սոնոգրաֆիկ հետազոտություն, և նշանակվում է դինամիկ հսկողություն։ Այս դեպքում, նման արյունահոսւթյունը դեռ չկայացած դաշտանային ցիկլի արդյունք է սովորաբար, քանի որ դեռ հորմոննեի ցիրկադային ռիթմը կարգավորված չէ։

Ռեպրոդուկտիվ տարիքում՝ 18-45 տարեկանում,  արյունահոսության պատճառներն արդեն այլ են։ Կարող է լինել արտարգանդային հղիությունից, կամ հենց հղիությունից, վիժման վտանգի դեպքում, հորմոնալ խանգարումներից կամ միոմայից։

Պատճառը գտնելու համար անհրաժեշտ է իրականացնել

46-55 նախադաշտանադադարի շրջանում առավել հաճախ արյունահոսության պատճառ կարող է լինել արգանդի  խոռոչի հաստացումը, նորագոյացությունը, միոման և այլն։ Հետազոտությունների ցանը կրկին նույնն է, իրականացվում է կոմպլեքս հետազոտություն պատճառը գտնելու համար։

Լինու՞մ են արյունահոսություններ Covid19 վիրուսով պայմանավորված

Հատուկ խումբ են կազմում Covid19 վիրուսով վարակված և ապաքինված հիվանդները։ Առայժմ իհարկե ստատիստիկ տվյալներ կամ հետազոտություններ չկան, բայց իմ պրակտիկայում դեպքերը բավակինին շատ են, երբ կա արյունահոսություն, բայց չկա որևէ օրգանական պաթոլոգիա, հիվանդները նշում են, որ քովիդով վարակված են եղել։ Այդ դեպքում դադարեցնում ենք արյունահոսությունն ու իրականացնում դինամիկ հսկողություն

Ո՞ր տարիքային խմբում է առավել հաճախ հանդիպում արյունահոսությունը

Առավել հաճախ ռեպրոդուկտիվ տարիքում է լինում արյունահոսություն, քանի որ այդ տարիքում նաև պատճառներն են շատ՝ հղիություն, արտարգանդային հղիություն, վիժում, պոլիպներ, նորագոյացություններ, հորմոնալ խանգարումներ։

Ո՞րն է ախտորոշման «ոսկե ստանդարտը»

Բոլոր տարիքային խմբերի համար «ոսկե ստանդարտ» է համարվում ուլտրաձայնային և լաբորատոր հետազոտությունների համադրումը։ Արդեն կախված տարիքից տարբեր հորմոններ են նշանակվում, օրինակ մինչև 17 տարեկաններին առավել հաճախ նշանակվում է վահանաձև գեղձի հորմոնների ստուգում և երբեմն էլ վիտամին Դ։

Կարևոր եմ համարում նշել անդրոստենդիոն հորմոնի մասին, որը շատ զգայուն հորմոն է պոլիկիստոզի ախտորոշման ժամանակ, և շատ ուրախալի է, որ լաբորատորիաներում արդեն արվում է այդ հետազոտությունը։

Եթե իրականացվել են բոլոր տեսակի հետազոտությունները և չի հայտնաբերվել օրգանական պաթոլոգիա կամ հորմոնալ շեղում, բուժումն իրականացնում ենք որպես իդեոպատիկ ձև, այսինքն երբ կա խնդիը, բայց պատճառը հայտնի չի։

Հնարավո՞ր է արդյոք կանխարգելել արյունահոսությունները

Կանխարգելման միակ տարբերակը՝ որևէ ախտանիշ ունենալու դեպքում անհապաղ դիմել գինեկոլոգի։ Հիմնականում արյունահոսությունները չեն առաջանում հենց էնպես, միշտ նախորդում են ախտանիշները, կլինի դա անկանոն դաշտանի, արյան գույնի կամ քանակի տեսքով, թե ցավերի առկայությամբ։ Այս բոլոր դեպքերում անհրաժեշտ է գինեկոլոգի խորհրդատվություն։ Պետք է կինը միշտ, ցանկացած տարիքում ուշադիր լինի իր օրգանիզմին։

Պետք չէ թերագնահատել պրոֆիլակտիկ բժշկության դերը, տարին մեկ անգամ անհրաժեշտ է անցնել պրոֆիլակտիկ հետազոտություններ բոլոր մասնագետների մոտ, մանավանդ, որ դա անվճար է մեր երկրում։

Ե՞րբ են առաջին անգամ դիմում գինեկոլոգին

Մեծ ուրախությամբ պիտի նշեմ, որ հիմա ավելի շատ են դիմում գինեկոլոգին։ Ավելի փոքր տարիքում մայրիկներն են բերում առաջին դաշտանից հետո, որպեսզի երեխան լինի հսկողության տակ ու խնդիրներ չլինեն, առաջին սեռական ակտից առաջ կամ հետո են գալիս և շատ գրագետ հարցադրումներով։ Մենթալիտետի փոփոխություն է տեղի ունեցել, ինչը շատ ուրախալի է, երիտասարդ սերունն արդեն շատ ինֆորմացված է և ավելի ուշադիր իր առողջությանը։

Կարևոր եմ համարում նշել նաև, որ կանանց առողջության պահպանման հարցում շատ կարևոր դեր ունեն պետպատվերի շրջանակներում իրականացվող պարտադիր հետազոտությունները՝ 15 տարեկանում իրականացվող գինեկոլոգիական հետազոտությունը և 30-60 տարեկանում պապ քսուքի սքրինինգը, որոնք թույլ են տալիս բացահայտել գանգատ չունեցող պացիենտների խնդիրները։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook