Wednesday, February 25, 2026
ՀիվանդություններՆորություններ

ինչ ազդեցություն և կիրառություն ունի բոտուլինատոքսինը բժշկության մեջ, ժամանակավոր լուծո՞ւմ, թե՞ արդյունավետ բուժում

Բոտուլինատոքսինը հաճախ ընկալվում է երկակի՝ որպես վտանգավոր թույն և միաժամանակ բարձր արդյունավետ բժշկական գործիք։ Մասնագիտական դաշտում, սակայն, այն վաղուց արդեն դիտարկվում  է որպես հստակ չափաբաժնով և վերահսկելի պայմաններում կիրառվող միջոց, որը կարող է ծառայել ինչպես բուժական, այնպես էլ էսթետիկ նպատակների։    

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում «Հերացի» հիվանդանոցային համալիրի Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Աննա Պողոսյանը ներկայացնում է, որ արդեն անվանումից պարզ է՝ խոսքը տոքսինի մասին է։ Այն ստացվում է թույնից, սակայն ժամանակակից բժշկությունը և դեղարտադրական ինդուստրիան նյութը մշակել ու ձևափոխել են այնպես, որ այսօր այն կիրառվում է անվտանգ և վերահսկելի պայմաններում։

Մասնագետի խոսքով՝ այն ազդում է նյարդամկանային հաղորդման վրա՝ արգելափակելով նյարդից մկան ազդակի փոխանցումը։ Արդյունքում մկանը ժամանակավորապես թուլանում է։ Այս ազդեցությունն էլ հիմք է հանդիսանում ինչպես բուժական, այնպես էլ էսթետիկ կիրառությունների համար։

«Բոտուլինատոքսինի կիրառությունը լայն է։ Այն օգտագործվում է ինչպես բուժական, այնպես էլ էսթետիկ նպատակներով։ Բուժական կիրառությունները ընդգրկում են ԼՕՌ մասնագիտությունը, նյարդաբանությունը, դիմածնոտային վիրաբուժությունը և ստոմատոլոգիան։ Գլխի և պարանոցի շրջանում այն կիրառվում է տարբեր խնդիրների դեպքում, ինչպես նաև քրտնարտադրության խանգարումների բուժման համար»,- նշեց մասնագետը:

Ըստ նրա՝ բոտուլինատոքսինն օգտագործվում է դեմքի ասիմետրիայի շտկման համար, մասնավորապես դիմային նյարդի կաթվածից հետո, ինչպես նաև հիպերսալիվացիայի դեպքում՝ թքարտադրությունը նվազեցնելու նպատակով։ Ծամիչ մկանների հիպերտրոֆիայի և բրուքսիզմի դեպքում ևս այն կարող է արդյունավետ լինել՝ թուլացնելով գերբեռնված մկանները և կանխելով ատամների վնասումը։

«ԼՕՌ ոլորտում բոտուլինատոքսինը կիրառվում է տարբեր սպազմների և դիստոնիաների՝ մկանների անկառավարելի կծկումների բուժման նպատակով, իսկ նյարդաբանության մեջ այն լայնորեն օգտագործվում է միգրենի բուժման մեջ՝ որպես քրոնիկ ցավային համախտանիշների վերահսկման միջոց»,- ընդգծեց բժիշկը:

Նա նշեց, որ որոշ դեպքերում բոտուլինատոքսինը կարող է դիտարկվել որպես վիրահատության այլընտրանք, սակայն դրա ազդեցությունը ժամանակավոր է՝ միջինում 3-6 ամիս։ Հետևաբար պացիենտը պետք է գիտակցված ընտրություն կատարի՝ նախընտրելով պարբերական, քիչ ինվազիվ միջամտություն կամ մեկանգամյա վիրահատական լուծում։ Մասնագետը նշեց նաև, որ նշված ժամկետներից հետո բոտուլինատոքսինը լիովին դուրս է գալիս մարդու օրգանիզմից:

«Էսթետիկ կիրառության դեպքում արդյունքը մեծապես կախված է մասնագետի հմտությունից։ Սխալ դոզավորման կամ ոչ ճիշտ կետերում ներարկման դեպքում հնարավոր է դեմքի ասիմետրիա, կոպերի կամ բերանի անկյունների կախվածություն։ Բուժական միջամտությունների դեպքում ոչ ճիշտ կիրառումը կարող է հանգեցնել մկանային անցանկալի թուլացման»,- ասաց մասնագետը:

Բժշկի խոսքով՝ տարիքային հստակ սահմանափակում չկա, սակայն ցանկալի չէ միջամտությունները սկսել շատ վաղ տարիքում։ Կախվածություն դասական իմաստով չի առաջանում, թեև հնարավոր է, որ օրգանիզմը ժամանակի ընթացքում նվազ արձագանքի նյութին, իսկ պացիենտը պարզապես ընտելանա իր նոր արտաքինին։

«Մինչ միջամտությանը դիմելը կարևոր է ընտրել համապատասխան մասնագետի։ Ճիշտ բժիշկի ընտրությունը նվազեցնում է բարդությունների ռիսկը և ապահովում կանխատեսելի արդյունք»,- ասաց Պողոսյանը:

x Close

Like Us On Facebook