Thursday, October 9, 2025
Նորություններ

Մանկական ուռուցքաբանության 15-րդ համաժողովի անցկացումը Հայաստանում երկար ու մեծ աշխատանքի արդյունք է. Անահիտ Ավանեսյան

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական  15-րդ համաժողովի  (SIOP Asia 2023 XV Congress) անցկացումը Հայաստանում երկար ու մեծ աշխատանքի արդյունք է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համաժողովի պաշտոնական բացմանը ժամանակ, ընդգծելով, որ սա հիանալի հնարավորություն է հայասատանյան  մասնագետների համար ցույց տալու այն ձեռքբերումները, որոնք  վերջին տարիներին  նրանք ունեցել են:

«Այսօրվա միջոցառումը մեզ համար պատմական է, որովհետև առաջին անգամ Հայաստանում նման մասշտաբի մասնագիտական միջոցառում է անցկացվում և  սա շատ լավ առիթ է՝ նախ ծանոթանալու այս պահին աշխարհում անընդհատ զարգացող բուժման նոր մեթոդների, հնարավորությունների և գիտական կարևոր աշխատանքների հետ: Այս համաժողովի իրականացումը մեծ աշխատանքի արդյունք է, քանի որ  մեր մասնագետները մշտապես գործուղվում են նման մասնագիտական  կոնգրեսների, ներկայացնում են Հայաստանում իրականացվող փոփոխությունները, զարգացումները, մասնակցում են գիտական տարբեր ժողովների և տպագրվում են բարձր վարկանիշ ունեցող տարբեր ամսագրերում: Մենք չենք բավարարվելու այս ձեռքբերումով և աշխատելու ենք, որ հաջորդիվ էլ թե՛  մեծահասակների, թե՛ մանկական քաղցկեղի վերաբերյալ գլոբալ համաժողովներ Հայաստանում շատ լինեն»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ անելիքներ դեռ շատ կան, բայց այն ցուցանիշները, որ այսօր Հայաստանը գրանցել է,  բավական տպավորիչ են: Ըստ նրա՝  մանկական քաղցկեղի առումով գրանցված 75 տոկոս բուժման ցուցանիշը որպես զարգացող երկիր, իսկապես մեծ ձեռքբերում է:

  Անդրադառնալով ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին, Ավանեսյանը նշեց ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը, որը բավական բարդ և թիմային աշխատանք  պահանջող միջոցառում է:

«Նախորդ տարի մեր մասնագետները, բարձրակարգ կլինիկաներից այստեղ ժամանած բժիշկների օգնությամբ, որոնք իրենց փորձը և գիտելիքները փոխանցեցին մեր բժիշկներին, իրականացրին մի քանի նման փոխպատվաստումներ և մեր թիմը այժմ պատրաստ է շարունակելու այս գործընթացը: Նշեմ, որ  տարբեր  երկրներից  նույնպես երեխաներ են ժամանել  այդ փոխպատվաստումը և բուժումը Հայաստանում իրականացնելու նպատակով»,-ասաց Ավանեսյանը:

Իտալացի  մանկական ուռուցքաբան, արյունաբան, ոսկրածուծի փոխպատվաստման մասնագետ Լոուրենս Բ. Ֆոլկները, խոսելով Հայաստանի գրանցած արդյունքներից, նշեց, որ փոխպատվաստում է իրականացվել  5 երեխայի մոտ,  որոնցից 4-ը հաջողությամբ բուժվել են:

«Սա նշանակում է, որ մենք 80 տոկոս դեպքերում արդեն  ունենք  հաջողություն, իսկ Հայաստանում փոխպատվաստումներ իրականացնող թիմը հաջողությամբ իրականացնում է այդ բուժման գործընթացը և կարող է ընդլայնել այս ծառայությունը՝ ընդգրկելով ավելի շատ հիվանդների:  Համաժողովի ընթացքում  պատրաստվում եմ խոսել ոսկրածուծի փոխպատվաստման մասին՝ սահմանափակ ռեսուրսներ ունեցող զարգացող երկրներում, քանի որ այն  թանկարժեք ծառայություն է և շատ երկրներում, ցավոք, անհասանելի է»,- ասաց մասնագետը:

Լոուրենս  Ֆոլկներն ընդգծեց, որ Հայաստանում նման մեծ կոնֆերանսի անցկացումը մեծ ձեռքբերում է, քանի որ կան բազմաթիվ հիվանդություններ՝  չարորակ և բարորակ, որոնց տեսակները բազմաթիվ են և շատ կարևոր է, որ աշխարհի  տարբեր երկրներից մասնագետները  հավաքվեն և միասին քննարկեն այս հիվանդությունները, ախտորոշումը և բուժումը:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը  նշեց, որ ունենալով նման հզոր արյունաբանության կենտրոն, որտեղ այդպիսի զարգացած մեթոդաբանություն և տեխնոլոգիաներ է կիրառվում՝ մեծ ձեռքբերում է:

«Ես ուրախ եմ և առանձնահատուկ հպարտ եմ, որ մեր երկիրը կարողացավ նման բարձր ցուցանիշ գրանցել և դա աննկատ չմնաց: Այսօր այստեղ են հավաքվել աշխարհի 60 երկրներից մի շարք հայտնի մասնագետներ, որոնք պետք է ամփոփեն իրենց ձեռքբերումները, և  պատկերացում կազմեն, թե ինչպե՞ս Հայաստանը, լինելով զարգացող երկիր,  կարողացավ այսպիսի հաջողությունների հասնել»,-ասաց Մուրադյանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook