Wednesday, December 10, 2025
ՀիվանդություններՆորություններ

Կարևոր զննումներ, որ տղամարդիկ պետք է պարբերաբար անցնեն առողջությունը պահպանելու համար

1. Զարկերակային ճնշման չափում

Կանոնավոր հսկողությունն օգնում է վաղաժամ հայտնաբերել գերճնշումը, ինչը սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոն է:

2. Խոլեսթերինի մակարդակի որոշում

Արյան լիպիդների (խոլեսթերինի ֆրակցիա) թեստը կարևոր է` գնահատելու խոլեսթերինի մակարդակը և սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

3. Արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշում քաղցած վիճակում

Շաքարային դիաբետի սքրինինգ, որն իրականացվում է 35-68 տարեկանների շրջանում․ կարևոր է, հատկապես, եթե ունեք ռիսկի գործոններ, ինչպիսիք են` գիրություն, ցածր ֆիզիկական ակտիվություն, սրտանոթային հիվանդությունների պատմություն, առաջին կարգի հարազատ, որն ունի շաքարային դիաբետ:

4. Շագանակագեղձի քննություն

Քննարկե՛ք ընտանեկան բժշկի հետ շագանակագեղձի քաղցկեղի սքրինինգի անհրաժեշտությունը, հատկապես, եթե 50 տարեկանից բարձր եք և ունեք ռիսկի գործոններ:

5. Հաստ աղիքի քաղցկեղի սքրինինգ

50 տարեկանից սկսած տղամարդիկ պետք է դիտարկեն սքրինինգային մեթոդները, ինչպիսին է կղանքում թաքնված արյան թեստը, դրական պատասխանի դեպքում՝ կոլոնոսկոպիան, կոլոռեկտալ քաղցկեղը հայտնաբերելու համար:

6. Մարմնի զանգվածի ցուցանիշի (ՄԶՑ) գնահատում

Որոշելով ՄԶՑ-ը` բժիշկը կգնահատի ձեր ընդհանուր առողջությունը և գիրության հետ կապված ռիսկերը:

7. ՄԻԱՎ-ի և սեռավարակների նկատմամբ թեստավորում

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վաղ հայտնաբերման համար կան թեստեր, որոնք հատկապես կարևոր են սեռական անկանոն կյանքով ապրող մարդկանց համար:

8. Լյարդի և երիկամների ֆունկցիայի թեստեր

Կանոնավոր թեստերը կարող են օգնել վերահսկելու այդ օրգանների առողջությունը ռիսկային խմբերի համար:

9. Հոգեկան առողջություն

Կարևորե՛ք նաև դեպրեսիայի, անհանգստության և հոգեկան առողջության այլ խնդիրների հասցեագրումը, հատկապես, եթե ախտանիշներ եք զգում:

10. Տեսողության և լսողության թեստեր

Տեսողության և լսողության կանոնավոր զննումները կարող են օգնել վաղաժամ բացահայտելու խնդիրները:

⚠️❗️✅ Եզրակացություն

Տղամարդկանց համար շատ կարևոր է խորհրդակցել ընտանեկան բժշկի հետ և պարզել անհատական սքրինինգների անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով տարիքը, ընտանեկան պատմությունն ու ապրելակերպը:

Կանոնավոր զննումները հիվանդության վաղ հայտնաբերման և ավելի առողջ լինելու կարևոր պայմանն են:

🆓❗Անվճար և հասանելի հետազոտություններ

Նշված հետազոտություններից զարկերակային ճնշման չափումը, արյան մեջ խոլեսթերինի և գլյուկոզի մակարդակի որոշումը քաղցած վիճակում, մարմնի զանգվածի ցուցանիշի գնահատումը, լյարդի և երիկամների ֆունկցիայի թեստերը, ՄԻԱՎ-ի և սեռավարակների նկատմամբ թեստավորումը, դեպրեսիայի, անհանգստության և հոգեկան առողջության հետազոտությունները, տեսողության և լսողության թեստերը կարող եք պարբերաբար անցնել տեղամասային պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում, որտեղ կցագրված եք:

Ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյան

x Close

Like Us On Facebook