Մանկական վնասվածքների հիմնական պատճառները
Հայաստանում արձանագրված մանկական վնասվածքների վերլուծությունը ցույց է տալիս, որ դեպքերի մեծ մասը` շուրջ 77%, տեղի են ունեցել կենցաղային պայմաններում։
Մանկական վնասվածքների հիմնական պատճառներն են՝ վայր ընկնելը և շարժական միջոցների (հեծանիվ, սքեյթբորդ, ինքնագլոր, հովերբորդ, ռոլիկներ, սկուտեր և այլն) օգտագործումից առաջացած վնասվածքները։
ԱՀԿ տվյալներով՝ վնասվածքները, այդ թվում` ճանապարհատրանսպորտային պատահարներից, երեխաների հաշմանդամության և մահվան առաջատար պատճառներից են աշխարհում։
Ինչպես կանխել ու պաշտպանել երեխաներին` ստեղծել ապահով միջավայր երեխաների համար, վտանգավոր վայրերում տեղադրել անվտանգության ճաղեր, և չթողնել երեխաներին առանց հսկողության,
ապահովել տանը երեխայի անվտանգությունը էլեկտրականությունից, սուր, կտրող-ծակող առարկաները, թունաքիմիկատները, դեղերը, մաքրող միջոցները հեռու պահել երեխաներից,
երեխային ուսուցանել՝ շարժական միջոցներ օգտագործելիս ինչպես խուսափել վնասվածքներից, մասնավորապես` կրել պաշտպանիչ հանդերձանք` սաղավարտ, ծնկակալներ, արմնկակալներ,
հեծանիվի առջևի մասում ապահովել լապտերի, նաև առջևի, հետևի մասերում և անիվների վրա՝ անդրադարձիչների առկայություն,
ակտիվ խաղերի համար ընտրել անվտանգ տարածքներ՝ հեռու մեքենաների երթևեկությունից,
նախադպրոցական տարիքից սովորեցնել ճանապարհատրանսպորտային անվտանգության կանոնները (ճիշտ անցնել փողոցը և այլն),
բացառել ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելը, տրանսպորտային միջոց վարելիս չպատասխանել հեռախոսազանգերի և չգրել հաղորդագրություններ,
մեքենայի մեջ երեխաներին նստեցնել տարիքին համապատասխան մանկական նստատեղերում, 7 տարեկանից բարձր տարիքում ամրագոտիներ կապել` անգամ ամենակարճ տարածության դեպքում,
երեխաներին ճանապարհներին նկատելի դարձնելու համար հագցնել սպիտակ, վառ գույնի կամ անդրադարձնող տարրեր պարունակող կտորից հագուստ (օրինակ` հագուստին ամրացված անդրադարձնող զոլեր կամ ուսապարկ):
Սիրելի՛ ծնողներ, ստեղծե՛ք ապահով միջավայր ձեր երեխաների համար՝ պաշտպանելով նրանց անվտանգությունը և կանխելով անցանկալի դեպքերը: