Thursday, May 2, 2024
Նորություններ

Հայաստանում հունվարի 3-ի դրությամբ հիվանդանոցային բաժանմունքներում կա թոքաբորբով հոսպիտալացված 209 բուժառու

Հայաստանում այս պահին դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն: Եվրոպական տարածաշրջանի 33 երկրում նկատվում է գրիպի տարածվածության բարձր ակտիվություն:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառվում է գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը, սակայն ՌԴ-ում և Հայաստանում առավել շատ շրջանառվում է գրիպ A տեսակի H1N1 ենթատեսակը, որը ծանր ընթացք ունի: «Եթե ժամանակին չդիմել բժշկական օգնության և սպասարկման, վիրուսը կարող է մահվան հանգեցնել: Գրիպ A տեսակն ավելի շատ խոցում է երեխաներին»,-նշեց Աբովյանն ու տեղեկացրեց՝ ըստ վիճակագրական տվյալների՝ հունվարի 3-ի դրությամբ հիվանդանոցային բաժանմունքներում կա թոքաբորբով հոսպիտալացված 209 բուժառու: Նրանցից 127-ը՝ շուրջ 60 տոկոսը, 0-18 տարեկան է:

Աբովյանն ընդգծեց՝ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքում կա 55 պացիենտ: Նրանցից 47-ը 0-18 տարեկան երեխաներն են: Հիվանդանոցների բաժանմունքներում կա հոսպիտալացված 584 բուժառու: Նրանց 96 տոկոսը 0-ից 18 տարեկան պացիենտներն են:

Նա կրկին հորդորեց սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններ ունենալու դեպքում անմիջապես դիմել  բժշկական օգնության և սպասարկման, քանի որ կան դեպքեր, երբ բավականին ծանր կլինիկական ախտանշաններով ու ընթացքով են դիմում բժշկական օգնության ու սպասարկման, ինչի պատճառով պացիենտին փրկել չի ստացվում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook