Tuesday, January 20, 2026
Մանկան ԱնկյունՆորություններ

Կրծքով կերակրումը և անհաս նորածինների զարգացման առանձնահատկությունները

Նորածինների, այդ թվում` անհաս նորածինների ուղեղը կյանքի առաջին ամիսներին ակտիվ զարգացման փուլում է։ Ուստի, կրծքով կերակրումը կարևոր է, հատկապես, մտավոր զարգացման և երկարաժամկետ ճանաչողական կարողությունների ձևավորման համար։

Մայրական կաթը բնության կողմից հարմարեցվում է անհաս նորածինների կարիքներին համապատասխան և պարունակում է կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք նպաստում են ուղեղի զարգացմանը։

Մայրական կաթը հարուստ է ճարպաթթուներով, որոնք անհրաժեշտ են՝

🔹 ուղեղի բջիջների կառուցման,

🔹 նեյրոնների միջև կապերի ձևավորման,

🔹 նյարդային ազդակների փոխանցման բարելավման համար։

Այս ամենը նպաստում են ուղեղի բնական աճին և նեյրոնային համակարգի ճիշտ կազմակերպմանը։

Հետազոտությունները վկայում են, որ կրծքի կաթով կերակրվող անհաս երեխաները խոսքի և մտածողության ավելի արագ զարգացում են ունենում, ավելի լավ հիշողություն և ուշադրություն, նաև ուսման բարձր կարողություններ են ցուցաբերում` մայրական կաթով չսնվածների համեմատությամբ:

Կրծքի կաթի կենսաբանական բաղադրիչները, մասնավորապես DHA-ն, տաուրինը և վիտամին A-ն, էական նշանակություն ունեն անհաս նորածինների ցանցաթաղանթի հասունացման և տեսողության զարգացման համար` բարելավելով սրությունը, նվազեցնելով տեսողության զարգացման խանգարումների ռիսկը։

Մայրական կաթը նաև պաշտպանում է անհաս նորածինների նյարդային համակարգը: Հակաբորբոքային և պաշտպանիչ բաղադրիչները նվազեցնում են հիպօքսիկ վնասման ռիսկը, նյարդաբանական բարդությունների առաջացումը։

Կրծքով կերակրումը, հատկապես մաշկ-մաշկ շփման (կենգուրու խնամք) հետ համատեղ, նպաստում է՝

🔹 սթրեսի հորմոնների նվազմանը,

🔹 սրտի և շնչառության կայունացմանը,

🔹 երեխայի հուզական և նյարդային հավասարակշռությանը։

Թեև կրծքի կաթը բազում օգուտներ ունի անհաս նորածնի համար, ցավոք միշտ չէ, որ կրծքի կաթով սնուցումը հնարավոր է` թե բժշկական, թե ֆիզիոլոգիական առումով։

x Close

Like Us On Facebook