Կրծքով կերակրումը կարևոր ընթացք է, որն ուղեկցվում է սիրով, կապվածությամբ և անհավանական օգտակարությամբ ինչպես մոր, այնպես էլ` երեխայի համար
Կրծքով կերակրումը կարևոր ընթացք է, որն ուղեկցվում է սիրով, կապվածությամբ և անհավանական օգտակարությամբ ինչպես մոր, այնպես էլ` երեխայի համար:
Մայրական կաթը ոչ միայն սննդարար է, այլև նպաստում է երեխայի իմունային համակարգի ձևավորմանը և նյարդային համակարգի զարգացմանը:
Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք`
մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակը, նրա առողջ աճի և զարգացման գրավականը մայրական կաթն է,
կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական ցուցումներով պայմանավորված շատ փոքրաթիվ դեպքերի,
երեխային բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսականը,
երեխան կրծքով պետք է կերակրվի` ըստ պահանջի, առանց ռեժիմի,
կերակրումները շարունակել մինչև 2 տարեկան և ավելի,
6 ամսականից ներմուծել տարիքին համապատասխան հավելյալ սնունդ:
Կրծքով կերակրումը օգտակար է նաև կանանց առողջության համար`
նվազում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի,
սակավարյունության,
հետծննդաբերական դեպրեսիայի և այլ խնդիրների հավանականությունը:
Շատ մայրեր անհանգստանում են, որ կեսարյան հատումից հետո կաթ չեն ունենա կամ կրծքով չեն կարողանա կերակրել, բայց այդպես չէ: Թեև հետվիրահատական շրջանը կարող է ավելի երկար տևել, սակայն այն կրծքով կերակրելու համար խոչընդոտ չէ:
Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ. ձևավորում է սեր և ջերմություն մոր և մանկան միջև, մայրը հոգեպես առավել բավարարված է, երեխան ավելի քիչ է լաց լինում և իրեն ավելի պաշտպանված զգում:

