Wednesday, February 11, 2026
Նորություններ

Հայաստանում կյանքի միջին տևողությունը հասել է ամենաբարձր՝ 78.6 տարի ցուցանիշի. Ավանեսյան

Հայաստանում կյանքի միջին տևողությունը հասել է 78.6 տարի ցուցանիշի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Կյանքի միջին տևողությունը՝ 2024 թվականի արդյունքներով դարձել է 78.6 տարեկան, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Այս ցուցանիշը միշտ տարվա կեսին է ամփոփվում, 2025 թվականի ցուցանիշը դեռ չունենք»,-ասաց Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը հավելեց՝ համակարգային բարեփոխումների և արդյունավետ աշխատանքի արդյունքում նվազել է նաև մայրական մահացության ցուցանիշը:

«2025 թվականին այս մասով մենք ունեցել ենք 1 կորուստ, և սա էլ չլսված ցուցանիշ է: Մանկական մահացության առումով չենք կարողացել ապահովել 2025 թվականի համար դրված թիրախը՝ այդ դեպքերն ամեն տարի նվազեցնելու առումով։ Մի շարք հանգամանքներ խաթարել են մեր դրական տենդենցը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների, թունավորումների, տնային մահերի առումով ունենք դեպքերի ավելացում, որոնք հանգեցրել են նման պատկերի»,- նշեց նախարարը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ մանկական մահացությունների դեպքերը նվազեցնելու առումով անհրաժեշտ է կրթական աշխատանքներ իրականացնել ծնողների հետ:  

x Close

Like Us On Facebook